Մարդու իրավունքների տեսանկյունից Ադրբեջանն այսօր անում է իր համար ամենավտանգավոր բանը՝ նա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում շրջափակել է ազգային փոքրամասնությանը ու զրկել գոյության հնարավորությունից:
Իհարկե, Ադրբեջանը չի կարող այդքան անպատիժ ու երկար շարունակել շրջափակել Լեռնային Ղարաբաղը: Բայց նրա վարքը կարող է նույնիսկ աշխատել Լեռնային Ղարաբաղի օգտին: Հայկական դիվանագիտությունը դա անկասկած կարող է ծառայեցնել ի շահ արցախցիների՝ իրենց հողում ապրելու բնական իրավունքի և նույնիսկ կարգավիճակի:
Հայաստանից պահանջվում է այս ընթացքում չտրվել շանտաժի ուժ ունեցող Ադրբեջանի հակամարդկային արարքին ու գնալ զիջումների: Բոլորին է հայտնի, որ նա ինքնավար միջանցք է ուզում Հայաստանից ու Լաչինի միջանցքն արգելափակելով նա հավասարության նշան է դնում իր «երազանքների» «Զանգեզուրի միջանցքի» ու Լաչինի միջանցքի միջև: Բայց փոքրիկ խնդիր կա՝ Նախիջևանը առանց Մեղրիի միջանցքի էլ յոլա է գնում, քանի որ Ադրբեջանից ճանապարհ կա Իրանով: Բացի դրանից, նախիջևանցիները գրեթե անարգել մուտք ու ելք ունեն դեպի Թուրքիա, որտեղից Վրաստանի տարածքով կարող են ազատորեն հաղոորդակցվել Ադրբեջանի հետ։ Նախիջևանը հիմա էլ չունի գոյության վտանգ, այնտեղ խաղաղապահներ չկան, որոնք տեղի ադրբեջանցիներին պաշտպանում են հայերից: Արցախցիները առանց ռուս խաղաղապահների հիմա կամ հեռացել էին իրենց բնական միջավայրից, կամ ցեղասպանվել:
Լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանը ցույց տվեց երկու միջանցքների անհամարժեքությունը գոյության անխափան իրավունքի տեսանկյունից: Դժվար է ասել, թե այս իրավիճակում ի՞նչ կարող են անել ռուսները: Նրանք կամ Ադրբեջանի հետ են, կամ բացարձակապես անզոր են իրավիճակը վերցնել իրենց ձեռքը: Ի՞նչ է պահանջվում Հայաստանից՝ ունենալ ուժեղ նյարդեր. մեր երկիրն արդեն աշխարհին ասել է, թե Ադրբեջանը երեք սցենարով ցեղասպանություն է նախապատրաստում:
Ադրբեջանը «քայլում» է դեպի Ղարաբաղում հումանիտար աղետ, որը արձագանք է պահանջում: Իսկ միջազգային արձագանքը հետևյալն է՝ ռուսները չեն կարողանում կանխել այդ աղետը, հետևաբար կամ նրանց պետք է ավելանան միջազգային այլ խաղաղապահներ, կամ Ռուսաստանի փոխարեն այլ պետություններ պետք է իրականացնեն խաղաղապահությունը: Ամենևին բացառված չէ, որ հենց Հայաստանն էլ դիմի միջազգային հանրությանը խաղաղապահական կոնտինգենտը այլ խաղացողներով համալրելու հարցով: Հենց սրա հեռանկարը կարող է ռուսներին ստիպել էլ ավելի վճռականությամբ հասնել Արցախի ապաշրջափակմանը: Որովհետև հումանիտար աղետի ամեն օրը խնդիր է հենց Ռուսաստանի համար, որը մի կողմից պատերազմ է սկսել Ուկրաինայում, մյուս կողմից չի կարողանում թեկուզ հանուն իր միջազգային վարկի լինել խաղաղապահ:
Արսեն Գրիգորյան
