16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել
Այլ Լուրեր

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։

Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ  Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենաները և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ ՌԴ խաղաղապահները 5 ժամ բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։

«Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։ 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։ Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։ Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:

Բեգլարյանը նշում է, որ սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: «Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։ Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է»,- գրել է նախկին պետնախարարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։

Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:

Բեռնում.....