Ադրբեջանն այսօր տառապում է մի հիվանդությամբ, որով վերջին 30 տարում մենք ենք տառապել, որը հայերենով կարելի է թարգմանել որպես վերամիավորականություն՝ շարժում կամ պահանջ, որը նպատակուղղված է միևնույն պետության կազմում ժողովրդի, ազգի, էթնոսի միավորմանը: Այն փոքր-ինչ մոտ է նաև ծավալապաշտություն հասկացությանը: Իսկ միջազգային քաղաքական բառապաշարում հայտնի է իռեդենտիզմ (իտալական irredento բառից) բառով:
Այս բառը ծագել է 19-րդ դարում, երբ միացյալ Իտալիայի համար պայքարող Մեննոտի Գարիբալդին պահանջեց, որպեսզի Ավստրո-Հունգարիայի սահմանային երկու մարզեր՝ Տրենտինոն ու Տրիեստան միացվեն Իտալիային: Այդ տարածքներում արդեն իսկ իտալացիներ էին ապրում: Այսինքն, իռեդենտիզմը բնորոշ է այն երկրներին, որոնց էթնոսի մի մասը ապրում է հարևան երկրում:
Այս հասկացությունն իրականում քնած հրաբուխ է և գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ հարևան պետությունում գտնվող իր հետ էթնիկ ընդհանրություն ունեցող ազգաբնակչությունը ենթարկվում է դիսկրիմինացիայի կամ առնվազն այդպես է հայտարարվում տիտղոսային պետության կողմից: Ղարաբաղյան շարժումն, ըստ էության, հենց այդ պատճառով գլուխ բարձրացրեց: Մոսկվան այդ շարժումը համարեց նացիոնալիստական: Հիտլերն այդպես չեխերից պահանջեց ու ստացավ Սուդետները, որովհետև այնտեղ ապրում էին գերմանացիներ և որոնք նույնպես հայտարարում էին Չեխիայի կողմից դիսկրիմինացիայի ենթարկվելու մասին: Մինչև 1928 թվականը Սուդետի շրջանում փակվել էր մոտ 300 գերմանական դպրոց: Այսօր որոշակի իռեդենտական պահվածք Սերբիան է դրսևորում Բոսնիայի նկատմամբ, որի հյուսիսում իրենց դիսկրիմինացված են համարում սերբերը, և որի պատճառով ժամանակ առ ժամանակ անջատողական շարժում է բռնկվում Բոսնիայի սերբական հատվածում:
Իռեդենտիզմով տառապել ենք նաև մենք հատկապես արցախյան առաջին պատերազմից հետո: Եվ ահա թե ինչպես: Մենք նույնիսկ իռեդենտական կուսակցություն ունենք: Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոգևորեց հայ դաշնակցականներին, որոնք հատկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք հաճախ էին խոսում Ջավախքում հայկական տրամադրություններն ուժեղացնելու մասին: Քոչարյանն այդ սադրանքին չտրվեց: Բայց դա չէր նշանակում, թե հենց Ջավախքում անջատողական տրամադրություններ չկային: Ջավախքի հայերը նույնպես դժգոհում էին վրացական իշխանությունների վերաբերմունքից մասնավորապես Միխեիլ Սահակաշվիլիի օրոք:
Իռռեդենտականությունը ծավալապաշտությունից տարբերվում է նրանով, որ իռեդենտի համար անհրաժեշտ է անջատողականության պատճառ, որն իր դեպքում դիսկրիմինացիան է, այսինքն, տվյալ պետության մեջ փոքրամասնության հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքը մեծամասնության կողմից: Դիցուք, Բաքվում և Սումգայիթում կոտորվեցին հայեր և դա Ղարաբաղի հայերի համար ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ նրանք Ադրբեջանի կազմում իրենց անվտանգ զգալ չեն կարող: Ծավալապաշտությունն այն է, երբ քոնն ես համարում, դիցուք, Նախիջևանը և Ադրբեջանի նախկինում գրաված 7 շրջանները: Արևմտյան Հայաստանն այսօր այլևս ծավալապաշտություն չի «ներշնչում»:
