4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ջո Բայդենը հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում գրանցված հաջողությունների մասին. իրավապաշտպանները համաձայն չեն նրա հետ
Այլ Լուրեր

Ջո Բայդենը հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում գրանցված հաջողությունների մասին. իրավապաշտպանները համաձայն չեն նրա հետ

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ իր կառավարությունը 690 միլիոն դոլար կտրամադրի ժողովրդավարությանը խթանելու և աշխարհում ավտորիտարիզմի տարածման դեմ պայքարելու համար։  Այս մասին նախագահը ասել է միջազգային «Ժողովրդավարության գագաթնաժողովի» ընթացքում, որը նախագահում էր ԱՄՆ-ն։

Բայդենը խոստացել է այդ գումարը ներդնել կոռուպցիայի դեմ պայքարի, ազատ ընտրությունների աջակցման և ամբողջ աշխարհում անհրաժեշտ տեխնոլոգիաների զարգացման համար, որոնք կարող են օգնել ժողովրդավարական կառավարությունների կայացմանը:

Համեմատած 2021 թվականին անցկացված առաջին գագաթնաժողովի ելույթի հետ, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունը, Բայդենի կողմից վերոնշյալ ծրագրերի համար հայտարարված ներդրումների թիվը կազմել էր շուրջ 400 միլիոն դոլար: Սակայն այդ հայտարարությունից մեկ տարի հետո աշխարհում շատ բան էր փոխվել. վերացել էր covid համաճարակը, իսկ Ռուսաստանը լայանամասշտաբ ներխուժում էր սկսել Ուկրաինայի տարածք:

«Վստահ եմ, որ սա է մեր դարաշրջանի գլխավոր մարտահրավերը, և այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ ժողովրդավարությունները ամբողջ աշխարհում ուժեղանում են, ոչ թե թուլանում։ Բռնապետություններն էլ թուլանում են, և ոչ թե ուժեղանում»,-ասել է Բայդենը այս տարվա իր ելույթի ժամանակ:

Գագաթնաժողովին, որը հիմնականում անցակցվում է տեսակապի միջոցով, մասնակցել է 120 երկիր: Այն այս տարի ԱՄՆ-ի հետ միասին գլխավորում են Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Հարավային Կորեան և Զամբիան։

Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը կրկնում է այն թեզը, որ վերջին ժամանակներս աշխարհում ժողովրդավարությունն ամրապնդվում է, իսկ ավտորիատարիզմը՝ թուլանում։ Սակայն շատ հետազոտողներ, մասնավորապես աշխարհում ժողովրդավարության զարգացմանը հետևող անկախ կազմակերպությունները, ոչ միայն չեն կիսում, այլ նաև կասկածի տակ են դնում նախագահի նման պնդումները, առավել ևս երբ վերջին երկու տարիներին աշխարհի շատ մասերում ժողովրդավարական ընթացակարգերի հետ կապված զգալի խնդիրներ են առաջացել:

Բրիտանական The Economist հեղինակավոր ամսագրի հետաքննական բաժինը հրապարակել է ժողովրդավարության ինդեքսը։ Դրա գնահատականներով՝ 2021 թվականին աշխարհում ժողովրդավարության մակարդակը կտրուկ անկում է ապրել, իսկ 2022 թվականին այն գտնվում էր լճացման վիճակում։

«2022 թվականին ժողովրդավարության գլխավոր մարտահրավերը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա, նրա տարածքային ամբողջականության խախտումը, որը շոկային ալիքներ բարձրացրեց ամբողջ աշխարհով մեկ […]: Ռուսաստանում ժողովրդավարության մակարդակի անկումը այլախոհության դեմ հալածանքների և երկրում բռնաճնշումների հետևանքով ամենասուրն էր աշխարհի ցանկացած երկրից»,-ասվում է Economist Intelligence Unit-ի զեկույցում:

Ըստ զեկույցի՝ երկրների ռեժիմային դասակարգման մեջ կատարվել է ընդամենը հինգ փոփոխություն: Դեպի «լիարժեք ժողովրդավարություն» բարձրացող երկներից եղել են Չիլին, Ֆրանսիան և Իսպանիան:

«Արևելյան Եվրոպայի 16 երկրներ Ժողովրդավարության ինդեքսում 2022 թվականին ընդհանուր առմամբ բարելավել են իրենց ցուցանիշները, ընդ որում ամենամեծ բարելավումները գրանցել են Չեռնոգորիան և Ալբանիան:  Վեց երկիր բախվել է իր ցուցանիշների անկմանը, որոնցից ամենամեծը գրանցել է Ռուսաստանը»,-նշվում է զեկույցում և ավելացվում, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում այդպես էլ չեն ձևավորվել «լիարժեք ժողովրդավարություններ»:

Նշվում է, որ 28 երկրներից 16-ում առկա է «թերի ժողովրդավարություն», որոնք ներառում են անգամ Եվրոպական Միության անդամ արևելաեվրոպական և բալկանայան երկրներին, 4-ը համարվում են «հիբրիդային ռեժիմներ», որոնք են՝ Հայաստանը, Բոսնիան և Հերցեգովինան, Վրաստանն ու Ուկրաինան, իսկ 8-ը՝ «ավտորիատար ռեժիմներն» են. Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը և Անկախ պետությունների համագործակցության անդամ բոլոր միջինասիական երկրները:

Իսկ ահա ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպության տվյալներով էլ աշխարհում ժողովրդավարության անկում գրանցվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ:

Այն, որ հետխորհրդային տարածաշրջանում ժողովրդավարությունը չի ամրապնվել ընդգծում է նաև Freedom House՝ նշելով. «Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած պետությունների մեծ մասում գերակշռում են ազդեցիկ մարդիկ, ովքեր խորհրդային ժամանակաշրջանի կապերը վերածել են կլեպտոկրատական ցանցերի, որոնք հարստացրել են իրենց մերձավորներին՝ աղքատացնելով հասարակ քաղաքացիներին: Նման կոռումպացված ավտորիտար ռեժիմները նաև անկայունություններ են հրահրել և ողջ տարածաշրջանում սպառնալիքներ ստեղծել ժողովրդավարությունների համար: Բացի Ուկրաինայի դեմ Մոսկվայի սանձազերծած պատերազմից, վերջին հակամարտությունները ներառում են Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային բախումները և Հայաստաի տարածք Ադրբեջանի բանակի աճող ներխուժումները»: 

Ողջ աշխարհով ժողովրդավարության աճի մասին ներկայացրած Բայդենի թեզի հետ համամիտ չէր կարծես թե նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ով իր ելույթի ընթացքում խոսեց տարբեր երկրներում ԶԼՄ-ների և իրավապաշտպանների նկատմամբ սահմանափակումների աճի մասին:

Վերջին օրերին Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունը փորձեց թուլացնել դատական ​​համակարգի իշխանությունը, Մեքսիկայում կազմաքանդվեց ընտրությունների վերահսկման մարմինը, Հնդկաստանում առաջատար ընդդիմադիր քաղաքական առաջնորդը որակազրկվեց, Չինաստանում երկրի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում կրկին վերընտրվեց Սի Ցզինպինը, ընդ որում առավել ընդարձակ լիազորություններով:

Վերոնշյալը աշխարհում կատարվող ժողովրդավարական հետընթացի միայն մի փոքր մասն է: Իրավապաշտպանները պնդում են, որ քիչ ապացույցներ կան, որ «Ժողովրդավարության գագաթնաժողովին» միացած երկրները առաջընթաց են գրանցել իրենց ժողովրդավարության բարելավման հարցում, և որ չկա պաշտոնական մեխանիզմ, որը կստիպի մասնակիցներին հարգել առաջին հանդիպման ժամանակ ստանձնած համեստ պարտավորությունները ժողովրդավարության բարելավման ոլորտում:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ն և Նորվեգիան դարձել են ԵՄ երկրներին նավթի և բնական գազի հիմնական մատակարարները՝ փոխարինելով Ռուսաստանին. Եվրոստատ

Սերինե

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան իրանական ԱԹՍ-ի հարձակման, իսկ նախօրեին Սիրիայում ավիահարվածներ էր հասցրել նաև Իսրայելը

Սերինե

Հրապարակվել է ռուսների ռադիոկապի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք պնդում են, որ արդեն հայտնաբերել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ի բեկորները

Սերինե
Բեռնում.....