Հանգստյան օրերին համապետական ընտրություններ են տեղի ունեցել եվրոպական միանգամից երկու երկրներում՝ խորհրդարանական Ֆինլանդիայում և նախագահական Չեռնոգորիայում։ Երկու դեպքում էլ երկրների ներկայիս ղեկավարները պարտվել են ընտրություններում։
Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է գործող վարչապետ Սաննա Մարինը, զբաղեցրել է երրորդ տեղը ապրիլի 2-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։
Քվեաթերթիկների 98%-ը մշակելուց հետո Մարինի կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 19,9%-ը։ Ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել է Ազգային պահպանողական կուսակցությունը՝ ներքին գործերի նախկին նախարար, ֆինանսների նախարար Պետերի Օրպոյի գլխավորությամբ։

Պահպանողականները հավաքել են ձայների 20,8%-ը։ Կուսակցությունը կարող է հավակնել Էդուսկունտեում (Ֆինլանդիայի միապալատ խորհրդարան) 200 մանդատներից 48-ին, իսկ Օրպոն, ամենայն հավանականությամբ, կդառնա երկրի նոր վարչապետը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Իսկական ֆինները»՝ Ռիիկա Պուրոյի գլխավորությամբ (20,2%)։ Նրանք խորհրդարանում հավակնում են 46 մանդատի, մինչդեռ սոցիալ-դեմոկրատները՝ 43:

Սաննա Մարինն արդեն շնորհավորել է իր մրցակիցներին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 71,9%։ Ընդ որում, վաղաժամկետ քվեարկել է ընտրողների 40%-ը։
Ինչ վերաբերում է Մոնտենեգրոյին, ապա գործող նախագահ Միլո Ջուկանովիչը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է էկոնոմիկայի նախկին նախարար Յակով Միլատովիչին։ Ըստ մոնիտորինգի տվյալների՝ Միլատովիչը ստացել է ձայների 60%-ը՝ 70% քվեարկողների մասնակցությամբ։
Ջուկանովիչը շնորհավորել է մրցակցին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Չեռնոգորիան կատարել է իր ընտրությունը. Ես հարգում եմ այդ ընտրությունը և նրան [Միլատովիչին] մաղթում եմ լինել հաջողակ նախագահ։ Եթե նա լինի հաջողակ նախագահ է, ապա Չեռնոգորիան նույնպես հաջողակ կլինի»,- գործող նախագահ Ջուկանովիչի խոսքը մեջբերում է RTCG-ն:

Հաղթանակ տարած Միլատովիչը, դիմելով իր կողմնակիցներին, խոստացել է, որ Չեռնոգորիան հինգ տարվա ընթացքում կմիանա Եվրամիությանը։ Երկիրը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2008 թվականին:
«Չեռնոգորիան վճռական քայլ կատարեց առաջ և հրաժեշտ տվեց Միլո Ջուկանովիչի հնացած ռեժիմին», — ասել է ապագա նախագահը:

Հիշեցնենք, որ Միլո Ջուկանովիչը ստանձնեց Չեռնոգորիայի կառավարության ղեկավարի պաշտոնը 1991 թվականին՝ 29 տարեկանում դառնալով Եվրոպայի ամենաերիտասարդ կառավարության ղեկավարը։ Նա ստանձնեց Չեռնոգորիայի Հանրապետության կառավարության ղեկավար պաշտոնն այն ժամանակ, երբ երկիրը դեռ մտնում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության կազմի մեջ։ Ընդհանուր առմամբ, Ջուկանովիչը հինգ անգամ եղել է երկրի վարչապետը և երկու անգամ՝ նախագահ (1998-ից մինչև 2002 թվականը և 2018-ից առ այսօր):
Նրա օրոք Չեռնոգորիան վերջապես անկախացավ Սերբիայից, 2017 թվականին անդամակցեց ՆԱՏՕ-ին և ստացավ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Միաժամանակ Ջուկանովիչին քննադատում էին հանցավորության ու կոռուպցիայի աճի համար, նշում է Associated Press-ը։
Ինչ վերաբերում է Չեռնոգորիայի ապագա նախագահին, ապա պետք է նշել, որ, ինչպես փոխանցում է BBC-ին, 37-ամյա Յակով Միլատովիչին՝ «Եվրոպան հիմա» կենտրոնամետ շարժման հիմնադիրներից մեկին աջակցում են Սերբիայի, Ռուսաստանի և Ուղղափառ եկեղեցուն մոտ կանգնած կուսակցությունները։ Նա էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլը։
