Ինչպես հայտնի է, երեկ հանկարծամահ է եղել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյը։ Խորհրդանշական անունով և հայրանունով այս պաշտոնյայի ժառանգությունը բարդ է։ Նա համարվում էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռություն պահպանելու Բելառուսի ջանքերի հիմնական դեմքը։
Սակայն 2020 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերը ստիպեցին նրան կտրուկ թեքվել դեպի հակաարևմտյան ուղղությամբ։ Այնուամենայնիվ, խոսվում էր, որ նա հաճախ էր մեկնում Արևմուտքի հետ բանակցությունների՝ առանց դրա մասին պաշտոնապես հայտարարվելու։ Պաշտոնյայի մահից հետո ցանցում հայտնվեցին նրա մահվան տարբեր վարկածներ։ Ամենատարածված վարկածներից մեկը ռուսական հատուկ ծառայությունների կողմից վերացումն է։ Այս կապակցությամբ, իսրայելաբնակ միլիարդատեր և Պուտինի հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկու համախոհ Լեոնիդ Նևզլինը, ով սեփական աղբյուրներն ունի ռուսական էլիտայում, թվիթերում գրել է, որ ցուցակում հաջորդը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
«Նախարար Մակեյը մահացավ անսպասելիորեն: Լուկաշենկոյի փոքրիկ Մաքիավելին, ինտրիգների վարպետ և Արևմուտքի հետ գլխավոր բանակցող: Նա ոչ մի բանով հիվանդ չէր, հենց երեկ նա խոսում էր Հռոմի պապի բանագնացի հետ: Եվ այսքան տարօրինակ զուգադիպություններ»:
Ըստ Նևզլինի, «այժմ Պուտինը պլան է պատրաստում փոխարինելու Լուկաշենկոյին: Դա ասում են Կրեմլի իմ աղբյուրները: Իսկ RLI ինստիտուտը գրում է, որ Պուտինը ցանկանում է վերացնել Լուկաշենկոյին, որպեսզի վերահսկի Բելառուսի բանակը: Մակեյի մահը թուլացնում է Լուկաշենկոյին, նրան ավելի հեշտ կլինի հեռացնել նախագահականից»։
Նևզլինի վարկածով՝ Մոսկվան դիտարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին և Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Վոլֆովիչին՝ Լուկաշենկոյին փոխարինելու համար։
Մակեյն այս առումով կարող էր խոչընդոտ հանդիսանալ Կրեմլի ստրատեգների համար։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը, ով ուրբաթ օրը հանդիպել է Բելառուսի Խորհրդի նախագահ Կոչանովայի հետ, պետք է նոյեմբերի 28-ին հանդիպեր Մակեյի հետ։
«Ռուսական գաղտնի ծառայությունները, ինչպես գիտեք, նորեկ չեն հանկարծակի մահեր կազմակերպելու հարցում», — եզրափակում է Նևզլինը՝ նրբանկատորեն ակնարկելով «Նովիչոկ» թունավոր նյութի մասին, որը ռուսական հատուկ ծառայությունները մեկ անգամ չէ, որ օգտագործել են, այդ թվում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ։
Именно сейчас Путин готовит план по замене Лукашенко. Об этом говорят мои источники в Кремле. А институт RLI написал, что Путин хочет ликвидировать Лукашенко, чтобы контролировать армию Беларуси. Смерть Макея ослабляет Лукашенко, убрать его с поста президента станет проще.
— Leonid Nevzlin (@Nevzlin) November 26, 2022
Նշենք, որ Մակեյի հակաարևմտյան ուղղության և 2020 թվականի ընտրություններից հետո նրա որդեգրած դիրքորոշման պատճառով բելառուսական ընդդիմությունը չի սգում նրա մահը։ Այդ կապակցությամբ, Բելառուսի ընտրված նախագահ, ընդիմության վտարանդի առաջնորդ Սվյատլանա Տիխանովսկայան հետևյալ հայտարարությունն է արել.
«2020 թվականին Մակեյը դավաճանեց բելառուս ժողովրդին և աջակցեց բռնակալությանը։ Ահա թե ինչպես կհիշի նրան բելառուս ժողովուրդը»։
