Երեկ Թվիթերի օգտատերերը նկատել են, որ էջի վերևի ձախ անկյունում գտնվող կապույտ թռչնի ձևով կոճակը փոխվել է Շիբա ինու ցեղատեսակի Դոգե շան պատկերով, որի անունով էլ կոչվում է Dogecoin կրիպտոարժույթը:
Forbes-ի տվյալներով՝ սոցցանցի օգտատերերը նորամուծությունը նկատել են ապրիլի 3-ին (Երևանի ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում)։
Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հրապարակել է սոցցանցի մեկ այլ օգտատիրոջ հետ նամակագրության սքրինշոթը: Օգտատերը Մասկին առաջարկել է գնել Թվիթերը և փոխել սոցցանցի լոգոն Դոգե շան պատկերով։ «Ինչպես խոստացել էի», — մակագրել է Մասկը սքրինշոթը։
Փոփոխությունների կատարումից հետո Dogecoin կրիպտոարժույթի արժեքը Binance բորսայում աճել է 30%-ով: Դրա գինը ընդամենը 30 րոպեում բարձրացել է մինչև 0,10 դոլար:
Սոցցանցի հավելվածում Թվիթերի տարբերանշանը մնացել է նույնը։ Պլատֆորմի պաշտոնական էջերը պահպանել են կապույտ թռչնի տեսքով տարբերանշանը։
Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը նախկինում մի քանի անգամ նշել է Dogecoin կրիպտոարժույթն իր Թվիթերում, որն ունի ավելի քան 133 միլիոն հետևորդ: 2021 թվականի փետրվարին, Մասկի կողմից այս կրիպտոարժույթի մասին մի քանի թվիթերի շարքից հետո, Dogecoin-ի գինը բարձրացավ ավելի քան 50%-ով:
Այդ ամենի արդյունքում Իլոն Մասկին 258 միլիարդ դոլարի ռեկետ իրականացնելու հայց է սպառնում այն բանից հետո, երբ մի խումբ կրիպտո ներդրողներ նրան մեղադրել են Dogecoin-ի գինը միտումնավոր ուռճացնելու մեջ:
Հայցվորները պնդում են, որ Մասկը օգտագործել է իր ներկայությունը սոցիալական ցանցերում և երեկոյան շոուներից մեկում, որպեսզի բարձրացնի Dogecoin-ի գինը «ավելի քան 36,000 տոկոսով երկու տարում, այնուհետև տապալի այն»:
Հայցադիմումում ասվում է, որ Մասկը «օգտագործել է իր պատվանդանը որպես աշխարհի ամենահարուստ մարդ՝ Dogecoin-ի բուրգի սխեման կառավարելու և շահարկելու համար»:
