Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն ասել է, որ ափսոսում է, որ 1994 թվականին համոզել է Ուկրաինայի իշխանություններին հրաժարվել խորհրդային միջուկային զինանոցից։ Այս մասին Քլինթոնն ասել է իռլանդական RTE հեռուստաընկերության եթերում։
«Ես անձնական պատասխանատվություն եմ զգում, քանի որ ստիպեցի նրանց [ուկրաինացիներին] համաձայնել հրաժարվել իրենց միջուկային զենքից: Եվ նրանցից ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանը կդիմեր այս հնարքին, եթե Ուկրաինան դեռ զենք [միջուկային] ունենար»,- ասել է Քլինթոնը:

ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պահպանում համաձայնագիրը, որը երաշխավորում է Ուկրաինայի անվտանգությունը միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։ Քլինթոնն այս համաձայնագիրը ստորագրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Բորիս Ելցինի և Լեոնիդ Կրավչուկի հետ։
Բիլ Քլինթոնը հավելել է նաև, որ ուկրաինական կողմը վախենում էր հրաժարվել միջուկային զենքից, «քանի որ կարծում էին, որ դա միակ բանն է, որ պաշտպանում է իրենց ռուսական էքսպանսիայից»։ «Երբ նախագահ Պուտինին հարմար դարձավ, նա խախտեց այն [պայմանագիրը] և առաջին հերթին բռնակցեց Ղրիմը։ Եվ ես սարսափելի եմ զգում դրա համար, քանի որ Ուկրաինան շատ կարևոր երկիր է»,- ասել է Քլինթոնը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկրի միջուկային զենքը, բացի Ռուսաստանից, կար նաև երեք այլ երկրների՝ Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի տարածքում։ Շուտով բոլոր երեք երկրներն էլ ինքնակամ հրաժարվեցին միջուկային կարգավիճակից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։
Ուկրաինայի տարածքից միջուկային զենքը հեռացվեց և փոխանցվեց Ռուսաստանին: Կիևը հրաժարվեց իր միջուկային կարգավիճակից, այսպես կոչված՝ Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Հուշագիրը ստորագրել են Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Այդ երկրները երաշխավորում էին Ուկրաինայի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը:
