15.1 C
Yerevan
23 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 22.05.2023
Գլխավոր » Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ավարտից անցել է 7 տարի
Այլ Լուրեր

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ավարտից անցել է 7 տարի

Յոթ տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 5-ին, Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածութայն շնորհիվ ավարտվեց Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական բանակի մանրամասն պլանավորված հարձակողական գործողությունների ակտիվ փուլը: Ռազմական գործողությունները, որոնք համարվում էին 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո առաջին լուրջ էսկալացիան, հանգեցրել էին 100-ից ավել հայ զինծառայողների և շուրջ 500 ադրբեջանցի զինվորականների մահվան: Ադրբեջանական բանակի կողմից հարձակողական գործողությունները ուղեկցվել էին հիմնականում հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի և դիվերսիոն-հետախուզական խմբերի ակտիվ կիրառմամբ: 

Ռազմական գործողությունների պատճառները. Այն, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հարձակողական գործողությունները նախաձեռնողը եղել էր հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, համաձայն են աշխարահռչակ քաղաքագետ-վերլուծաբաններն ու պատմաբանները: Սակայն, թե որոնք են եղել դրանց նախաձեռման հիմնական պատճառները՝ գիտնականները տարբեր տեսակետներ են առաջ քաշում: Բերենք դրանցից մի քանի օրինակ.

Բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի Կովկասի գծով մասնագետ Լոուրենս Բրոերսի խոսքով, դեռ մինչև վերջ հստակ չէ, թե ինչպես են սկսվել  ապրիլյան չորսօրյա ռազմական գործողությունները, և որ հանգամանքներն են եղել դրանց մեկնարկի պատճառները, սակայն անուղղակի ապացույցներն ու տրամաբանությունը հուշում են, Լեռնային Ղարաբաղում ապակայունացման համար, որ պատասխանատու է Ադրբեջանը։ Ըստ Բրոերսի՝ էսկալացիայի ամսաթիվը, այսինքն հայերի կողմից Քելբաջարի գրավման 23-րդ տարելիցի օրը, երեք տարբեր ուղղություններով հարձակողական գործողությունների մասշտաբները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի, հրթիռների և օդանավերի ողջ տեսականու օգտագործումը լիովին հերքում են այն տեսակետները, որ տեղի ունեցածը «պատահական էսկալացիա էր»։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Լեռնային Ղարբաղի հարցով ՌԴ նախագահի լիզոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը «Քարտ բլանշ. Ղարաբաղ. անցյալից և ներկայից հանուն ապագայի» վերնագրով հոդվածում նույնպես կարծիք է հայտնել, որ լարվածության հիմնական պատասխանատուն Ադրբեջանն է եղել: 

Ռուսաստանցի դիվանագետը Ադրբեջանի իշխանությունների կողմից նման քայլերի դիմելու պատճառը տեսնում է այդ երկրի ղեկավարության գործողությունների հակադրության ու անհետևողականության մեջ։ Կազիմիրովը հոդվածում նշել է, որ ադրբեջանական կողմը վաղուց չի դիտարկում իր ստորագրած փաստաթղթերում պաշտոնապես ընդունված պարտավորությունների կատարումը։ Նա հիշեցնում է, որ 1994 թվականին, մինչ հրադադարի հաստատումը Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների հետ փետրվարի 18-ին Մոսկվայում ստորագրել էր մի համաձայանգիր, որով կողմերը պարտավորվում էին հրադադարի հաստատումից հետո զորքերը հետ քաշել շփման գծից որոշակի հեռավորության վրա: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը հետագայում հրաժարվեց իրականացնել հակամարտությունների կարգավորման համար տարրական այս պարտավորվածությունը, ինչն էլ իր հերթին հետագայում բազմաթիվ ծրագրված և չծրագրված լարվածությունների հիմք հանդիսացավ: Սա, ըստ Կազիմիրովի, շփման գծում լարվածության հիմնական պատճառներից մեկն է։ 

