16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Թող խոսի Հաագայում. Մեծ Բրիտանիան արգելափակել է ՌԴ երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ելույթի հեռարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Աշխարհ

Թող խոսի Հաագայում. Մեծ Բրիտանիան արգելափակել է ՌԴ երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ելույթի հեռարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի առաքելությունն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստի հեռարձակումը, որը կազմակերպել էր Ռուսաստանը «Ուկրաինայից տարհանված երեխաների հարցով»։ Այս մասին Թվիթերում հայտնել է բրիտանական պատվիրակությունը։

Այս հանդիպմանը պատրաստվում է ելույթ ունենալ ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, ում ձերբակալության օրդեր է տվել Միջազգային քրեական դատարանը։ Լվովա-Բելովան, ինչպես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան արտաքսելու մեջ։

Լվովա-Բելովայի ելույթը կանխելու համար Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն արգելափակել են հանդիպման հեռարձակումը ՄԱԿ-ի պաշտոնական կայքով, որպեսզի թույլ չտան Լվովա-Բելովային «ապատեղեկատվություն տարածել»։

«Եթե Մարիա Լվովա-Բելովան ցանկանում է խոսել իր գործողությունների մասին, նա կարող է դա անել Հաագայում», — ասել են բրիտանական պատվիրակությունում:

Ռուսաստանը պատրաստվում է ապրիլի 5-ին անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ «Երեխաները և զինված հակամարտությունները. ուկրաինական ճգնաժամ: Երեխաների տարհանում հակամարտության գոտուց»:

Ի պատասխան բրիտանացիներին, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ ռուս դիվանագետները «հեռարձակման միջոց կգտնեն»։ Նա պարզաբանել է, որ հեռարձակումը տեղի կունենա իր տելեգրամյան ալիքով։

Ապրիլի 1-ից Ռուսաստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկ ամսով նախագահելու իրավունքը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում վատ կատակ է անվանել: Իսկ Եվրամիությունում ապրիլի 1-ին հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում «հարմար է ապրիլմեկյան օրվա համար»։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային՝ Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների մեղադրանքով։ Նրանք կասկածվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսման մեջ։

Բեռնում.....