Քաղաքակիրթ աշխարհը կարծում է, որ, երբ Պուտինը պարտվի ու փախչի Ռուսաստանից, ոչ ոք չի ընդունի նրան, որպեսզի իր համար խնդիրներ չստեղծի: Ես կարծում եմ, ընդհակառակը: Նրան շատերը կփորձեն ընդունել: Նույնիսկ եվրոպական երկրները: Դիցուք, Հունգարիան: Թուրքիան նույնպես բացառություն չէ որպես մերձեվրոպական երկիր: Տարբերակ է թեկուզ Սերբիան:
Նախ Պուտինը փող է: Պուտինը միլիարդներ է, որոնք կմնան նրան ընդունող երկրին: Երկրորդ, ընդունող երկիրը Պուտինին Հաագա հանձնելու համար լուրջ առևտուրի մեջ կմտնի միջազգային հանրության հետ: Դիցուք, Իրան փախած Պուտինին արտահանձնելու համար այդ երկիրը կարող է տնտեսական պատժամիջոցների մեղմացում կորզել: Պուտինը «միջուկային» զենք է, որի չեզոքացման շուրջ լուրջ «բազարներ» կսկսվեն:
Այլ հարց, որ Պուտինից բացի տվյալ երկիրը ռուս այլ բարձրաստիճան հանցագործի չի ընդունի, եթե նա գոնե Պուտինի ունեցածի կեսը չունի, երկրորդ, այդպիսով կդառնա «Արգենտինա», որը պարտակում էր նացիստական հանցագործներին:
Այլ հարց, որ Պուտինին իր երկիր չի ընդունի, ասենք, Կիմ Չեն Ընը: Նախ Պուտինի փողերն այդ երկրին չեն օգնի, պատժամիջոցներն այնպիսին չեն, որ փողի ավելցուկով որոշ դեֆիցիտներ ծածկվեն, երկրորդ, դա կարող է վնասել նաև Ռուսաստան-ԿԺԴՀ հետագա հարաբերություններին, որովհետև ոչ թե փախած Պուտինը, այլ հանձնված Պուտինը մնալու է Ռուսաստանի խնդիրը: Մյուս կողմից նույնիսկ ԿԺԴՀ-ն կարող է շահել Պուտինին պարտակելուց: Բացի դրանից, ԿԺԴՀ-ն այն երկիրն է, որի վրա ոչ ոք չի համարձակվի հարձակվել Պուտինին ստանալու վերջնագրով, դա միջուկային երկիր է, որն առանց աչք թարթելու հարձակվողի վրա կուղղի իր հրթիռները: Ինչպես ասում են, ԿԺԴՀ-ի ատամի տակ ոսկոր չկա: Ի դեպ, բացառված չէ, որ Պուտինն ինքը ռիսկ չանի մտնել Կիմ Չեն Ընի ողորմածության տակ: Այդ մարդուց ամեն ինչ սպասելի է:
Բայց կա նաև Չինաստանը: Սա կայսերական երկիր է այն իմաստով, որ ժամանակին կայսրություն է եղել: Եթե նա ընդունեց Պուտինին (եթե ընդունեց), ոչ մի գնով չի արտահանձնի: Թեպետ Չինաստանը նույնպես երկար կմտածի, թե ո՞րն է իր օգուտը «ռազմական հանցագործի» պիտակ ունեցող մարդուն պատսպարելուց:
Կա նաև Սաուդյան Արաբիայի տարբերակը, որը մոտ 20 տարի տիրություն արեց աֆրիկյան մարդակեր և բռնակալ Իդի Ամինին: Բայց այնտեղ իրավիճակ է փոխվել: Այդ երկիրը Պուտինի որոշ հաշվարկներով 100-160, այլ հաշվարկներով 200 միլիարդ դոլարի կարիքը չունի, երկրորդ, այնտեղ շատ խորն է արևմտյան ինտեգրացիան, արդեն երրորդ տարին Ֆորմուլա-1 է ընդունում, խնդիրներ ունի Սիրիայի հետ, որի նախագահը իր աթոռին մնաց հենց Պուտինի շնորհիվ:
Կարճ ասած, Պուտինը մեծ հաշվով փախչելու տեղ չունի: Հետևաբար, ըստ իս, Պուտինը ինչ-որ պահից հենց նախագահի կարգավիճակում կգնա պատերազմի դադարեցման ու բանակցություններով իր հետիշխանական ճակատագիրը որոշելու ճանապարհով: Որովհետև աշխարհում ոչ մեկի վրա նա չի կարող հույս դնել:
Արսեն Գրիգորյան
