Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է գերատեսչության ղեկավարի պաշտոնը լքելու ցանկության մասին։ Այս մասին հայտնում է գերմանական DPA-ն։
Իր հայտարարության մեջ Լամբրեխտը նշել է, որ վերջին ամիսներին իր անձի նկատմամբ ԶԼՄ-ների ուշադրությունը ստվերել է բանակի կարիքների և զարգացման մասին քննարկումները։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին Լամբրեխտի մոտալուտ հրաժարականի մասին։ Նախարարին բազմիցս քննադատել են այս պաշտոնի համար անհրաժեշտ փորձի բացակայության, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին գերմանական բանակի գնումների ձգձգման, ինչպես նաև լրատվամիջոցներում տարբեր սկանդալների համար:
Ուշագրավ է, որ Քրիստինա Լամբրեխտի հրաժարականը տեղի է ունեցել այն սպասումների ֆոնին, որ Գերմանիայի իշխանությունները վերջապես կորոշեն Ուկրաինային գերմանական Leopard ծանր տանկեր մատակարարելու հարցը։ Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ նման որոշում կարող է կայացվել արդեն այս շաբաթ, սակայն դեռ պարզ չէ՝ դա կվերաբերի միայն այլ երկրներից Կիևին գերմանական արտադրության տանկեր փոխանցելու թույլտվությանը Կիև, թե՞ Բեռլինն անձամբ կսկսի մատակարարել իր տանկերը։