Իռեդենտական շարժումներն օգնում են տվյալ ժողովրդին «ունենալ» մեծ պլաններ, ներշնչվել «боевой дух»-ով: Արցախյան երկրորդ պատերազմից հետո իռեդենտիզմով տառապելու հերթը Ադրբեջանինն է: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն դեռ միայն խոսույթի մակարդակով է ասում, որ Ադրբեջանի պատմական հողերն են և «Արևմտյան Զանգեզուրը», և «Էրիվանը», Իրանի հյուսիսը, որտեղ մի քանի տասնյակ միլիոն ադրբեջանցիներ են ապրում: Իրանի դեպքում ինչ-որ իմաստով «հասկանալի» է Ալիևի իռեդենտականությունը, նա կարող է վստահեցնել, որ իրանական ադրբեջանցիներն Իրանում լուրջ դիսկրիմինացիայի են ենթարկվում:
«Արևմտյան Զանգեզուրի» և «Էրիվանի» դեպքում, որտեղ ադրբեջանցիներ չեն ապրում, նա ուղղակի կիրառում է հաղթած բանակի առաջնորդի բառապաշար, որը ուզում է ամրապնդել հաղթանակը պարտված երկրի տարածքների հաշվին: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարեց իր ներքին տնտեսական շրջանների վերակազմավորման մասին, որը ներառում էր Սյունիքին սահմանակից նոր շրջան՝ «Արևելյան Զանգեզուր» անունով։ Իսկ եթե կա «Արևելյան Զանգեզուր», ուրեմն կա նաև «Արևմտյան Զանգեզուր», այսինքն՝ Սյունիք։
Ճակատագրի հեգնանքով, Ադրբեջանը տասնամյակներ շարունակ իրեն ներկայացնելով որպես իռեդենտականութան զոհ, կրկնում է նույն քաղաքականությունը: Ադրբեջանը ակնհայտ փոխակերպում է ապրում պաշտպանվողից տարածքային ամբողջականության նորմի վիճարկողի։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իրեն դիրքավորում էր որպես իր հողերի օկուպացիայի և էթնիկ զտումների արդյունքում առաջացած տարածքային անարդարության զոհ, ինչը Ադրբեջանը վերագրում էր հայկական իռեդենտականութանը: Սակայն այժմ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, ադրբեջանցիները տարածում են նույն տեսակի տարածքային էքէսպանսիայի պատկերները և իռեդենտիստական կլիշեները, որոնք իրենք իսկ տարիներ շարունակ դատապարտել են:
Այնուամենայնիվ, առայժմ դժվար է ասել, թե ինչքանով է հավանական այն, որ Ադրբեջանը կդիմի ագրեսիայի ու կվերականգնի «պատմական արդարությունը»: Բայց եթե նա որոշի գնալ ընդհանրապես «պատմական արդարության» հետևից, նրա առաջին զոհը մենք ենք: Հատկապես, եթե տեղի ունենա նախկինում Հայաստանում ապրող ադրբեջանցիների վերադարձը: Մի բան, որն Ալիևը պատահական չէ պահանջում:
Մեր դեպքում իռեդենտիզմը ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Փաստ էր, որ ղարաբաղցիները դիսկրիմինացիայի էին ենթարկվում Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց մենք կարծես թե շատ հեռու գնացինք դիսկրիմինացիայի օջախները ոչնչացնելու գործում: Այսինքն, ոչ թե հեռու գնացինք, այլ զուտ անվտանգային հարցերը լուծելուց հետո որևէ կերպ չամրագրեցինք մեր հաջողությունը քաղաքական առումով: Ի վերջո մենք հիմա փորձում ենք պահպանել սոսկ Հայաստանը:
Այնուամենայնիվ, հետաքրքիրն այն է, որ մենք այսօր էլ Սահմանադրության մակարդակով ծավալապաշտ ենք, որի հիմքում 1990-ի օգոստոսին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրն է, որտեղ ՀԽՍՀ-ն անկախություն է հռչակում «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»:
Իռեդենտականությունը խաղալիք է սովորաբար ազգայնականների ձեռքին և հաճախ դրանով խաղացողները վատ են վերջացնում: Ռուսաստանն այսօր աշխարհի հետ կռվում է հենց իր իռեդենտականությամբ՝ Ուկրաինայից վերցրել է Ղրիմը եւ ամեն գնով ուզում է տիրանալ այլ տարածքների: Ռուսաստանը «կարող է» իրեն դա թույլ տալ, Թուրքիան դա ժամանակին արեց Հյուսիսային Կիպրոսի հետ: Թուրքիայից բացի ոչ ոք չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ինչպես նաև Ռուսաստանից, Բելառուսից ու մի քանի տոտալիտար երկրներից բացի ոչ մեկը չի ճանաչել նաև Ղրիմի բռնակցումը:
Արսեն Գրիգորյան
