16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Իսրայելի ոստիկանները Ռամադանի ժամանակ դաժանաբար ծեծել են պաղեստինցի հավատացյալներին Ալ Աքսա մզկիթում
Այլ Լուրեր

Իսրայելի ոստիկանները Ռամադանի ժամանակ դաժանաբար ծեծել են պաղեստինցի հավատացյալներին Ալ Աքսա մզկիթում

Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 5-ի առավոտյան՝ մուսուլմանների համար սուրբ համարվող Ռամադան ամսին, գրոհել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ աշխատակիցները մզկիթի տարածք են մտել այնտեղ բարիկադավորված մարդկանց պատճառով, որոնք իբր անկարգություններ են ծրագրել։

Time-ը հայտնում է, որ պաղեստինցի մուսուլմանները սկսել էին մզկիթում բարիկադավորվել՝ ի պատասխան հրեա ծայրահեղ աջերի կողմից վերջերս հաճախ հնչող կոչերին, որոնց համաձայն՝ ինչպես նշվում է իսրայելական Haaretz-ում, առաջարկվում է Տաճարի լեռան վրա ծիսական զոհաբերություն անցկացնել հրեական Զատկի՝ Պասեխի սկզբում:

Ընդգծենք, որ հրեաների համար մզկիթի տարածքը համարվում է սրբավայր որտեղ տեղակայված է եղել Աստծո երկրպագությանը նվիրված Սողոմոնի տաճարը: Հրեական զատկի տոնակատարությունները այս շրջանում հաճախ ուղեկցվում են զոհաբերություններով և ծեսերով:

Մուսուլմանների համար էլ Ալ-Աքսա մզկիթը համարվում է Ալ-Մեդինայից և Մեքքայից հետո իսլամի երրորդ սրբավայրը, որտեղ ըստ իսլամական ավանդազրույցների ավարտվել է Մուհամմադի գիշերային լեգենդար ճամփորդությունը և սկսվել մարգարեությունը: Իսլամական օրացույցի Ռամադան ամսին ինչպես տեղի մուսուլման պաղեստինցիները, այնպես էլ ուխտագնացները հաճախ են հավաքվում հանրային աղոթքի:

Հուդդայական հրեաների և մուսուլման արաբների միջև բախումները առավել թեժ բնույթ են ստանում հատկապես այն ժամանակահատվածում, երբ Զատկի տոնակատարությունների և Ռամադան ամսվա օրերը համընկնում են միմյանց հետ:

Իսրայելական ոստիկանությունը նշում է, որ սկզբում փորձել է մզկիթում հավաքվածներին համոզել խաղաղ կերպով հեռանալ այնտեղից, սակայն մերժումից հետո «հարկադրված են եղել ներթափանցել մզկիթի տարածք»:

Al-Jazeera-ն հայտնում է, որ ոստիկանները գործողության ընթացքում օգտագործել են խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ։

Ոստիկանության կողմից հրապարակված կադրերում հստակ երևում է, որ մզկիթում բարիկադավորված մուսուլմանները փորձել են ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության դեմ կիրառել հրավառության համար նախատեսնված պայթուցիկ նյութերը: Բացի այս նաև ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ քարեր են նետվել, ինչի հետևանքով վիրավորվել է իսրայելական իրավապահ մարմնի աշխատակիցներից մեկը:

Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ ոստիկանների գործողությունների արդյունքում տուժել է 12 մարդ, նրանցից որոշները վիրավորվել են արձակված ռետինե փամփուշտներից։ Արաբական Al-Mayadeen հեռուստաալիքը հայտնում է, որ ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է մոտ 100 մարդ, ավելի քան 400-ը ձերբակալվել է։ Իսրայելական ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածների թիվը 350-ից ավել է:

Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի գործողությունները դատապարտել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հորդանանը։

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մեծ մտահոգությամբ է հետևում իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից Ալ-Աքսա մզկիթի բակերը գրոհելուն, հավատացյալների վրա հարձակումներին և մի շարք պաղեստինցի քաղաքացիների ձերբակալությանը»,-ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի հարցերով նախարարությունն էլ, դատապարտելով իսրայլեցի ոստիկանների գործողությունները մզկիթի տարածքում, Իսրայելին կոչ է արել «որպես օկուպացնող տերություն դադարեցնել միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները և ձեռնպահ մնալ Երուսաղեմի և նրա սրբավայարերի պատմական ու իրավական կարգավիճակի ցանկացած փոփոխության ենթարկելու քայլերից»:

Եգիպտոսի ԱԳ հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ նման ատելության ու դատապարտելի տեսարանները, ինչպես նաև Իսրայելի կողմից սրբավայրերի անձեռնմխելիության նման կրկնակի խախտումները բարկության զգացում են առաջացնում պաղեստինցի ժողովրդի և իսլամական համայնքի մեջ:

Ապրիլի 5-ին Պաղեստինի Գազայի շրջանից Իսրայելի ուղղությամբ արձակվել էր 9 հրթիռ: «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կողմից հաջողվել էր հայտնաբերել և ոչնչացնել չորս հրթիռ, ևս չորսն ընկել էին բաց տարածքներում, այս մասին առավոտյան հայտնել է իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ եղել է տասը հրթիռ, որոնցից մեկը հարվածել է Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանին։

Խոսնակը նաև հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև կազմակերպության ուսումնական բազային և ռազմական հենակետերին։

Սա իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների մեջ առաջին դեպքը չէ, երբ ոստիկանների կողմից մուսուլմանների համար Ռամադան սուրբ ամսվա ընթացքում իսրայելցի ուժայինները ներթափանցում են Ալ-Աքսա մզկիթի տարածք, որը որպես կանոն նախորդում է հրեական Զատկի տոնակատարություններին:

Բեռնում.....