Global Observatory-ն նշում է, որ նավթի գների կտրուկ անկման և դրան հաջորդած ադրբեջանական ազգային արժույթի արժեզրկման հետևանքով առաջացած տնտեսական անկումը 2016 թվականի հունվարին Ադրբեջանում հանգեցրել էր բողոքի ցույցերի և անկարգությունների։ Ըստ պարբերականի, հենց այս ձևով Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի բնակչության մոբիլիզացումը կարող է նպաստել տնտեսական դժվարին ժամանակներում վարչակարգի նկատմամբ հանրային աջակցության մեծացմանը։ 

Համանման կարծիք հայտնում են նաև Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի մասնագետները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնացել են հայկական կողմի հետ էսկալացիայի ու թշնամության ճանապարհով, որի նպատակը հիմնականում ադրբեջանական հասարակության ուշադրությունը նավթի ցածր գների պատճառով առաջացած տնտնեսական վատթար դրությունից, ազգային արժույթի արժեզրկումից և կյանքի վատթարշ պայմաններից շեղելն էր: Գիտնականների գնահատմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարաության կողմից նման քայլին գնալը բավականին լավ հաշվարկված գործողություն էր, քանի որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների շուրջ ադրբեջանակն հասարակությունը բավականին զգայուն էր և պատրաստակամ էր աջակցել իշխանություններին նման իրավիճակներում: 

ԱՄՆ Յորքի համալսարանի գիտաշխատող Նինա Կասպերսեն «The Washington Post»-ում հրապարակված իր հոդվածում գրում է, որ չայած լիովին հստակ չէ թե ինչն է հիմք հանդիսացել ռազմական գործողությունների մեկնարկի համար, այնուամենայնիվ ակնհայտ է այն փաստը, որ Բաքուն նման միջոցներով փորձել է հայկական պաշտպանական դիրքերի կայունությունը և ձգտել Լեռնային Ղարբաղի շուրջ բանակցություններում հայկական կողմից ձեռք բերել մեծ զիջումներ:  

International Relations and Security Network վերլուծական կենտրոնի փորձագետ Կարլ Ռահդերը The National Interest ամսագրի համար գրած հոդվածում գալիս է այն եզրակացության, որ չնայած հրադադարի ռեժիմի խախտման փոխադարձ մեղադրանքներին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հարձակողական գործողություններ սկսելու կարիք ընդհանրապես չի եղել, քանի որ նրանք արդեն վերահսկում էին Ղարաբաղը և հարակից տարածքները։ Բացի այդ հենց Ադրբեջանն է պատրաստ եղել խախտել հրադադարի ռեժիմը: Օրինակներ բերելով հեղինակը գրում է. «2010 թվականին, խաղաղ բանակցությունների տապալումից անմիջապես հետո, ադրբեջանական զորքերը սկսեցին անսովոր ուժգին հարձակում խիստ ամրացված «շփման գծի» երկայքնով, որը բաժանում է երկու կողմերի ռազմական ուժերը: Իսկ 2014 թվականին ադրբեջանականկողմը խոցեց հայկական ուղղաթիռը, որը թռնում էր շփման գծին զուգահեռ»:

Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի պատմաբան հետխորհրդային երկրների հետազոտությունների բաժնի ղեկավար Ալեքսանդր Կռիլովը նշում է, որ ադրբեջանական բանակի ներուժի ավելացումը ուղեկցվել է շփման գծում ռազմական լարվածության աճով։ Նրա խոսքով, 2015 թվականին Ադրբեջանին զենք մատակարարելու արդյունքում նախկին ռազմաքաղաքական հավասարակշռությունը զգալիորեն խախտվել էր հօգուտ Ադրբեջանի։ Ի պատասխան՝ Հայաստանը Ռուսաստանի հետ նոր արտոնյալ պայմանագիր էր կնքել ռազմական տեխնիկայի մատակարարման համար։ Այս համաձայնագիրը հնարավորություն պետք է ընձեռեր ադրբեջանական բանակի գերակայությունը չեզոքացնելու համար, գոնե որոշակի զինատեսակներում։ Սակայն Լեռնային Ղարաբաղում բախումները սկսվել էին այն ժամանկ, երբ նոր զինատեսակները Հայաստան չէին հասել: Ըստ Կռիլովի, ռազմական փորձագետները հենց դա են համարում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու Բաքվի որոշման պատճառներից մեկը. համաձայնագիր, որը նախատեսում էր մի շարք զինատեսակների մատակարարում Հայաստանին։

Նաև ընդգծենք, որ Ադրբեջանը մի քանի տարի շարունակ բացահայտորեն պատրաստվում էր ռազմական գործողությունների մեկնարկին, որի մասին վկայում էին մարդկային ուժի և ռազմական տեխնիկայի շարունակական կուտակումները, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած բազմաթիվ հայտարարությունները՝ հօգուտ հակամարտության ռազմական լուծման։

Այսպես, 2015 թվականի մարտի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը կուտակել է անհրաժեշտ սպառազինություն՝ առաջին հարվածով հակառակորդ ուժերի 70 տոկոսը ոչնչացնելու համար։ Սրանից արդեն մեկ տարի անց՝ 2016 թվականի մարտի 19-ին իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Հակամարտությունը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մեր երկիրն ու բանակն էլ ավելի հզորանան։ Այս ուղղությամբ շատ բան է արվում։ Այսօր մենք լիարժեք առավելություն ենք ստացել շփման գծում»: 

Ընդգծենք նաև, որ Լեռանյին Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի համար հասարակության շրջանում ակտիվ քարոզչական աշխատանքներ էր տանում նաև ադրբեջանական հոգևորականությունը՝ երկրի գլխավոր հոգևորական, շեյխ ալ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի գլխավորությամբ: Օրինակ՝ ապրիլյան մարտերից դեռ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի հոկտեմբերին Կովկասի մուսուլմանների հոգևոր վարչությունը շիա մուսուլմանների համար կարևոր համարվող իսլամական օրայցույցի Մուհարրամ ամսի տոնակատարությունները, որոնք կապված են 680 թվականին Մուհամամդ մարգարեի թոռ Իմամ Հուսեյինի Քերբալայի ճակատմարտում տեղ գտած նահատակության հետ, կարգավորող հայտարարությունում նշում էր. «Մեր հոգևորականներն իրենց քարոզներում պետք է փոխանցեն պատմական ճշմարտությունը Քերբալայի դեպքերի և Քերբալայի նահատակության էության մասին, սերմանեն մեր հողերի ամբողջականության համար զոհված Ղարաբաղի և Խոջալուի նահատակների անձնազոհության օրինակը և աղոթեն գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ մեր հողերը օկուպացիայից շուտափույթ ազատագրման համար»: 

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստվելու գրեթե բոլոր փաստերի առկայության պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը չգիտես ինչու այդ ժամանակաշրջանում կտրականապես հերքում էր պատերազմի հավանականությունը: Նման կարծիք ռազմական գործողությունների մեկնարկից շուրջ երկու շաբաթ առաջ հայտնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում՝ տեղի հայկական համայնքի հետ հանդիպման ընթացքում, իսկ ահա իրադարձություններից երկու օր առաջ էլ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր նմանատիպ գնահատականներ հնչեցրել հայ ակադեմիականների հետ հանդիպման ժամանակ։

Ռազմական գործողությունների ընթացքը. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մեկնարկված ռազմական գործողություննեի մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ՀՀ ՊՆ) և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության պաշտպանության բանակը (ԼՂՀ ՊԲ) հայտարարեցին առավոտյան ժամը 9:30-ին: 

ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են»:

Ադրբեջանական կողմը չհերքեց իր կողմից հարձակողական գործողություններ սկսելու փաստը, և Պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ դրանց որպես անմիջական առիթ հայտարարեց հայկական կողմի իբր շփման գծի երկայնքով իրականացրած գնդակոծություններն ու սադրանքները: 

«Ապրիլի 2-ի գիշերը և օրվա ընթացքում մեր ճամբարներն ու բնակավայարերը ողջ ճակատի երկայնքով ենթարկվել են հակառակորդի ակտիվ գնդակոծությանը: Արդյուքնում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Այս սադրանքը կանխելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով մեր զինված ուժերի հրամանատարությունը որոշել է հակադիր գործողություններ իրականացնել Աղդարա (Մարտակերտ)-Թարթառ-Աղդամ և Խոջավանդ (Մարտունի) -Ֆուզուլի ուղղությամբ»,-ասվում էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Մարտական գործողությունները հիմնականում կենտրոնացել էին 257 կիլոմետր երկարություն ունեցող ճակատային գծի երկայնքով: Բախումների մեկնարկից ժամեր անց հայկական կողմը սկսել էր հայտնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց ՊՆ աղբյուրները հայտնել էին նաև ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:

Արդեն ժամը 10։00-ի Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել էին, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել և տեղափոխվել էին հիվանդանոց: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը, դատապարտելով Ադրբեջանի նախահարձակ գործողությունը, հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ-ն «միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն»։ Միաժամանակ ՊՆ-ն հայտնում էր, որ «մշտական կապի մեջ է օտարերկրյա պետույթունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ»։

Մեկ ժամ անց ՀՀ ՊՆ-ն տարածած հաղորդագրութան մեջ նշել էր. «ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է»: 

Ադրբեջանական կողմն էլ տարածած հաղորդագրության մեջ նշում էր. «Հակառակորդի ուժերից ամբողջովին մաքրվել են Թալիշ գյուղի շրջակա բարձունքները, որոնք կարող էին վտնագ ներկայացնել Գերանբոյ շրջանի և Նավթալան քաղաքի համար, ինչպես նաև մաքրվել է Սեյսուլան բնակավայրը»: Նույն հաղորդագրության մեջ հարավային ուղղությամբ ընթացած մարտերի և ունեցած ձեռքբերումների մասին նշվում էր. «Հորադիզ քաղաքը հակառակորդի սպառնալիքից պաշտպանելու նպատակով մեր վերհակսողության տակ է առնվել նաև «Լելե-Թեփե» կոչվող ռազմավարական կարևոր բարձունքը, որը գտնվում է Ֆուզուլիի շրջանի ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս մեր ստրաբաժանումներին վերահսկողության տակ պահել մեծ տարածություն»: 

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված մեկ այլ պաշտոնական հաղորդագրության համաձայն ժամը 17-ի դրությամբ ադրբեջանական բանակի կորուստները կազմել էին 12 զոհ, 1 ուղղաթիռ, 1 տանկ: 

Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հայտնել էր, որ սկսված մարտական գործողությունները իրենց մասշտաբներով առաջինն են 1994 թվականի հրադադարից հետո, որից հետո նշել էր հայկական կողմի զհոերի թիվը. «Այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին եւ հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին եւ արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ եւ ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաեւ զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները եւ բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետեւակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք եւ 35-ին մոտ վիրավոր»:

Ավելին, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը անգամ հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ-ի հետ առանձին ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ժամանկն է՝ նշելով. «Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետեւ ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես երեկոյան հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ հնչեցրած ելույթում ռազմական գործողությունների մեկնարկի մեղքը ամբողջովին բարդելով հայկական կողմի վրա հայտարարել էր. «Այսօր Հայաստանը հերթական զինված սադրանքն իրականացրեց Ադրբեջանի դեմ՝ հարձակվելով շփման գծում մեր դիրքերի վրա և կրակ բացելով շփման գծի մերձակայքում գտնվող բնակելի բնակավայրերի ուղղությամբ։ Այս զինված սադրանքի արդյունքում մենք կորուստներ ենք ունեցել։ Զոհվել են զինվորներ և խաղաղ բնակիչներ։  […] Թող Ալլահը հանգստություն տա սպանվածների հոգիներին: Թող Ալլահը համբերություն տա զոհվածների հարազատներին և արագ ապաքինում վիրավորներին:  […]Սա Հայաստանի հերթական զինված սադրանքներից է մեր երկրի դեմ։ Առաջին անգամը չէ, որ նրանք նման սադրանքների են դիմում։ Նման սադրանք ադրբեջանա-հայկական սահմանին՝ Ղազախի ուղղությամբ, կատարվել էր օրեր առաջ։ Հայ դիվերսանտները հարձակվել էին մեր դիրքերի վրա, և մեր երկու զինծառայողները զոհվել էին այդ հարձակման հետևանքով։ Սրանով ուզում եմ ասել, որ այսօրվա սադրանքը նույնպես Ադրբեջանի դեմ Հայաստանի նենգ քաղաքականության դրսևորումն է։ Այսօր հայկական սադրանքը համարժեք պատասխան է ստացել ադրբեջանական բանակից։ Նրանք մեծ կորուստներ են կրել […]: Կարելի է ասել, որ հակառակորդը ջախջախիչ հարվածներ է ստացել»:

Ապրիլի 3-ի առավոտյան՝ հայկական կողմի հաղորդագրությունների համաձայն՝ ժամը 6:00 –ից ադրբեջանական կողմը հրթիռահրետանային հավածներով և զրահատեխնիկայի կիրառմամբ վերսկսել էին հարձակումը: Սրանից ժամեր անց ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, որի արդյուքնում հայկական կողմից վիրավորվել էին երկու զինծառայողներ։ Իսկ ահա Ռազմաճակատի հարավային հատվածում հաջողվել էր ոչնչացնել ադրբեջանական ԶՈւ 2 տանկ և հետևակի մարտական 1 մեքենա։ 

ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ ընթացած մարտերից հետո

Նույն օրը ադրբեջանական կողմը հայտարարութոյուն էր տարածել ռազմական գործողությունները միակողմանի դադարեցնելու մասին, սակայն ճակտաից ստացված տեղեկությունները վկայում էին, որ ինտենսիվ ռազմական գործողությունները իրկանում շարունակվել են: Ավելին Ադրբեջանի ՊՆ-ի հայտնած տվյալների համաձայն գիշերը տեղ գտած մարտերի ընթացքում զոհվել էին 3 ադրբեջանցի զինծառայողներ: 

Ապրիլի արդեն 4-ին և 5-ին ադրբեջանական բանակի հարձակողական գործողությունները շարունակվել էին տարբեր ինտենսիվությամբ: Հրետանու, ԱԹՍ-ների և տանկերի կիրառմամբ առավել ակտիվ մարտական գործողություններ իրկանացվել էին շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: 

Ապրիլի 4-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ հայտարարություն էր տարածել հայկական ԶՈՒ հրամանատարա-շտաբային կետի խոցման մասին, իսկ հայկական կողմը հայտարարել էր  Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի կիրառման մասին: 

Նշենք նաև, որ ադրբեջանցիների կողմից նախաձեռնված ռազմական գործողությունները ուղեկցվել են ռազմական լուրջ հանցագործություններով, որոնք բազմիցս ապացուցվել են հայկական կողմից: Այսպես, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրագործվել էր հայ ընտանիքի երեք տարեց անդամների դաժան սպանություն՝ նրանց դիակների խեղմամբ։ Խեղման էին ենթարկվել նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ավելի քան երկու տասնյակ զինծառայողների մարմիններ. կտրել էին գլուխները, դաստակները, մատներն ու ականջները։ Առնվազն չորս զինծառայողներ կտտանքների են ենթարկվել դեռևս կենդանության օրոք։ Ադրբեջանցի զինվորները նկարահանել էին են կտրված գլուխները ձեռքներին և դրանք ցուցադրել մերձակա ադրբեջանական գյուղերի բնակիչներին։

