Ռուսական «Մոսկվիչ» ավտոարտադրողը հաստատել է 2023 թվականին երկու նոր մոդելներ արտադրելու պլանները: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Դրանք կլինեն սեդան և քրոսովեր մեքենաներ, շուտով մենք ցույց կտանք, թե ինչպիսի տեսք կունենան»,- ասել են գործարանի ներկայացուցիչները։
Մարտի կեսերին այս մասին խոսել էր նաև «Կամազ» գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը։ Ընկերությունը նոր մոդելները, այդ թվում՝ չորս քրոսովեր և սեդան, պատրաստվում է ներկայացնել «Կամազ» բրենդի հետ միասին։
Առայժմ շարքում կա երկու մոդել՝ «Մոսկվիչ 3» քաղաքային քրոսովերը և «Մոսկվիչ 3e» էլեկտրական մեքենան: Սակայն, ռուսական ավտոարտադրողի մեքենաները այնքան էլ էժան չեն՝ առաջինի արժեքը սկսվում է 1,97 մլն ռուբլուց, երկրորդի արժեքը՝ 3,5 մլն ռուբլուց։
«Մոսկվիչ» գործարանը գտնվում է նախկին «Ռենո Ռոսիա» գործարանում, որը ֆրանսիական «Renault» ավտոարտադրողը փոխանցել է Մոսկվայի կառավարությանը 2022 թվականի մայիսին: Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Renault-ն դադարեցրեց աշխատանքը և լքեց Ռուսաստանը։
