Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին տարածած հաղորդագրության մեջ նոր սպառնալիքներ հնչեցնելով Արցախի ու Հայաստանի հասցեին՝ հայտարարել է Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն սահմանելու անհրաժետության մասին և մեղադրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մարտի 5-ի միջադեպի «փաստերը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու» մեջ:
«Ցավով ենք նշում, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մարտի 6-ի տեղեկագրում խեղաթյուրել է երեկ Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու հողոտ ճանապարահատվածում տեղի ունեցած զինված միջադեպի փաստերը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին Ռուաստանի ՊՆ կայքէջի Արցախում տեղակայված խաղաղապահների գործունեությունը ներկայացնող տեղեկագրում միջադեպի որպես նախաձեռնող կողմ ներկայացվում էր Ադրբեջանը:
«2023 թվականի մարտի 5-ին, ժամը 10:00-ին, Դյուքյանլար բնակավայրի տարածքում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմի կորուստները կազմել են՝ երկու զոհ, մեկ վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,-ասվում է ռուսական պաշտպանական գերատեսչության տեղեկագրում:
Ադրբեջանական կողմն էլ իր հաղորդագրության մեջ շարադրելով դեպքերի սեփական արդեն հայտնի դարձած տեսակետները՝ նշում է, թե մարտի 5-ին, «օպերատիվ տվյալների հիման վրա, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձել են կալանավորել և ստուգել» Հայաստանից իբր ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, որի ժամանակ էլ հայկական կողմը կրակ է բացել՝ սպանելով երկու արդբեջանցի զինվորականների և վիրավորել մեկին:
Ադրբեջանական կողմը իր հաղորդագրության մեջ նաև նշում է, որ վիրավորի ու սպանվածների դիերի տեղափոխումը իրականացվել է իրենց զինվորականների ուժերով, և ռուսական մեդիադաշտում տարածվող բոլոր այն տեղեկությունները, թե խաղաղապահները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին ու օգնել դիակների տարհնաման հարցում, անվանվում է «կողծիք»:
Հաջորդիվ հաղորդագրության մեջ շարունակելով Հայաստանին մեղադրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու և Արցախի պաշտպանության բանակին զենք ու զինամթերք մատակարարելու, ինչպես նաև անձնակազմի վերատեղակայում իրականացնելու մեջ, ռուս խաղաղապահներին կոչ է արվում կանխել նման գործողությունները՝ իրականացնելով իր վրա դրված գործառույթները:
Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ նշյալ հաղորդագրության մեջ կրկին նշում է 2022 թվականի օգոստոսին իբր հայկական կողմի նմանօրինակ գործողությունների կանխման նպատակով իրականացված «Հատուցում» հարձակողական գործողության մասին, որը հիմնականում իրականացվել էր Լաչինի ճանապարհի հարակից հատվածներում գերակա դիրքեր զբաղեցնելու համար։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ այդ օրերին հենց ադրբեջանական կողմն էր շինծու պատրվակներով գնացել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին իսկ կետի կոպտագույն խախտմանը:
Ավելին, ներկա հաղորդագրության եզրափակիչ հատվածում նոր հստակ ռազմական գործողությունների մեկնարկի սպառնալիք է հնչեցվում Հայաստանի և Արցախի հասցեին, որից հետո արդեն նշվում է Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին:
«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու վերատեղակայումը պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն: Տեղի ունեցած իրադարձությունները և Հայաստանի կողմից ապօրինի ռազմական փոխադրումների շարունակումը դեպի մեր երկրի ինքնիշխան տարածքներ ևս մեկ անգամ հաստատում են Ադրբեջանի տարածքում գտնվող Լաչինի ճանապարհի վերահսկողության ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
