Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանում՝ Բելառուսի հետ սահմանին, մեծ էկրան է տեղադրվել, որի վրա հեռարձակվում են ռուս-ուկրաինական պատերազմի կադրերը։
Տեսանյութն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է Բելսաթ լրատվականը, որին այդ ձայնագրությունը փոխանցել են ընթերցողները։ Էկրանին ցուցադրվում են Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ուկրաինա ներխուժած Ռուսաստանին աջակցելու հայտարարությունները և ռուսական գնդակոծությունների կադրերը, որոնք իրականացվել են, այդ թվում՝ Բելառուսից։
Տեսանյութում ցուցադրվում են նաև ռուսական օկուպացիայից հետո ամբողջ աշխարհը ցնցած Բուչայի քաղաքացիական անձանց մարմինների լուսանկարները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը բելառուսներին:
Բելսաթի թվիթերյան գրառման մեջ գրված է. «Ուկրաինայի և Բելառուսի սահմանին գովազդային վահանակների ճակատամարտը շարունակվում է։ Ժիտոմիրի շրջանի սահմանին հայտնվել է պրոյեկտոր, որից, ըստ տեսանյութն ուղարկած ընթերցողների, հեռվից պարզ երևում և լսվում է ուկրաինական պատերազմի մասին ճշմարտությունը, Լուկաշենկոյի քաղաքականությունը և բելառուս ժողովրդի աջակցությունը»։
Բելսաթի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմից սահմանին տեղադրվել է նաև բելառուսական ընդիմության սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշ՝ ի աջակցություն բելառուս ժողովրդի։ Հրատարակության ընթերցողների խոսքերով՝ էկրանից հեռարձակումը Բելառուսի տարածքում հստակ տեսանելի և լսելի է։
Նախկինում երկու երկրներն էլ սահմանին գովազդային վահանակներ էին կախում. ուկրաինացիները բելառուսներին կոչ էին անում «չդառնալ օկուպանտներ, ինչպես ռուսները», իսկ բելառուս սահմանապահներն ի պատասխան խոստանում էին գտնել «իսկական օկուպանտներին» և ցույց էին տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի լուսանկարներ՝ «Բելառուսը հիշում է» մակագրությամբ։