 

Ադրբեջանի ԶՈւ ռմբակոծությունների հետևանքը Թալիշում 

Ռազմական գործողությունների դադարեցում. Ապրիլի 5-ին կեսօրից հետո հայկական կողմը հայտարարեց բարձր հրամանատարության կողմից «կրակը դադարեցնելու ստացված հրամանի» մասին, իսկ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ «բանակին հրաման է տրվել շփման գծի երկայնքով դադարեցնել բոլոր գործողությունները»:

Հրադադարի մասին կողմերը պայմանավորվածություն ձեռք էին բերել ապրիլի 5-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը Մոսկվայում ՌԴ ՊՆ միջնորդությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը որևէ փաստաթուղթ չէին ստորագրել: 

Երեկոյան արդեն հաղորդագրություն տարածվեց, որ Սերժ Սարգսայանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես նշվում էր Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ, Պուտինը «լուրջ մտահոգություն» էր հայտնել տարածաշրջանում լայնածավալ զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, և հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ապահովել զինադադարի պահպանումը։ Զրույցի ընթացքում նշվել է, որ Ռուսաստանը ձեռնարկում և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջնորդական քայլերը՝ օգնելու տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը հասնելու համար։ 

Ապրիլի 5-ին երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև դեռ 1993 թվականից հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը: Տարածված հայտարարության տեքստում նշվում էր, որ կառույցի անդամ 9 երկրները խստորեն դատապարտում են «շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը» և կողմերին հորդորում «անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը»։ «Հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցությունների անհրաժեշտությունը` ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ»,-ասվում էր հայտարարության մեջ։

2016 թ․ մայիսի 16-ին ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ հայտարրաեցին, որ «հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել»՝ շեշտելով հրադադարի մասին 1994 և 1995 թթ․ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Վիեննայում

Իսկ ահա մեկ ամիս անց՝ հուլիսի 20-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Սանկտ-Պետերբուրգում կազմակերպվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ նոր անդիպում, որի ընթացքում կողմերը կրկին վերահաստատել էին 2016 թ․ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն, չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ ադրբեջանական կողմը հրաժարվում էր գործնական քայլեր ձեռնարկել դրանց կյանքի կոչման ուղղությամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում

Մարտական գործողություններից հետո շրջանառվող այն տեղեկությունները, թե հայկական կողմը ունի որոշակի տարածքային և դիրքային կորուստներ վերջնականպես հաստատել էր Սերժ Սարգսյանը՝ Վիեննայից վերադառնալիս օդանավի մեջ տված հարցազրույցում: «Երբ ասում եմ, որ մեր զինված ուժերն իրենց խնդիրները կատարեցին, հավատացեք` մեր զինված ուժերն ի վիճակի էին այս ստատուս քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր. արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել 35-40-80 հայրենասեր տղաներ»,-ասել էր այդ ժամանակ Սարգսյանը, և հավելել- «ռազմավարական առումով, այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, միգուցե, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ- որ մի արդյունքի են հասել»:

Երկար կարելի է խոսել ապրիլյան ռազմական գործողություններից քաղվելիք դասերի մասին, որոնք մեզ իհարկե դեռ պետք էին գալու 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ, սակայն այլ հարց է թե, որքանով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընկալեց այդ դասերը, կամ թե արդյո՞ք ընկալելուց հետո հաջողվեց նրանց յուրացնել դրանք: 

