Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստանում տեղակայումը, պարզապես այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաև նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաև նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում: Եվ մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք, կարծում ենք, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ու ինչ տարածքում պետք է այդ առաքելությունն իրականացվի»,-ասաց Խանդանյանը:
Այսպիսով՝ Հայաստանը երբեք չի մերժել այդ առաքելությունը, Հայաստանը ցանկացել է, որ հստակորեն արձանագրվի խնդիրը, փաստաթուղթը լրամշակման փուլում է:
«Եվ այն փուլում, երբ Հայաստանը գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին»,-ասաց նա:
