-0.9 C
Yerevan
5 Փետրվարի, 2023
238601.6 By Google Analytics 04.02.2023
Գլխավոր » Ու՞մ են հիմարի տեղ դրել ՀԱՊԿ-ում
Գլխավոր Նորություններ

Ու՞մ են հիմարի տեղ դրել ՀԱՊԿ-ում

Երեկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: Մեծ հաշվով դժվար է պնդել, թե ինչու: Սակայն Փաշինյանի բացատրությունում հուշումներ կան: Նա ասել է. «Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից… Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը»:

ՀԱՊԿ-ն ուզում է խաղաղապահ առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին առանց ճանաչելու Հայաստանի սահմանները 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով, ըստ որի ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը: ՀԱՊԿ-ն որտե՞ղ է կանգնեցնելու իր խաղաղապահներին՝ ՀՀ առկա սահմանների՞ն, թե 1991-ի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմաններին:

Փաշինյանը չի կարող ՀԱՊԿ-ին թույլ տալ իր խաղաղապահներին բերել ու կանգնեցնել Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռու, այլ խոսքով, չի կարող Ադրբեջանին թույլ տալ մարսել 140 քառակուսի կիլոմետրի կուլ տալը: Կարճ ասած որտե՞ղ է կանգնեցնում իր զորքը ՀԱՊԿ-ն: Եթե կանգնեցնում է առկա սահմաններին, մեզ ինչի՞ց է պաշտպանում՝ ևս մի 140 ք/կմ-ի կորուստի՞ց: Նախ ի՞նչ երաշխիք, որ կպաշտպանի, եթե չմոռանանք Փառուխը, և երկրորդ, ի՞նչ երաշխիք, որ սահմանազատման ապագա գործողություններում այդ 140 ք/կմ-ն վերջնականապես կուլ չի գնա Ադրբեջանին:

ՀԱՊԿ-ն, այսինքն, Ռուսաստանը, չի ուզում Ադրբեջանին որևէ թթու խոսք ասել, ՀԱՊԿ-ի գոյության դաշտում Հայաստանը կորցրել է 140 ք/կմ, իսկ նրա առաջնորդները Երևանում նստած համարյա ստորագրած են համարում խաղաղության պայմանագիրը: Հայաստանը ՀԱՊԿ-ին առաջարկում է զբաղվել մեր տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմամբ, իսկ ՀԱՊԿ-ն մեզ փաստաթուղթ է դեմ տալիս, որտեղ նույնիսկ միջակետ չկա էն մասին, որ մեր տարածքներում օտարի ռազմական ներկայություն կա: Ու՞մ են հիմարի տեղ դրել ՀԱՊԿ-ում: Ամբողջ աշխարհը գիտի, որ անազնվությունը սահմաններ չունի, բայց պետք չէ անազնիվ լինելիս դիմացինին նաև հիմարի տեղ դնել: ՀԱՊԿ-ն հենց երեկ դա էր անում Հայաստանի հետ: Ահա ինչու Փաշինյանն «ամենայն հարգանքով հանդերձ» չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: Թող մի անգամ էլ կարդան իրենց հռչակագիրը: Գուցե տեսնեն, որ այնտեղ լրացումներ անելու կարիք կա:

Արսեն Գրիգորյան

Բեռնում.....
-->