Ապրիլյան իրադարձություներից հետո մեկ բան հստակ մնաց. Ադրբեջանը շարունակեց ոչ միայն Իսրայելից, Թուրքիայից և ՌԴ-ից գնած զինտեխնիկայի միջոցով հարստացնել սեփական սպառազինությունները այլ նաև առավել ամրապնդել հակահայկական քարոզչությունը: Ամենուր, լրատվականների հաղորդումների, վերլուծական կենտրոնների, գիտական հաստատությունների, հոգևոր կառույցների և անգամ դասագրքերի նոր հրատարակությունները ողողված էին հակահայկական քարոզչությամբ:

Հատկանշական է, որ Ադրբեջանում ապրիլին տեղ գտած իրադարձություները հասրակությանը ներկայացվում էրն որպես հաղթական ռազմական գործողություններ, որի արդյուքնում հաջողվել էր ազատագրել կարևոր ռազմավարակն հենակետեր: Անգամ, այդպիսի քարոզչական նպատակներով 2019 թվականի թողարկվել էր «Լելե-Թեփե» բարձունքի «ազտագրման 3 տարվան նվիրված» նամականիշ:

 

Ադրբեջանի նախագահը առավել անկեղծորեն ապրիլյան ռազմական գործողությունների մաքսիմալիստական նպատակի մասին հայտարարեց 2016 թվականի նոյեմբերի 12-ին՝ բացահայտ կերպով ընդգծելով, որ Բաքվի նախաձեռնած գործողությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումն էր։ Նա, մասնավորապես հայտարարել էր. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա…»։ 

Այսպիսով, ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում առաջ եկան հայկական բանակի և Արցախի ՊԲ-ի ունեցած բազմաթիվ բացերն ու թերությունները՝ սկսած մոբիլիզացիայի և սպառազինության հետ կապված խնդիրներից մինչև մարտավարական գործողությունների իրականացում: Ակնհայտ դարձավ նաև քաղաքական ղեկավարության կողմից դիվանագիտական ճակատում ցուցաբերած ոչ չկուն մոտեցումնեի փաստը: Երկրի ներսում թերի մնաց հասարակությանը իրադարձությունները առավել անկեղծ և անիմաստ պատրանքներից զերծ՝ առանց հակառակորդին թերագնահատելու ներկայացնելու քաղաքականությունը: Դրանք ևս մեկ անգամ շարունակվեցին խորանալ, ընթացած ռազմական գորխողությունների արդյուքնում Ադրբեջանին «պարտության մատնելու» մասին ներկայացվող և Ռուսաստանի կողմից տարածաշրջանում երկարատև պատերազմ և 1994-ին ձևավորված «ստատուս քվոն փոփոխելը թույլ չտալու մասին» թեզերի  քարոզչությամբ: Արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվեց «ոչ մի քայլ հետ» և «դիրքերը չզիջող հայկական բանակի» գաղափարը, ինչն էլ հետագայում՝ 44 օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի առաջխաղացումների մասին տեղեկություններին զուգահեռ հադիսացավ հասարակության բարոյահոգեբանական անկման գլխավոր պատճառներից մեկը:

Վերոնշյալ և հայ հասարակությանը ծանոթ բազմաթիվ թերություններով հանդերձ, ապրիլյան օրերից ստացած դասերի առանց որևէ կետ յուրացնելու և թերությունները շտկելու ուղղություն վերցրեցիք դեպի 2020 թվականի սեպտեմբերի 27…

Բորիս Ղազարյան

Նմանատիպ Հոդվածներ

400, թե 800 հեկտարի կորուստ Ապրիլյանի ժամանակ. Ի՞նչ «ավելի ճշգրիտ չափումների» մասին է խոսում Սերժ Սարգսյանը

Սերինե

Ապրիլյան պատերազմն անցած տղաներն իրենց ձեռքով ինքնաձիգներ են հավաքում Հայաստանում

Սերինե

14:00-ին Սերժ Սարգսյանը կլինի ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում

Աշխեն
Բեռնում.....