Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 21-ին Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
«Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:
Չմոռանանք, որ ոստիկանությունն առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած մեր տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:
Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
