Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյան միջև տարաձայնություններ չկան ու չեն էլ կարող լինել։ Ալեն Սիմոնյանը այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Իմ ու վարչապետի միջեւ տարաձայնությունը բացառված է, մեր մեջ որեւէ հակասություն չկա եւ երբևիցե չի կարող լինել: Մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերն է»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել, մինչդեռ Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Աշոտ Փաշինյանի հանդեպ հարձակում է տեղի ունեցել։
Սիմոնյանը նշեց, որ քաղաքական գնահատական է տվել։
«Կարծում եմ, որ գնահատականն է, որ տարբեր է։ Ես չեմ ուզում որևիցե ձևով հակադրվել կամ մեկնաբանել։ Ես դա չեմ մեկնաբանում։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքական սադրանքները կան, և կարծում եմ, որ քաղաքական սադրանքները, ցավոք, փորձելու են շարունակել»,- ավելացրեց Սիմոնյանը։
