11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Գլխավորը՝ Ռուսաստանում հայտարարված զորահավաքի մասին
Այլ Լուրեր

Գլխավորը՝ Ռուսաստանում հայտարարված զորահավաքի մասին

Ինչպես արդեն հայտնի է,  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ սեպտեմբերի 21-ին քաղաքացիներին ուղղված հատուկ տեսաուղերձում հայտարարեց երկրի տարածքում մասնակի զորահավաք անցկացնելու մասին։ Այդ ուղերձում Պուտինը նշում էր, որ մոբիլիզացիայի են ենթարկվում «միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները», առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են բանակում, ունեն ռազմական մասնագիտություններ և մարտական ​​փորձ։ ՌԴ Նախագահը խոստացել է, որ զորահավաքի կանչված ռուսները կստանան պայմանագրային զինվորականների համար նախատեսված նույն «կարգավիճակը, վճարումները և բոլոր սոցիալական երաշխիքները»։ 

Սակայն Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի տեքստում չի նշվում, որ զորահավաքի են ենթակա ռեզերվում գտնվող զինվորականները։ Հրամանագրի տեքստում նշված են զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը՝ որոնք են որոշակի տարիքը, առողջական դրությունը, ազատազրկման մասին դատարանի որոշումը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ռազմարդյունաբերական համալիրի աշխատակիցները կարող են զորակոչից տարկետում ստանալ։ Ավելի ուշ էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի պեսկովը լրագրողներին ասել էր, որ կառավարությունը «հնարավորինս շուտ» կորոշի քաղաքացիների այն կատեգորիաները, ովքեր տարկետում կարողն են ստանալ մոբիլիզացիայից։

Հատկանշական է, որ Կրեմլի կողմից հրապարակված հրամանագրի տեքստում առկա է այսպես կոչված մի «չբացված կետ»․ դա № 7 կետն է, որը փաստաթղթում ներկայացված է «պաշտոնական օգտագործման համար»։ Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ այս կետը վերաբերում է մոբիլիզացված քաղաքացիների թվաքանակին։

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայումս ունի «մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս»՝ գրեթե 25 միլիոն մարդ։ Ըստ նրա մոբիլիզացիայի կենթարկվեն ընդհանուր թվի 1,1%-ը։

Շոյգուն նաև նշել էր, որ ուսանողներն ու ժամկետային զինծառայողները մոբիլիզացիայի ենթակա չեն լինելու։ Նրա խոսքերով՝ մոբիլիզացիան առաջին հերթին կազմակերպվում է առաջնագծին հարակից տարածքը վերահսկելու համար։ Նախարարը նաև հավելել էր, որ մասնակի զորահավաքի մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ պետք է սկսվեին պահեստազորի ուսումնամարզական հավաքները, ուստի ուսումնամարզական հավաքները կչեղարկվեն։

Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևն էլ ռուսական Интерфакс լրատվականին հայտնել էր, որ զորահավաքը տարածվում է մինչև 50 տարեկան պահեստազորի զինվորականների վրա։

Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն նշել էր, որ առաջին հերթին կաորղ են մոբիլիզացնել․

  • զինվորներին, նավաստիներին, սերժանտներին, ենթասպաներին, 35 տարեկանից ցածր սպաներին
  • 50 տարեկանից ցածր կրտսեր սպաներին
  • մայորներին, փոխգնդապետներին, 3-րդ աստիճանի կապիտաններին, մինչև 55 տարեկան 2-րդ աստիճանի կապիտաններին
  • գնդապետներին, մինչև 60 տարեկան 1-ին աստիճանի կապիտաններին
  • մինչև 65 տարեկան բարձրագույն հրամանատարներին

Интерфакс-ի փոխանցմամբ՝ Կարտապոլովն անգամ առաջարկել է, որ ՌԴ  Պաշտպանության նախարարությունը առաջինը մոբիլիզացնի անօդաչու թռչող սարքերի օպերատորներին, հետախույզներին և կապավորներին։ Պատգամավորը նաև նշել էր, որ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը ուղղակիորեն չի սահմանափակում երկրից ռեզերվիստների դուրս գալը։

