26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Ուկրաինական բանակն ապրիլ-մայիսին հակահարձակման կանցնի գերմանական Leopard տանկերով. սա Կիևից հնչող արդեն երկրորդ հայտարարությունն է
Այլ Լուրեր

Ուկրաինական բանակն ապրիլ-մայիսին հակահարձակման կանցնի գերմանական Leopard տանկերով. սա Կիևից հնչող արդեն երկրորդ հայտարարությունն է

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում է հակահարձակում սկսել գարնանը, ինչը հավանաբար տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը էստոնական ERR հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում։

Նախարարը համապատասխան հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե գերմանական Leopard տանկերը երբ են հայտնվելու առաջնագծում։ Ռեզնիկովի խոսքով, նման բան կարող է տեղի ունենալ հակահարձակման ժամանակ, որի համար ամենահաջող պահը կորոշի Գլխավոր շտաբը։

Ռեզնիկովը նաև հավելել է, որ ուկրաինական հարձակումը ծրագրված է մի քանի ուղղություններով՝ նշելով, որ եղանակային պայմանները կարող են ազդել գործողության մեկնարկի վրա։

«Գարնանը մեր հողը շատ թաց է։ Կարող են օգտագործվել միայն թրթուռավոր մեքենաները: Կարծում եմ՝ մենք կկարողանանք տեսնել դրանք [Leopard տանկերը] ապրիլ-մայիսին»,-ասել է Ռեզնիկովը:

Խոսելով բուն հարձակման մասին՝ նախարարն ասել է, որ 2023 թվականի ընթացքում աշխարհը կտեսնի «շատ դրական փոփոխություններ Ուկրաինայի համար»։ «Վստահ եմ, որ մենք կշարունակենք ազատագրել ժամանակավոր օկուպացված տարածքները, ինչպես արվեց Կիևում, Չեռնիգովում, Սումիում, Խարկովում, Խերսոնում»,-ասել է նախարարը:

Մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինա են ժամանել 18 գերմանական Leopard 2 տանկ, որոնք Գերմանիան խոստացել էր մատակարարել։ Փետրվարի վերջին Լեհաստանից Ուկրաինա է ժամանել Leopard 2 տանկերի առաջին խմբաքանակը։

Մարտի 21-ին էլ արդեն ԱՄՆ-ն որոշեց «Abrams» տանկերի ավելի հին մոդելներ փոխանցել Ուկրաինային, քանի որ ամերիկյան զինուժն արդեն ունի դրանք պահեստում և կարող է ավելի արագ առաքվել պատերազմական գոտի։

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոյի խոսքով՝ հունվարի վերջի դրությամբ արևմտյան երկրները խոստացել են Կիևին մատակարարել ավելի քան 300 տանկ։ Ավելի ուշ գերմանական իշխանությունները հավանություն են տվել նաև 178 Leopard 1 տանկերի մատակարարմանը Ուկրաինային՝ ի հավելումն նախապես հայտարարված մյուս մատակարարումների։

Ինչ վերաբերում է ուկրաինական բանակի հակահարձակմանը, ապա դրա շուրջ խոսակցությունները առավել քան ուժեղացել վերջին շրջանում: Առաջինը այդ մասին մարտի սկզբին բարձրաձայնել էր ուկրաինական բանակի գեներալ Ալեքսանդր Սիրսկին՝ իր թելեգրամյան ալիքում գրելով, որ պատրեազմի ձմեռային բարդ փուլը արդեն անցել է, որի արդյունքում ռուսներին չի հաջողվել լիարժեք վերահսկողություն հաստատել Բախմուտ քաղաքի վրա, և այս ֆոնին ուկրաինական բանակը օգտվելով իրավիճակից մոտակա ժամանակներում կանցնի հակահարձակման:

Սրան հաջորդել էր արդեն ներկայումս Բախմուտ քաղաքի համար մարտերի մեջ ակտիվորեն ներգրավված ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սեփականատեր Եվգենի Պրիգոժինի հայտարարությունները այն մասին, որ հավանակն է համարում ուկրաինական բանակի հակահարձակումը, որը կանգնեցնելու համար Գլխավոր շտաբը շտապ քայլեր պետք է ձեռնարկի:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության և հետախուզության ներկայացրած այսօրվա հակիրճ թարմացման մեջ սակայն նշվում է, որ ռուսական բանակը այնուամենայինիվ չունի ուկրաինական ճակատում իրադրություն փոխելու համար նախատեսնված լուջ կարողություն:

Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրել հատկապես ռուսական լրատվամիջոցների հրապարակած հաղորդագրություններին այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են մեծ ռազմական արշավ սկսել՝ լրացուցիչ 400,000 զինվոր հավաքագրելու համար:

Ռուսաստանը այս դեպքում արշավը ներկայացնում է որպես պրոֆեսիոնալ կադրերի կամավոր հավաքագրում, այլ ոչ թե որպես նոր պարտադիր մոբիլիզացիա։ Սակայն, բրիտանացի փորձագետները նշում են, որ իրական հավանականություն կա, որ գործնականում այդ տարբերությունները կփոշիանան, և մարզային իշխանությունները կփորձեն կատարել հավաքագրման իրենց խնդիրը հարկադրանքի միջոցով։

Միևնույն ժամանակ բրիտանական ուժային գերատեսչությունը իրատեսական չի համարում նաև 400,000 զինվոր հավաքագրելու մասին հայտարարությունները:

Ներկայումս ռուսական հարձակողական գործողությունները հիմնականում կենտրոնացված են ռազմաճակատի Բախմուտի շրջանում, որտեղ ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի (ISW) հաջողվել է վերահսկողություն սահմանել քաղաքի կենտրոնական գործարանային հատվածների և քաղաքից հարավ արևմուտք ընկած հատվածների վրա:

ISW-ի փորձագետների տվյալներով մարտի 29-ի դրությամբ ռուսական բանակը կարողացել է նաև զգալի առաջընթաց գրեանցել Դոնեցկի հարակից Ավդեևկա բնակավայրից հարավ-արևմուտք՝ առաջ շարժվելով 8 կիլոմետր և հարավ-արևելք՝ առաջ շարժվելով 7 կիլոմետր:

Նմանատիպ Հոդվածներ

Ի՞նչ է կատարվում Սուդանում, և ի՞նչ կապ ունի դրա հետ Ռուսաստանը

Սերինե

«Ուկրաինան կորցնելու ժամանակ չունի». Պենտագոնի ղեկավարը Կիևի դաշնակիցներին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները

Սերինե

Հրապարակվել է ռուսների ռադիոկապի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք պնդում են, որ արդեն հայտնաբերել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ի բեկորները

Սերինե
Բեռնում.....