Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքը։
Բրյուսելի կենտրոնակայանում Ֆինլանդիայի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին է փոխանցել անդամակցության դիմումը, իսկ մյուս մասնակից երկրների արտգործնախարարները՝ դրան իրենց համաձայնությունը հաստատող փաստաթղթեր։ Այդ պահից Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ դաշինքի 31-րդ անդամը։

Նշենք, որ Ֆինլանդիան երկար տասնամյակներ անգամ չէր էլ ծրագրում անդամակցել ՆԱՏՕ-ին, որպեսզի չփչացնի նորմալ հարաբերությունները ԽՍՀՄ-ի, իսկ հետո՝ Ռուսաստանի հետ։ Հելսինկիում մտափոխվեցին ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժումից հետո։
Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև Շվեդիան։ Սակայն, այս երկիրը դեռ չի դարձել դաշինքի անդամ Թուրքիայի հակազդեցության պատճառով. Անկարան Ստոկհոլմին մեղադրում է քուրդ արմատականների դեմ անբավարար պայքարի մեջ։
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանի երկարությունը կազմում է ավելի քան 1,270 կիլոմետր։ Մինչ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անդամ դառնալը, դաշինքի երկրների (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան և Նորվեգիա) հետ Ռուսաստանի Դաշնության ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը կազմում էր մոտ 1,260 կիլոմետր։ Այժմ Ռուսաստանի ցամաքային սահմանը թշնամական ՆԱՏՕ-ի հետ, որի ենթադրյալ հնարավոր ընդլայնման պատճառով Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, կրկնապատկվել է։
