ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածության հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ընդդիմության միասնական թեկնածուի քննարկման ժամանակ հանձնաժողովի նիստում ընդդիմությունից ներկա միայն Թագուհի Թովմասյանը: «Ինձ հետաքրքրիր է՝ դուք ո՞նց եք պատրաստվում ընտրվել այս պաշտոնում: Ո՞ւր է ընդդիմությունը, որոնք առաջադրել են Էդգար Ղազարյանին՝ որպես ՄԻՊ թեկնածու: Եթե նման իրավիճակ է, թեկնածուի փոխարեն, ես շատ արագ կհեռանայի սրահից»,-հարցրեց Հովհաննիսյանը:
Թագուհի Թովմասյանն էլ պատասխանեց, որ ընդդիմությունն իր տեղում է, խորհրդարանում՝ աշխատանքի: «Եթե ՔՊ 70-հոգանոց խմբակցության կեսն այստեղ է, դա չի նշանակում, որ լավ բանի նշան է: Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական նախաձեռնությունն առաջադրել է Էդգար Ղազարյանի թեկնածությունը, ընդդիմությունն էլ, ընդառաջելով քաղաքացիական նախաձեռնությանը, որոշել է առաջադրել նրա թեկնածությունը»,-ասաց Թովմասյանը:
Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով ընդդիմության աշխատելու մասին դիտարկմանը, ասաց՝ աշխատելու վայրը հիմա այստեղ է: «Ձեր կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուին ենք լսում, ձեր կողմից որևէ ներկայացուցիչը, բացի Ձեզանից, չկա»,-ասաց պատգամավորը՝ դիմելով Թովմասյանին:
Ըստ Հովհաննիսյանի՝ դա ընդդիմության կողմից վերաբերմունք է խորհրդարանին, ՀՀ քաղաքացուն, մարդու իրավունքներին: Թովմասյանն էլ արձագանքեց՝ Հովհաննիսյանը չի որոշում, թե ընդդիմությունը որտեղ ու ինչպես աշխատի: «Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքով: Հանձնաժողովի նիստին անհարգելի բացակա պատգամավորները կստանան բացակա»,-նշեց Թովմասյանը:Նիստն անցնում է թեժ մթնոլորտում, իշխանական պատգամավորներն ու հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը պարբերաբար բանավիճում են:
