Չինաստանը չի աջակցում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ռազմական օգնություն չի ցուցաբերում Մոսկվային և չի ճանաչում ուկրաինական տարածքների, այդ թվում՝ Ղրիմի և Դոնբասի բռնակցումը։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը։
Լրագրողների զրույցը չինացի դիվանագետի հետ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Ֆու Կոնգի հանդիպումից առաջ: Երեկ՝ ապրիլի 5-ին եռօրյա այցով Չինաստան մեկնելուց առաջ Մակրոնը և ֆոն դեր Լեյենը հանդիպել էին Չինաստանի դեսպանի հետ։
Թերթին տված հարցազրույցում ԵՄ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը փորձել է «դիստանցիա պահել» Մոսկվայից՝ ասելով, որ կողքից քննադատները սխալ են մեկնաբանել Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։
Մասնավորապես, Ֆու Կոնգը մեկնաբանել է 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման նախօրեին Մոսկվայի և Պեկինի կողմից արված հայտարարությունը երկու երկրների միջև «անսահման բարեկամության» մասին։ «Առանց սահմանների [բարեկամությունը] ոչ այլ ինչ է, քան հռետորաբանություն»,- ասել է Չինաստանի դեսպանը։
Ըստ դեսպանի, Չինաստանը չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, քանի որ հասկանում է ՆԱՏՕ-ի դեմ պաշտպանական պատերազմի մասին Ռուսաստանի պնդումները և կարծում է, որ «իրական պատճառներն ավելի բարդ են», քան ասում են արևմտյան առաջնորդները:
Կրեմլը, մեկնաբանելով Ֆու Կոնգի հայտարարությունները, ասել է, որ իրենք առաջնորդվում են 2023 թվականի մարտին Մոսկվայում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունների «բովանդակությամբ և ոգով»:
«Նրանց փոխըմբռնման ողջ ենթատեքստը շարադրված է երկու փաստաթղթերում, երկու ստորագրված հայտարարություններում, որոնք ընդունվել են ռուս-չինական բանակցությունների արդյունքում։ Դրանք շատ բովանդակալից են և ամբողջությամբ ընդգրկում են հարցերի ողջ շրջանակը, որոնք գտնվում են երկու երկրների համատեղ օրակարգում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ մարտի 20-22-ը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ժամանակ նրանք միմյանց անվանել են «թանկագին ընկերներ»։ Իր հերթին, ԱՄՆ-ը համարեց, որ Սի Ցզինպինի այցը Մոսկվա վկայում է այն մասին, որ Չինաստանը «դիվանագիտական ծածկույթ» է պատրաստում Ուկրաինայում ռուսական հանցագործությունների համար։
Մինչ այդ՝ փետրվարին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Չինաստանը Ռուսաստանին ոչ մահաբեր ռազմական օգնություն է տրամադրում, բայց նաև դիտարկում է զենք մատակարարելու հնարավորությունը։ Իսկ Սի Ցզինպինի Ռուսաստան այցի նախօրեին ամերիկյան Politico-ն հաղորդել էր, որ չինական ընկերությունները Ռուսաստանին զենք և անօդաչու սարքեր են վաճառում, ինչպես նաև էլեկտրոնային բաղադրիչներ են մատակարարում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։
