Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի պատերազմին վերաբերող իր ամենօրյա թվիթերյան հակիրճ զեկույցում գրում է, որ ներխուժմանը մասնակցող ռուսական զորքերը չեն ցանկանում ընդունել ռուսական արտադրության Т-14 «Армата» տանկերը։
«Պարզ չէ, թե հստակ ինչ տեխնիկական անսարքություններից են բողոքում զինվորականները, սակայն վերջին երեք տարիների ընթացքում ռուս պաշտոնյաները բացեիբաց խոսում էին T-14-երի շարժիչների և ջերմային պատկերման համակարգերի հետ կապված խնդիրների մասին»,-ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ զեկույցի մեջ:
Բրիտնական պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է նաև, որ 2021 թվականին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 2022 թվականին նախատեսված սերիական արտադրությունն անվանել է «փորձնական խմբաքանակ»։ «Ուստի դժվար թե Ուկրաինա ուղարկված T-14 տանկերը համապատասխանեն սովորական ստանդարտներին, որոնց հիման վրա տեխնիկան համարվում է մարտունակ»,-եզրակացնում են զեկույցի հեղինակները:
Ուկրաինայում մարտական գոտի Т-14 «Армата» տանկերը ուղարկելու Ռուսաստանի պաշտպանության նախարարության ծրագրերի մասին առաջին անգամ կրկին հայտնել էին բրիտանացի զինվորականները հունվարի 19-ին՝ վկայակոչելով պատերազմին աջակցող ռուսական լրատվամիջոցները։
Այդ ժամանակ զեկույցում նշվում էր, որ Т-14 «Армата» տանկերը ռուսական կողմը Ուկրաինա կտեղափոխի հավանաբար «քարոզչական նպատակներով»: Բրիտանացի զինվորականների գնահատմամբ՝ նման տանկերը բավականին քիչ են, իսկ ռուս հրամանատարները քիչ են ծանոթ նոր տեխնիկայի հնարավորություններին, որպեսզի դրանք ներառեն մարտական գործողությունների մեջ:
Նոր սերնդի Т-14 «Армата» տանկերը առաջին անգամ հանրությանը ներկայացվել են 2015 թվականին Մոսկվայում անցկացված Հաղթանակի օրվա շքերթում։
