Ռուսաստանի քաղաքներում բողոքի ակցիաներ են սեպտեմբերի 21-ին իշխանությունների կողմից հայտարարված զորահավաքի դեմ։
7×7 տելեգրամյան ալիքը գրում է, որ Իրկուտսկում և Ուլան-Ուդեում մի քանի տասնյակ մարդ է դուրս եկել փողոց։ Տեղեկություններ կան նաև Խաբարովսկում և Յակուտսկում ակցիաների մասին։
Իրկուտսկում, ըստ տեղական անարխիստական տելեգրaմյան ալիքի, ուժայինները ցրել են ցույցը՝ բերման ենթարկելով բազմաթիվ մարդկանց։ Հաղորդվում է, որ այլ քաղաքներում ոստիկանությունը զրուցում է մասնակիցների հետ, ստուգում փաստաթղթերը և առաջարկում նրանց ցրվել:
Տոմսկում ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ։ Ոստիկանությունը սկսել է ձերբակալություններ։
Ուկրաինայի իշխանությունները, մեկնաբանելով Ռուսաստանում հայտարարված զորահավաքը, նշել են, որ «կյանքը հումորի հիանալի զգացում ունի»։ Այս մասին խոսել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով, «եռօրյա պատերազմի» 210-րդ օրը ռուսները ստացան զորահավաք, փակ սահմաններ, բանտարկություն դասալքության համար, ինչպես նաև դատապարտյալների հատուկ ջոկատներ։ «Անեն ինչ դեռևս ընթանում է ըստ պլանի, այդպես չէ՞։ Կյանքը հիանալի հումորի զգացում ունի»,- ասել է Պոդոլյակը։
Զորահավաք հայտարարելու պատճառով Ռուսաստանի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել երկիրը։ Այսպիսով, մինչ սեպտեմբերի 21-ին զորահավաք հայտարարելու մասին Պուտինի կոչը, դեպի Ստամբուլ չվերթների բոլոր ավիատոմսերը, ինչպես նաև դեպի Երևան, Թբիլիսի, Ալմաթի, Բիշքեկ գրեթե բոլոր տոմսերը վաճառվել են։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները:
Այլ ամսաթվերի համար այս քաղաքների տոմսերը դեռ հասանելի են: Պուտինի ելույթից հետո ռուսներն ակտիվորեն տոմսեր էին գնում նաև Մոսկվայից դեպի Մինսկ։
Այս ֆոնին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Լատվիան չի պատրաստվում մարդասիրական և այլ վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր խուսափում են զորահավաքից։
