Ռուսաստանն արդեն «ուղերձներ» է հղում հայ ժողովրդին, որը համարձակվել է խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ստանիսլավ Տարասովը միանգամայն անկեղծ զարմացած է․ «Երբ նրանք (հայերը-Ա․ Գ․) ասում են՝ օ՜, ՀԱՊԿ… ուզում են, որ ղրղզներն իրենց կոտորե՞ն Հայաստանի համար։ Սխալվում են՝ չեն մեռնելու ղրղզները Հայաստանի համար, չկա ագրեսիա»։ Վերջ ռուսները որոշել են, որ Հայաստանի հանդեպ ագրեսիա չկա, հետևաբար ռուսներն այստեղ անելիք չունեն, իսկ մենք իրավունք չունենք որոշելու, որ ՀՀ-ի կողմից ավելի քան 200 զոհ ունեցող եռօրյա պատերազմում մեր հանդեպ ագրեսիա չկար։
Սա դեռ քիչ է, Տարասովը սպառնում է՝ հայերը կարող են կորցնել իրենց պետականությունը։ Ու չի սխալվում։ Այո, կարող ենք կորցնել։ Բայց ոչ առանց Ռուսաստանի «աջակցության»։
Ռուսաստանին կարելի է հասկանալ՝ կայսրություն է ոչ բարով-խերով ու չի հանդուրժում, երբ Հայաստանի չափ մի երկիր սեփական պատկերացումները կամ պահաջներն ունի անվտանգության հետ կապված։ Հայաստանը Ռուսաստանին չէր խնդրել իր հանդեպ ագրեսիայի դեպքում իրեն մենակ թողնել ռուս-հայկական միջպետական գործող պայմանագրի առկայությամբ։ Այդ պայմանագիրն ինքնին ենթադրում էր միջամտություն։ Եթե այդ ագրեսիան ագրեսիա չէ, ինչպես համոզված է Տարասովը և գուցե ամբողջ ռուսական քաղաքական էլիտան, ուրեմն Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ում հետ հույսեր կապի, քանի դեռ ինքնուրույն չի կարողանում պաշտպանել իր անվտանգությունը։
Տարասովը քիչ է, մի հատ էլ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն է Ռուսաստանից մեզ զգուշացնում, թե «Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջև պառակտում մտցնելու միակ նպատակով»։
Ըստ էության Ռուսաստանում չեն ընդունում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Այդ իրավիճակը կոչվում է իշխանության լեգիտիմություն։ Կարելի է այդ լեգիտիմությունը վերացնել Հայաստանը վերացնելով և հայտարարել, թե հայերն ավելի վաղ պետք է մտածեին լեգիտիմ իշխանություն ունենալու վտանգների մասին։ Բայց հարցերի հարցն այն է, թե ի՞նչ պիտի անեն հայերը, հավերժ գերի՞ մնան Ռուսաստանին։ Որ ի՞նչ։ Գուցե անվտանգության առումով հիմա ավելի վատ է։ Բայց Հայաստանն ընտրություն ունի՞։ Ռուսաստանը նրա փոխարեն չի՞ որոշել, որ միջանցքը պետք է լինի և այդ միջանցքի վրա իշխանություն պետք է ունենան հենց ռուսները։ Իսկ մեր ուզածն ի՞նչ է՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ, որտեղ մենք և իրենք կորոշենք, թե ինչ սկզբունքով պետք է մտնեն ու դուրս գան Հայաստանից։
Արսեն Գրիգորյան
