Նախօրեին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկվել էր 40 այլ երկրների մասնակցությամբ և ՄԱԿ-ի կողմից հովանավորվող «Բաքվի գլոբալ ֆորումը», որի ընթացքում ելույթով հանդես էր եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ելույթի ընթացքում Ադրբեջանի նախագահը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, որոնք հիմնականում առնչվում էին Արցախյան հակամարտությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության հեռանկարներին:
Արցախյան հակամարտության մասին խոսելիս Ալիևը, ներկայացնելով իբր Բաքվի երկարատև խաղաղության ձգտման փորձերը, նշել է. «Ես կարող եմ ձեզ հետ կիսվել մեր փորձով: Հակամարտությունների կարգավորումը ընթանում է երկու ուղիով՝ խաղաղ և ոչ խաղաղ: Մենք շատ ենք փորձեր ձեռնարկել Հայաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, չնայած այն հանգամանքին, որ հայկական օկուպացիան հումանիտար ճգնաժամ էր ստեղծել Ադրբեջանում: Հայկական օկուպացիայի արդյունքում մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան հայրենազուրկ, փախստական և բռնի տեղահանվածներ»:
Շարունակելով Արցախյան հակամարտության թեման՝ Ալիևը Հայաստանին մեղադրել է ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ «էթնիկ զտումներ» իրականացնելու, նրանց Ղարաբաղից վտարելու և «միլիոնավոր ադրբեջանցիների տառապանքներ պատճառելու» մեջ:
Փորձելով Արցախի դեմ 2020 թվականին ուժի կիրառումը որպես օրինկան գործընթաց ներկայացնել՝ Ալիևը նշել է, որ դա եղել է ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունք, որը իրականացվել է բանակցային գործընթացները փակուղի մտցնելուց հետո: «Չնայած այն խաղաղ ճանապարհով լուծելու մեր փորձերին և Հայաստանին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը իրականացնելուն ուղղորդելուն, որոնք պահանջում էին ահնապաղ, անվերապահորեն և ամբողջականորեն հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, Հայաստանը ուղղակի անտեսում էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և անարգանք ցուցաբերում միջազգային իրավունքի և հանրության նկատմամբ: 1992 թվականին հակամարտության մեկնարկից անմիջապես հետո ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սակայն, ցավոք սրտի, Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում որևէ արդյունքի չհասավ: Եվ բանակցային գործընթացի ավարտին մեզ թվում էր, որ նրանք ուղղակի ցանկանում են սառեցնել իրավիճակը: Նրանք ցանկանում էին մեկընդմիշտ սառեցնել այս հակամարտությունը: Բայց մենք դրա հետ չհամաձայնվեցինք: Մենք արեցինք այն, ինչը ճիշտ համարեցինք՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը համապատասխան ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի: Մենք մեր տարածքները ազատագրեցինք ուժով, և դա մեր օրինական իրավունքն էր»,-իր ելույթում հայտարարել է Ալիևը:
«Այսպիսով մենք դա փորձում էինք անել խաղաղ ճանապարհով: Մենք անհաջություններ էինք կրում, որովհետև հայկական կողը ապակառուցողական էր տրամադրված: Եվ մենք արեցինք դա ուժով և ազատագրեցինք մեր տարածքները: Եվ ահա արդեն երկուսուկես տարի է, ինչ մենք վերականգնում ենք ահռելի մի տարածք, որը չափերով 10 0002 կիլոմետր է և ամբողջությամբ ավերված է»,-կրկնել է Ադրբեջանի նախագահը և հայտարարել, որ Բաքվի ֆորումի մասնակիցները արդեն հասցրել են այցելել 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և այնտեղ պանելային քննարկումներ ունեցել:
Ալիևի խոսքերով՝ նրանք բացի Շուշիից տեսել են նաև Ֆիզուլիի «ավերածությունները», որոնք նա անվանել է «բարբարոսության, ուրբացիդ, կուլտուրացիդ և էկոցիդ»:
«Ադրբեջանի ժողովուրդը վրեժի պահանջման բարոյական իրավունք ունի, և ես դա կարող եմ հասկանալ: Բայց իմ մեսիջը այն է, որ մենք վրեժխնիր եղել ենք մարտի դաշտում»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Չնայած 44-օրյա պատերազմի օրերին հայ ռազմագերիների գնդակահարման, զինվորների մամինները խեղելու և գլխատումների տարածված բազմաթիվ կադրերի ու լուսանկարների, ինչպես նաև հայկական եկեղեցիների ու գերեզմանատների նկատմամբ իրականացրած վանդալիզմի բազում ապացույցներին Ալիևը հայտարարել է. «Ի տարբերություն հայերի մենք որևէ ռազմական հանցագործություն չենք իրականացրել: Ի տարբերություն հայերի մենք ցեղասպանություն չենք արել: Մենք վրեժխնդիր ենք եղել մարտի դաշտում: Եվ հիմա եկել է խաղաղության ժամը»:
Որպես ադրբեջանական «խաղաղասիրության» դրսևորման ապացույց Ալիևը նշել է. «Այդ իսկ պատճառով պատերազմի ավարտից անմիջապես հետո 2020 թվականի նոյեմբերին մենք հանդես եկանք խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկներով և այդ պատճառով ներկայացրել էինք հայտնի 5 սկզբունքները, որոնք կարող էին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հիմքը դառնալ: Մենք հուսով ենք, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են նպաստ ունենալ, կհամոզեն Հայաստանին չկորցնել այս հնարավորությունը»:
Ավելին, Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Հայաստանը կորցրել է անկախ երկիր լինելու իր հնարավորությունը և վերածվել այլ երկրների գաղութի: «Նրանք կորցրել են անկախ երկիր դառնալու հնարավրությունը: Նրանք ամբողջապես կախված են դառնում, իր ձևով այլ երկրի, գուցե և այլ երկրների գաղութը: Այս ձևով նրանք կորցրել են իսկապես անկախ լինելու և իրենց ապագան կառուցելու հնարավորությունը, և դա մեր դեմ ագրեսիայի պատճառով»,-ասել է Ալիևը:
Հատկանշական է, որ լիակատար «անկախության կորստի» կամ «գաղութի վերածման» մասին խոսում է մի այնպիսի երկրի ղեկավար, որը սեփական երկրի զինված ուժերը փորձում է գրեթե ամբողջությամբ միաձուլել Թուրքիայի բանակին՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, մի երկրի ղեկավար, որը արտաքին քաղաքական ուղղվածությունը ձգտում է համակրգել նույն Թուրքիայի հետ և ամենուր այլևայլ հայտարարություններ տարածել համատեղ դիրքրոշումների մասին:
Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությանը, Ալիևը ասել է. «Այսպիսով մենք խաղաղություն ենք ուզում: Մենք այլ պատերազմ չենք ուզում: Եվ մենք կարծում ենք, որ խաղաղությունը հասանելի է: Իսկ այն, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա հոկտեմբերին, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը փաստացի ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա»:
Ավելին, Ալիևի խոսքերով ոչ միայն խաղաղության հնարավրություն կա, այլ հայերը կարող են ապրել Ադրբեջանի տարածքում «արժանապատվորեն», քանի որ Ադրբեջանը բազմակրոն և բազմաէթնիկ երկիր է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը, ապա Ադրբեջանը բազմակրոն, բազմազգ երկիր է։ Ադրբեջանում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են մեր սահմանադրությամբ։ Իսկ ով ծանոթ է Ադրբեջանի իրական իրավիճակին, կարող է ասել, որ Ադրբեջանը կրոնական և էթնիկ հանդուրժողականության բարձր մակարդակ ունեցող երկիր է, որտեղ տարբեր էթնիկ խմբեր, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ ապրում են խաղաղ և արժանապատիվ։ Այնպես որ, ես վստահ եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավ է լինելու, քան օկուպացիայի ժամանակ էր»:
Իր ելույթի եզրափակիչ հատվածում Ադրբեջանի նախագահը հնչեցնելով Բաքվի ընդհանրական դիրքորոշումը ասել էր. «Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմությունը, ունի իր դինամիկան և ունի իր ավարտը, սակայն կարևոր է, որ երկրների միջև վեճերը լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա, իսկ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն կարող փոխվել ուժով։ Սա Ադրբեջանի դիրքորոշումն է»:
«Այս դիրքորոշումը վերաբերում է ոչ միայն մեր դեպքին, սա վերաբերվում է աշխարհի բոլոր հակամարտություններին։ Մենք հրապարակայնորեն արտահայտում ենք այս դիրքորոշումը», — ասել է Ալիևը, որը սակայն մոռանում է հիշատակել, որ այդպես էլ չի դատապարտել իր մեծ եղբայր Թուրքիայի կոմից Հյուսիսային Կիպրոսի տասնամյակներ շարունակվող օկուպացիան:
