Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կատարած ագրեսիվ հարաձակողական գործողությունները, ըստ ամենայնի, Բաքվի ռեժիմը օգտագործելով իր ձեռքում կենտրոնացած քարոզչամեքենայի բոլոր լծակները արեց ամեն ինչ հասարակության ներսում ռազմական գործողությունների շուրջ միանշանակ կարծիք ձևավորելու համար: Այնուամենայնիվ, օրեր անց հասկանալի է դառնում, որ ադրբեջանական իշխանություններին դա այս անգամ չի հաջողվել:
Վերոնշյալի վառ ապացույցը Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան կուսակցության» (Yeni Azərbaycan Partiyası) կողմից սոցիալական ցանցերում #xainitanı կամ «ճանաչիր դավաճանին» հեշթեգով սկսված մեդիաարշավն է՝ ուղղված բոլոր այն հասարակական գործիչների, բլոգերների, ընդդիմադիրների դեմ, ովքեր կասկածի տակ են դրել Հայաստանի դեմ ադրբեջանական բանակի վերջին հարձակումների նպատակահարմարությունը:
Նման քաղաքական արշավի «զոհերից» է, օրինակ, հայտնի ադրբեջանցի պատմաբան և Բաքվի հետազոտական ինսիտուտի հիմնադիր Ալթայ Գոյուշովը, ով վերջին շրջանում դավաճանի պիտակը վաստակել էր իր արած այն հայտարարության համար, որտեղ նա հստակ նշել էր. «Անձամբ ինձ Զանգեզուրը և Երևանը պետք չեն, և ես դատապարտում եմ Հայաստանի դեմ ագրեսիան»:
Ընդգծենք, որ այս գիտնականը ադրբեջանական բանակի ագրեսիայի առաջին օրը հրապարակել էր «Ադրբեջանական ազգայնականության համառոտ նկարագրությունը նրա սկզբից մինչև մեր օրերը» հոդվածը, որը կարելի է բնութագրել որպես Գոյուշովի կողմից նախագահ Իլհամ Ալիևի միահեծան, ռազմատենչ ու ազգայնական քաղաքականության քննադատության տիպիկ օրինակ:
Ադրբեջանցի պատմաբանը իր հոդվածում գրում է, որ իրականում Ալիևի գործունեությունը միտված է երկրում սեփական ընտանիքի իշխանությունը լեգիտիմացնելուն և ամրապնդելուն, որի համար նա անգամ չի խորշում կիրառել ադրբեջանցիների մեջ բորբոքած ազգայնական անհանդուրժողական մթնոլորտը, որը առավել քան խորացել է Արցախի դեմ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո:
«Կասկածից վեր է, որ Իլհամ Ալիևն այժմ վարում է մի քաղաքականություն, որն ուղղված է տոհմական իշխանության հետագա ամրապնդմանը և ապագայում իր ժառանգին իշխանության անցումը սահուն կերպով ապահովելուն: 2017 թվականին իր կնոջը առաջին փոխնախագահ նշանակելով՝ Ալիևը հստակ ցույց տվեց, որ իշխանությունն իր ընտանիքի ձեռքում պահելը իր համար առաջնահերթություն է։ Մինչ այժմ Ալիևը այս քաղաքականությունը վարում էր մի մթնոլորտում, որտեղ լայն հասարակությունը դժգոհում էր այդ ամենից, բայց չէր կարող բացահայտ դիմակայել դրան՝ վախենալով բռնաճնշումներից: Ղարաբաղյան պատերազմում հաջողությունը Ալիևին բերեց հսկայական ժողովրդականություն, որը նա նախկինում երբեք չէր վայելել: Այդ հաղթանակը նրան հնարավորություն է տվել օգտագործել ազգայնականությունը, որպեսզի իրականության դարձնի ազգայնական միապետությունն էլ ավելի նախանձախնդիր և վստահորեն ամրացնելու իր նպատակը: […]»,-գրում է Գոյուշովը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից համակարգված կերպով ներժողովրդական ազգայնական տրամադրությունները օգտագործելու փաստին` գիտնականը գրում է. «Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի չմարի պատերազմի արդյունքում առաջացած ազգայնական եռանդը։ Ժամանակ առ ժամանակ նա անձամբ է բորբոքում այն իր իրրեդենտիստական (պատմական փաստերի վրա հիմնված մեկ այլ պետության կամ պետությունների կազմում գտնվող տարածքի անեքսիան արդարացնող տեսակետ) պնդումներով։ Նա նաև անուղղակիորեն, բայց և համակարգված ձևով բորբոքում է այդ հուրը՝ գործի դնելով պատերազմի քարոզչության մեքենան, որը իր մեջ ներառում է պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, կրթական հաստատությունները, երկրի ներսում և երկրից դուրս գործող պետության կողմից ստեղծված հասարակական կազմակերպությունները, արտասահմանում գործող կառավարամետ սփյուռքի կառույցները և սոցանցերում գործող հսկայական բանակը: Նրա վատ քողարկված անիրեդենտիստական պնդումները դարձել են անփոխարինելի և արդյունավետ գործիք միապետական կարգը պահպանելուն ուղղված ազգայնական տրամադրություններ բորբոքելու համար: Հնչեղ հաղթանակից հետո ուրախ և ավելի ինքնավստահ հասարակությունը ոգևորությամբ պաշտպանեց այս անիրեդենտիստական տեսլականը/պատրանքը՝ հիմնված համաադրբեջանական/պանթուրքիստական տրամադրությունների վրա: «Vox populi»-ն («ժողովրդի ձայնը») նույնիսկ սկսել է բացահայտորեն արդարացնել արևմտյան ինստիտուտներին և քաղաքական գործիչներին կաշառելու վերոհիշյալ գործելաոճը՝ ադրբեջանական հարցի համար ավելի շատ ընկերներ գնելու և նրա թշնամիներին լռեցնելու համար»:
Գոյուշովի շարադրած մտքերը իսկապես կասկածի որևէ տեղիք չեն տալիս, և ավելին, Հայաստանի Հանրապետության դեմ 2021 թվականից պարբերաբար կատարվող ագրեսիվ ռազմական գործողությունները բխում են հենց գիտնականի առաջ քաշած տրամաբանությունից, այն է՝ մշտապես դիմել ռազմական գործողությունների «Հայաստանի ագրեսիվ սադրանքները» իբր դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա շարունակաբար ադրբեջանական հասարակության ներսում վառ պահել հակահայկական ազգայնական տրամադրությունները, որոնք էլ իրենց հերթին կկիրառվեն ներքաղական նպատակներով:
Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենայի հաջորդ զոհը դարձավ ադրբեջանցի իրավաբան, լեզվաբան, գիտնական, քաղաքական գործիչ, Ադրբեջանական Հանրապետության Միլլի Մեջլիսի երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, ով նշել էր, որ «մենք մտել ենք Հայաստանի հողը, ադրբեջանական բանակը Հայաստանի հետ սահմանին իր վերահսկողության տակ է վերցրել որոշ տարածքներ»:
Հայաստանի հետ սահմանների շրջանում հարձակողական ռազմական գործողությունները անընդունելի էր համարել նաև Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության նախկին փոխնախագահ, «Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր դաշինքի համահիմնադիր Տոֆիկ Յաքուբլուն, ով նույնպես միանգամից արժանացել էր «ճանաչիր դավաճանին» պիտակին:
Նույնը տեղի էր ունեցել նաև լրագրողների հետ: Օրինակ, լրագրող, հաղորդավար, youtube-յան OSMANQIZI TV ալիքը վարող և Ալիևի ռեժիմի ամենաակտիվ քննադատ Սևինջ Օսմանքիզին դավաճանի պիտակին արժանացել էր հարցադրումներով հնչեցրած իր հետևյալ մտքի համար. «Ինչո՞ւ ենք մենք առաջ գնում, երբ անջատողականները դեռ մնում են: Մենք պե՞տք է առաջ շարժվենք Հայաստանի տարածքում, ինչպես դա պնդում են հայերը: Ի՞նչ ենք մենք շահում: Սա ի՞նչ տրամաբանություն է: Մենք չենք հարգում մեր հարևանի տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանցի լրագրողներից նույն «դավաճանի» պիտակը կրող անձանց ցուցակի մեջ էր հայտնվել նաև Աֆղան Մուխթարլին, ով վաղուց էր հայտնի Բաքվի ռեժիմին ուղղված իր ծայրահեղ քննադատություններով և իր դեմ հարուցված դատական բազմապիսի գործընթացներով:
«Ադրբեջանական կողմը հայտարարում է այլ երկրի տարածքը օկուպացնելու իր մտադրության մասին»,-ասել էր Մուխթարլին հարցազրույցներից մեկի ժամանակ:
Այն, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին կատարած իր ագրեսիվ գործողություններով անցել էր միջազգայնորեն ճանաչված սահմանները, դժկամությամբ էր ընդունվել նաև ադրբեջանցի հայտնի բլոգերների կողմից, որոնց անունները կրկին առանց վարանելու ներդրվել էին դավաճանների ցուցակի մեջ:
Այսպես, օրինակ բլոգեր, հաղորդավար Թուրալ Սդիքլին «դավաճանների» ցուցակի մեջ էր ներառվել, քանի որ նա եթերներից մեկում Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակած զոհերի պաշտոնական թվերից գրեթե կրկնակի ավել թիվ նշելով քննադատության էր ենթարկել ադրբեջանական բանակի գործողությունները:
«Ադրբեջանական բանակը հարձակվել է Հայաստանի սահմանների վրա, և մենք շըհիդներ (նահատակներ) ունենք: Այն հատել է Հայաստանի համընդհանուր ճանաչված սահմանները և ներքաշվել նոր պատերազմի մեջ: Մենք տվել ենք ավելի քան 150 շըհիդ: Ի՞նչ ենք մենք ստանում: Հարց եմ տալի՛ս, ի՞նչ ենք մենք շահում: Զանգեզուրը Հայաստանի տարածքն է, այն այդպիսին ճանաչվել է օրենքով: Մենք չենք կարող զբաղեցնել Զանգեզուրը, դա ուղղակի անհնար է»,-ասել էր Սդիքլին:
Նույնը կատարվեց մեկ այլ հայտնի բլոգեր Օրհան Աղաևի հետ, ով գրեթե նույն ենթատեքստով ելույթ ունենալով եթերներից մեկում նշել էր. «Մենք մեր հողի վրա չենք, մենք արդեն անցել ենք Հայաստանի սահմանը, այսինքն` ադրբեջանական բանակը մտել է աշխարհի կողմից ճանաչված հայկական հողերը»:
Հայտնի բլոգեր Սուլեյման Սուլեյմնալին էլ «դավաճան» էր դարձել իր youtube-յան ալիքով վարած հաղորդման եթերում հնչեցրած հետևյալ մտքի համար. «Նրանք միայն մի մի բառ գիտեն. հայկական սադրանք, հայկական սադրանք, հայկական սադրանք: Մերոնք վերցրել են «Կալաշնիկով» ինքնաձիգերը, մտել են հայերին պատկանող տարածք և շրջաններ, այնտեղ սպանել հայերին և հետո հայտարարել, որ նրանք սադրիչներ են: Իսկ ի՞նչ ես այնտեղ անում, ինչո՞ւ ես սպանում: Մինչև հիմա ասում ես, որ «մենք մաքրում ենք ձեր ականները», մինչև հիմա ասում ես, որ ճանապարհ եք կառուցում»:
Ադրբեջանական հասարակության ներսում վերոնշյալ քննադատական մտքերը բարձրացողների շարքը մեծ հավանականությամբ շատ ավելի մեծ է:
Հասկանալի է, որ երկար տարիներ ադրբեջանական հասարակության հակահայկական քարոզչությամբ սնելը հիմնված էր եղել «Արցախը որպես ադրբեջանական տարածք» ներկայացնելու և այն հայերի կողմից «օկուպացնելու» վրա: Սակայն այս թեզերը 44-օրյա պատերազմից հետո, այն որպես «հայրենական և ազատագրական» ներկայացնելով, հասարակության ներսում ձևավորել էր կարծիք, որ Ադրբեջանը այդպիսով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և վերջ տվել այսպես կոչված` «հայկական օկուպացիային»:
Եվ ահա սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածք ներխուժելուց և արդեն միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատություններից հետ հասարակության մեջ սկսեց անհասկանալի թվալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը կրկին դիմում ռազմական գործողությունների, այս անգամ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման համար: Մի բան, որի դեմ իրենք էին նախկինում պայքարում և ջանում, որպեսզի աշխարհը իրենց տեսակետը հասկանար:
Բորիս Ղազարյան