Այնուամենայնիվ նշենք, որ Զինվորական հաշվառված անձանց համար նման սահմանափակումներ նախատեսված են ՌԴ «Զորահավաքային պատրաստության և զորահավաքի մասին» օրենքի 21-րդ հոդվածով, որն արգելում է «առանց զինկոմիսարիատների թույլտվության լքել բնակության վայրը»։ Ընդ որում օրենքի այս կետում հստակ նշված չէ որ այն գործելու է միայն համընդհանուր մոբիլիզացիայի դեպքում։ Այսինքն ստացվում է, որ ըստ օրենսդրության՝ ռեզերվիստների՝ երկրից ելքը սահմանափակված է։

Կարտապոլովը անգամ մոբիլիզացիայի ենթակա քաղաքացիներին խորհորդ չի տվել մեկնել «հանգստանալ թուրքական հանգստավայրերում»։ «Հանգստացեք Ղրիմի կամ Կրասնադարի երկրամասի հանգստյան գոտիներում»,-ասել էր պատգամավորը և հավելել, որ մինչ զորակոչի հրամանագիրը ստանալը քաղաքացիները կարող են ազատորեն տեղաշարժվել երկրի տարածքով, սակայն այդ ամենի հետ մեկտեղ Կարտապոլովը խորհուրդ չի տալիս դա անել։

Ալեքսեյ Նավալնիի թիմի իրավաբանական բաժնի ղեկավար Վյաչեսլավ Գիմադին ասել է, որ Վլադիմիր Պուտինը, իր հրամանագրի համաձայն, հայտարարել է ամբողջական, այլ ոչ թե «մասնակի» մոբիլիզացիա։ Նրա խոսքով՝ ռազմական կաֆեդրաների շրջանավարտները կարող են զորակոչվել, եթե նրանց մասնագիտությունները պահանջված լինեն։

Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի գործադիր քարտուղար Ալեքսանդր Տոչենովը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը, օրենքի համաձայն, չի պատրաստվում զորակոչել նրանց, ովքեր սահմանափակ պիտանի են ծառայությանը։

Մոբիլիզացիայի մասին հայտարարումից հետո Ռուսաստանում ընդդիմադիր ուժերը սկսել են ակտիվորեն բողոքի ակցիաների դուրս գալու կոչեր հնչեցնել։ Օրինակ «Վեսնա» շարժումը կոչ է արել «գերեզմանացման» դեմ համառուսաստանյան բողոքի ակցիա անցկացնել։  Ակտիվիստները Ռուսաստանի ժողովրդին հրավիրել են սեպտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 19:00-ին հավաքվել իրենց քաղաքների կենտրոններում։ Ալեքսեյ Նավալնիի թիմը նույնպես ռուսներին կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ՝ խոստանալով աջակցել «ցանկացած բողոքի ցույցի»։ «Եթե դուք պատրաստ եք մեծ բաներ անել, այդ թվում՝ զինկոմիսարիատը հրկիզել, մենք սատարում ենք դրան և պատրաստ ենք նաև որոշակի օգնություն ցուցաբերել», — ասել է Նավալնիի համախոհ Իվան Ժդանովը։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իր թվիթերյան էջում, անդրադառնալով Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքին, գրել էր․ «Սա «եռօրյա պատերազմի» 210-րդ օրն է։ Ուկրաինայի ոչնչացումը պահանջող ռուսները ստացան․

  1. մոբիլիզացիա
  2. սահմանների փակում, բանկային հաշիվների արգելափակում
  3. դասալքության համար բանտ
  4. հատուկ ջոկատներ քրեակատարողական հիմնարկներից «բացթղնվախներով»

Դեռևս ընթանում է ըստ պլանի, այնպես չէ՞: Կյանքը հումորի հիանալի զգացում ունի»։

Մոբիլիզացիայի հայտարարության պատճառով Ռուսաստանի քաղաքացիները մասսայականորեն սկսել են այլ երկրների ավիատոմսեր գնել։

Այսպիսով, մինչ Պուտինի հայտարարությունը դեպի Ստամբուլ սեպտեմբերի 21-ին նախատեսված բոլոր ավիատոմսերը, ինչպես նաև դեպի Երևան գրեթե բոլոր ավիատոմսերը վաճառվել էին, որի մասին գրում է ուկրաինական Верстка-ն։ The Village Беларусь-ն էլ գրում է, որ Պուտինի կոչից հետո արդեն ռուսները ակտիվորեն սկսել են գնել նաև Մոսկվա-Մինսկ ավիաչվերթի համար նախատեսնված տոմսերը։

Այս ֆոնին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչն էլ հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Լատվիան մարդասիրական և այլ վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր խուսափում են մոբիլիզացիայից։

Բեռնում.....