-0.9 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Ի՞նչ է չոր նավահանգիստը և ի՞նչ օգուտ է բերելու Հայաստանին
Գլխավոր Նորություններ

Ի՞նչ է չոր նավահանգիստը և ի՞նչ օգուտ է բերելու Հայաստանին

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում չոր նավահանգստի ստեղծումը տնտեսագետ Արմեն Քթոյանը միանգամանայն իրատեսական է համարում, բայց դժավարանում է ասել, թե այն ինչքանով կաշխատի։

Արմեն Քթոյանի կարծիքով՝ չոր նավահանգիստը լավ կաշխատի միայն այն դեպքում, երբ լավ սպասարկում լինի, որպեսզի արդարացված լինի բեռների տեղափոխումը մեծ հեռավարության վրա։ Ըստ նրա՝ միակ խնդիրն այն է, որ չոր նավահանգիստը կառուցվում է բուն նավահանգստից որոշակի հեռավարության վրա՝ 30-50 կիլոմետր, պատկերավոր ասած, պահեստը նավահանգստում չի տեղավորում, այլ՝ մի փոքր հեռավարության վրա։

Մեր երկրի դեպքում, սակայն, պատկերն այլ է լինելու։ «Մեր դեպքում խնդիրն այն է, որ չոր նավահանգիստը կառուցվելու է բուն նավահանգստից ոչ թե 50 կմ հեռավարության վրա, այլ՝ 300։ Բացի դա, մի շարք լոգոստիկ այլ խնդիրներ էլ կան։ Չեմ կարող ասել՝ արդյոք պրակտիկա կա այլ երկրում գտնվելով մեկ այլ պետության պարագայում դառնալ սպասարկող։ Հարց է նաև, թե տրանսպորտային կապուղիներն ինչպես են աշխատելու: Եթե շատ լավ ենթակառույցվածքներ ձևավորվեն, չի բացառվում, որ շատ լավ աշխատի չոր նավահանգիստը, հատկապես՝ այն բեռների պարագայում, որոնք ստացվում են սևծովյան նավահանգստում և նախատեսված են տարածաշրջանային այլ երկրների համար, օրինակ՝ Իրանի հյուսիսային հատվածների համար։ Այս դեպքում Հայաստանը կարող է դերակատարում ունենալ»,- NewArmenia-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետը։

Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Շիրակի մարզում նախատեսում են չոր նավահանգիստ կառուցել։ Գաղափարը կառավարությանն է, բայց ամեն ինչ կախված է լինելու հանրային ներդրումային կոմիտեից, և եթե կոմիտեն դրական եզրակացություն տա, իրենք էլ տեխնիկատնտեսական հետազոտության փուլը հաջող անցնեն, Գյումրին կունենա չոր նավահանգիստ։

Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ չոր նավահանգստի գործարկման դեպքում Գյումրիում 2-3 տարվա ընթացքում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ։ Քերոբյանի այս ձևակերպումը՝ «չոր նավահանգիստ», մի քանի օր է՝ ծաղրի ու հեգնական մեկնաբանությունների առիթ է դարձել ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի կողմից։ Շատերն առանց հասկանալու՝ ինչ է չոր նավահանգիստը, ծաղրում էին նախարարի հայտարարությունը։

Իսկ ի՞նչ է չոր նավահանգիստը։ Չոր նավահանգիստը ներքին լոգիստիկ կենտրոն է, որը գտնվում է ծովային նավահանգստից ոչ հեռու և կապված է նրա հետ երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով կամ ավելի կիրառական ձևով ցամաքային նավահանգիստը պահեստային տերմինալ է, որը ծովային նավահանգիստը երկաթուղով կամ մայրուղով կապում է ցամաքին: Այն կենտրոն է, որտեղից ծովային կարգոյից ստացված ապրանքները պահեստավորվում, այնուհետև տեղափոխվում են ցամաքային վայրեր: Այսինքն՝ չոր նավահանգիստը ծառայում է որպես ներքին երթուղիներով ծովային բեռների փոխադրման կետ կամ որպես դրանց ժամանակավոր պահեստավորման վայր՝ բացատրում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Չոր նավահանգիստը կատարում է բեռնարկղերի և բեռների բեռնաթափում և պահպանում, բեռնարկղերի և սարքավորումների վերանորոգում, մաքսազերծում և հսկողություն, ինչպես նաև բեռների համախմբում։

Տնտեսագետի խոսքով՝ չոր նավահանգստի կառուցումն ու շահագործումը կնպաստի նաև Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատմանը։ «Այս դեպքում կաշխատի որպես պահեստային տերմինալ, ոչ թե նավահանգստի ենթակառուցվածքի բաղադրիչ։ Մենք երկար ժամանակ խոսում ենք լաստանավային հաղորդակցության վերականգնման մասին, թվում է, թե հարցն այնքան էլ բարդ չէ, բայց պարզվում է, որ մի շարք խնդիրների ենք բախվում այն իրագործելու ճանապարհին։ Չոր նավահանգիստ ասվածը շատ ավելի բարդ համակարգ է։ Եթե լաստանավի պարագայում կան բարդ խնդիրներ, ապա այստեղ խնդիրները ավելի են շատանելու»,- նշեց նա։

Չոր նավահանգստի գործարկման դեպքում, սակայն, Հայաստանը տնտեսական օգուտներ է քաղելու՝ կապված բեռների անարդյունավետ փոխադրումներից։ Տնտեսագետը չոր նավահանգստի հնարավոր գործարկումից ստացվելիք շահերը համեմատում է ռուս- ուկրիանական պատերազմից մեր երկրի քաղած օգուտների հետ։ «Օրինակ, ինչ տվեց մեզ ռուս- ուկրաինական պազտերազմը․ պատերազմի հետևանքով մեծ թվով ՌԴ քաղաքացիներ եկան Հայաստան և մեր երկրի միջոցով են Արևմուտքի հետ կապ հաստատում։ Հայաստանին տալիս է որոշակի տնտեսական ակտիվություն, աշխուժություն։ Իրենք Հայաստանում տնտեսական գործունեություն չեն ծավալում, բայց մենք դրանից շահում ենք։ Նույնը լինելու է չոր նավահանգստի հնարավոր գործարկման դեպքում․ մեր երկիրը կարող է դիտվել նավահանգստային ենթակառուցվածքի բաղադրիչ ունեցող պետություն և դրամական հոսքեր կլինեն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նկատենք, որ չոր նավահանգիստներ կան աշխարհի ամենտարբեր զարգացած ու խոշոր երկրներում։ Չոր նավահանգիստ ունի, օրինակ, Ռուսաստանը։ Չոր նավահանգիստներ կան նաև Չինաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Նմանատիպ Հոդվածներ

«Մենք ունեցել ենք հիվանդ տնտեսություն, հիմա տեղի է ունենում տնտեսության առողջացման պրոցես»․ 2020 թ-ի բյուջեն որակական փոփոխություններ կբերի

Սերինե
Բեռնում.....