Այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում վերջին յոթ տարվա լարված հարաբերություններից հետո առաջին անգամ հանդիպում են անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գերատեսչությունների ղեկավարաները, որը տեղի է ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Սաուդյան Արաբիայի պետական «Ալ-Ախբարիյահ» հեռուստալիքի Twitter-ում այսօր հրապարակել է Պեկինի հանդիպման կարճ կադրերը, որոնցում երևում է, որ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդը և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեծ չինական նկարի և իրենց երկրների համապատասխան դրոշների առջև միմյանց ձեռք են սեղմում ու ժպտում իրենց նկարահանող տեսախցիկներին:
Իրանը և Սաուդյան Արաբիան մարտին Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին երկու ամսվա ընթացքում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և միջպետական մյուս կապերը՝ տարիներ տևած աշխարհաքաղաքական, գաղափարական և նույնիսկ ռազմական սուր մրցակցությունից հետո, որը Պարսից Ծոցի շրջանում բարձրացրել էր լարվածությունը և գրեթե Մերձավոր Արևելքում խորացրել հակամարտությունները, որոնք ընթանում էին Եմենից մինչև Սիրիա:
Իրանական «Mehr news» լրատվականի փոխանցմամբ նախարարները այսօր քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, անվտանգության ոլորտում համագործակցության, Էր-Ռիադում և Թեհրանում երկու երկրների դեսպանատների վերաբացման, Ջիդդայում և Մաշհադում երկու երկրների գլխավոր հյուպատոսությունների վերաբացման, իրավաբանական և ֆիզիկական անձանց թռիչքների և ուղևորությունների վերականգնման, քաղաքացիներին վիզաների տրամադրման, իսլամի սուրբ վայրեր փոքր ուխտագնացություն կատարելու համար նախատեսված վիզաների տրամադրման հետ կապված հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված միջպետական համագործակցությունը:
Նշվում է նաև, որ կողմերը միմյանց երկիր այցելելու փոխադարձ հրավերներ են կատարել:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2016 թվականին այն բանից հետո, երբ Թեհրանում իրանցիները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, որն էլ հաջորդել էր Էր-Ռիադի կողմից ավելի վաղ հայտնի շիա հոգևորական Նիմրա ալ-Նիմրին իբր հակապետական և իրանամետ քարոզչություն իրականացնելու համար մահապատժի ենթարկելուն:
