6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները պատրաստվում են Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել
Աշխարհ

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները պատրաստվում են Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել

Դոնբասի ինքնահռչակ Դնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Հասարակական պալատները (օրենսդիր մարմինների ստորին պալատներ) խնդրագրով դիմել են իրենց ղեկավարներ Դենիս Պուշիլինին և Լեոնիդ Պասեչնիկին Ռուսաստանի հետ միավորվելու մասին հանրաքվե անցկացնելու համար:

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Հասարակական պալատը դիմել է ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկին՝ հանրապետության տարածքում անհապաղ հանրաքվե անցկացնելու՝ ԼԺՀ-ն որպես Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ սուբյեկտ ճանաչելու վերաբերյալ», ասվում է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության Հասարակական պալատի տարածած հայտարարության մեջ:

Իսկ ահա Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության Հասարակական պալատի հայտարարության մեջ կոչը ուղղված էր եղել ինչպես հանրապետության նախագահ Պուշիլինին այնպես էլ Ժողովրդական խորհրդին, որտեղ ասվում էր. «Ժամանակն է ջնջել մեր պետությունների միջև գոյություն չունեցող սահմանը, ինչպես այն վաղուց ջնջվել է մեր սրտերում, և հանրաքվե անցկացնել ԴԺՀ-ն Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով։ Վերոնշյալ բոլորի հետ կապված՝ խնդրում եմ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին և ԴԺՀ Ժողովրդական խորհրդին համապատասխան պատմական որոշում կայացնել հանրաքվեի անհապաղ անցկացման վերաբերյալ»: 

Այս դիմումներին միանգամից արձագանքել էր Պուշիլինը և ԼԺՀ ղեկավար Պասեչնիկին առաջարկել Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեները անցկացնել համատեղ: Սա հստակ երևում է Պուշիլինի թելգրամյան ալիքում հրապարակված տեսագրությունից, որտեղ նա հեռախոսազրույցի ընթացքում նման առաջարկով դիմում է Պասեչնիկին:

Տեսագրությունում ԴԺՀ ղեկավարը Պասեչնիկին առաջարկում է «համատեղել որոշ գործողություններ»՝ միավորելով իրենց ինքնահռչակ հանրապետությունների ջանքերը «որպեսզի մշակվեն այն քայլերը, գործողությունների ալգորիթմերը, որը թույլ կտան սկսել հանրաքվեին պատրաստվելու հարցը»:

Դոնբասից նման տեղեկությունների ֆոնին Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Խերսոնի շրջանի օկուպացիոն վարչակազմը նույնպես հայտարարել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ «միավորվելու» վերաբերյալ։ Նման հայտարարությամբ մասնավորապես հանդես է եկել Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը: Նրա խոսքով, օկուպացված տարածքների բնակիչները, ովքեր «վախենում են, որ Ռուսաստանը կհեռանա», և ովքեր «ցանկանում են վստահ լինել, որ իրենց չեն թողնի», խնդրում են հանրաքվե անցկացնել։

Արձագանքները չուշացան նաև Ռուսաստանի Դաշնությունից: Պետական դումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, ԼԺՀ Ժողովրդական խորհրդի հետ միջխորհրդարանական կապերի համակարգող, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Դումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին ռուսական ТАСС լրատվականին տված հարցազրույցում ասել էր, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) որպես Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ սուբյեկտ ճանաչելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի մոտ ապագայում՝ աշնանը։

«Կարծում եմ, որ դա [հանրաքվեն] կլինի մոտ ապագայում։ Մարդիկ հոգնել են սպասելուց: Դա պետք է լինի ավելի արագ, դա ժողովրդի կամքն է։ Մենք չպետք է մարդկանց հետ մղենք մեզնից: Նրանք հոգնել են չհասկանալով իրավիճակը, թե ինչու է տարածքն ազատագրվել ուկրոֆաշիստներից, սակայն այն ինչ պահանջում են մարդիկ, չի կարող իրագործվել։ Հանրապետության ղեկավարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում արձագանքել դիմումին: Դա կլինի աշնանը, ոչ ուշ»,-ասել էր ռուս պատգամավորը:

Վոդոլացկու խոսքով, ինքնահռչակ հանրապետության ընտրական համակարգը հանրաքվեին պատրաստ է 100 տոկոսով:

«Օգոստոսի վերջին 100 տոկոսով պատրաստ էր ընտրական համակարգը և այն ամենը, ինչ կապված էր ԼԺՀ-ում հանրաքվեի անցկացման հետ։ Համակարգն ամբողջական է։ Դուք կարող եք հանրաքվեի օր նշանակել, և մարդիկ զանգվածաբար կգան քվեարկության»,-ասել է պատգամավորը:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը արձագանքելով նման անջատողական հայտարարություններին և Ռուսաստանից հնչեցրած մեկանաբանություններին իր թվիթերյան էջում գրել էր. «Ռուս քարոզիչները սիրահարված են «հանրաքվեներին»՝ ինչպես դեղամիջոցին։ Ես վատ լուր ունեմ նրանց համար: Գոյություն ունի համաշխարհային կոնսենսուս և միջազգային իրավունք։ Այն միանշանակ է՝ Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը՝ Ուկրաինա են։ Դրոշները վերաներկելու ցանկացած փորձ հորինվածք է, որը ոչինչ չի փոխի ո՛չ մեզ, ո՛չ մեր գործընկերների համար»:

Ընդգծենք, որ սեպտեմբերի սկզբին ռուսկաան որոշ լրատվականներ հայտնել էին, որ Ռուսաստանի ղեկավարությունը դադարեցրել է Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խարկովի և Խերսոնի օկուպացված տարածքների «բռնակցման» վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը։ Կրեմլի կողմից նման գործընթացների դադարեցումը պայմանավորված էր հիմնականում Խերսոնի և Խարկովի շրջաններում ուկրաինական բանակի հաջող հակահարձակումներով:

Բեռնում.....