19.1 C
Yerevan
25 Մարտի, 2023
245520 By Google Analytics 24.03.2023
Գլխավոր » Փողոցում կորածները
Գլխավոր Նորություններ

Փողոցում կորածները

Ընդդիմությունը սպառնում է ցանկացած պահի «փողոց վերադառնալ ու հանրահավաքներ անել»: Բայց նրանք գիտեն, որ փողոցը զբաղեցնելու հանրային պահանջ չկա ու առաջիկայում դժվար թե լինի: Գուցե խորհրդարան չմտած որևէ այլ ուժի հաջողվի հրապարակ լցնել, բայց մեր ընդդիմությանը՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև այս ընդդիմությունը երբեք չի դադարելու լինել մեր տապալված անցյալի մարմնացումը: Իբրև ընդդիմություն նրանք փողոցում կորան, ահա ինչու վերադարձան խորհրդարան, որպեսզի իրենց տեղը մարդիկ իմանան: 

Ինչո՞ւ էին նրանք փողոց դուրս գալիս: Որպեսզի սասանեին իշխանության լեգիտիմությունը: Ուրիշ խնդիր չկար: Նրանք բռնել էին ամենաանհնարին տեղից: Առանց դավաճանության մասին որևէ փաստի, առանց կոռումպացվածության մասին որևէ փաստի, առանց կեղծիքի մասին որևէ փաստի նրանք ուզում էին իշխանություն տապալել: Նրանց «հենակետը» սոսկ այն էր, որ այս իշխանության օրոք Հայաստանը պարտվեց պատերազմում: Սակայն դա ժողովրդին փողոց չհանեց, որովհետև ժողովուրդը գիտեր, որ դա իր պարտությունն է, ժողովուրդը գիտեր, որ ամբողջ 22 տարի նրան կերակրել են անպարտելիությամբ, ժողովուրդը գրեթե վստահ էր, որ իր անպարտելիության «պաշտոնական հովանավորը» Ռուսաստանն է: Իսկ կյանքը ցույց տվեց, որ իրեն խաբել են: Եվ այդ խաբեությունը ջրի երես դուրս եկավ, հենց պարզվեց, թե ինչպես են Ռուսաստանը և Ադրբեջանը մանրակրկիտ ծրագրել այս պատերազմը, բաշխել դերերն ու մտել կռվի մեջ: Ընդդիմությունն էլ սա գիտի: Բայց իր բոլոր մեղքերով նա կապված է հենց Ռուսաստանի հետ, ահա ինչու մեղադրում էր բոլորին, բայց ոչ Ռուսաստանին: 

Դաշնակցական Գեղամ Մանուկյանն «ազնվորեն» ասում է, թե ինչու են իրենք ընդդիմություն: Որովհետև գործ ունեն մի իշխանության հետ, որն «ապագայում ազգակործան պայմանագրեր պիտի վավերացնի»: Հասկացանք: Ասենք թե այդպես է: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը հենց այս ընդդիմության կողքին չէ: Որովհետև այս ընդդիմության համար պարտությունը սկսվում է 2020-ի նոյեմբերի 9-ից, իսկ ժողովրդի համար՝ 1998-ի փետրվարից, եթե ոչ ավելի շուտ: Հետևաբար ժողովուրդը չի կարող գնալ կեղծարարների հետևից, ովքեր հիշողություն են կեղծում: Չի կարող գնալ նաև այն պատճառով, որ նախկինները հիմա էլ ընդդիմադիրի կարգավիճակում են շարունակում հիմարացնել ժողովրդին: Դա ներելի վարք չէ: Մարդիկ կարող են քաղաքականությունից ոչինչ չհասկանալ, բայց նրանք ոչ մեկին չեն ների, ով իրենց առնվազն ոչ խելոք է համարում: 

Պարոն Մանուկյանը ճիշտ է, երբ ասում է, թե «ուզեն-չուզեն ընդդիմություն մնում ենք մենք, դա երևի երկրի համար ամենալավ բանն է»: Դա իսկապես երկրի համար լավ է: Լավ է, որովհետև ժողովուրդը շատ կոնկրետ գիտի, թե ում հետ հաշվի չի նստելու: Այ եթե որևէ նոր ուժ էլ ընդդիմադիր լիներ, գուցե մի թեթև խառնաշփոթ լիներ ընդդիմադիր դաշտում, ինչպես մինչև 2018 թվականն էր, երբ ընդդիմադիր էին ձևանում և «Օրինաց երկիրը», և Դաշնակցությունը, ու իսկապես ընդդիմադիր էին ՀԱԿ-ը, «Քաղաքացիական պայմանագիրը» և այլ կուսակցություններ: 

Արսեն Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը պառակտվել է ընտրությունների թեկնածուի շուրջ տարաձայնությունների պատճառով

Սերինե

Ընդդիմության անհասկանալի օրակարգը. «Հրապարակ»

Սերինե

Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....