Ռուսական «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը մտել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգիստ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Ադմիրալ Գորշկով» ֆրեգատի հետ Ջիդդայի նավահանգիստ են մտել ծովային տանկեր։ Նավահանգստում ռուսական նավերը կհամալրեն վառելիքի, քաղցրահամ ջրի և սննդի պաշարները։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ վերջին անգամ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ են մտել մոտ 10 տարի առաջ։
«Ադմիրալ Գորշկովը» հանդիսանում է ՌԴ Հյուսիսային նավատորմի դրոշակակիր։ Հունվարի սկզբից այն արշավում է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներով։ Արշավի մեկնարկը տվել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հայտարարել էր, որ նավի վրա գտնվող «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներն աշխարհում «անալոգներ չունեն»։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան տասնամյակներ շարունակ եղել է Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Սակայն դաշնակիցների հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն։ Ավելին, 2023 թվականի մարտի 10-ին Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ ախոյան համարվող Իրանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնագիր։ Երկարամյա թշնամիների հաշտեցումը տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի և Իսրայելի համար, որոնք ձգտում են մեկուսացնել Իրանը: Սա իր հերթին անկասկած որոշ չափով գոհացրել է Ռուսաստանին, որն ավելի ու ավելի է մոտենում Իրանին։
Վերջին շրջանում Չինաստանի և Ռուսաստանի աճող ազդեցությունը Մերձավոր Արևելքում կարելի է դիտարկել որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության սխալների հետևանք, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ Ջո Բայդենը և հռչակեցին ժողովրդավարությունների պայքար ավտորիտար ռեժիմների դեմ, ինչը շատերը համարում են սխալ և հաճախ անհետևողական:
Ընդհանրապես ընդունված է, որ քաղաքականությունը ցինիկ բան է, և հանուն իրենց ռազմավարական շահերի՝ համաշխարհային տերությունները կարող են աչք փակել բազմաթիվ սկզբունքների վրա։ Սա հենց այն է, ինչ տեղի էր ունենում երկար տարիներ արևմտյան առանցքային պետությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի հարաբերություններում Սաուդյան Արաբիայի հետ: Երբ խոսքը վերաբերում է այս երկրին, որը ղեկավարվում է մոլորակի ամենաավտորիտար ռեժիմներից մեկի կողմից, ամերիկացիներն ու եվրոպացիները չափազանց դժկամությամբ էին վերհիշում ժողովրդավարության բացակայությունը, հակառակորդների դաժան հալածանքները և երբեմն վահաբական թագավորության իշխանությունների կողմից վարվող ագրեսիվ արտաքին քաղաքականությունը։ Եվ նույնիսկ հիմա, երբ պատերազմ է հայտարարվել ավտորիտար ռեժիմների դեմ, և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն շարունակում են երկակի ստանդարտների քաղաքականությունը և բավականին սերտ հարաբերություններ են պահպանում այնպիսի ռեժիմների հետ, ինչպիսին է Ալիևի ռեժիմը Ադրբեջանում։
Ինչևիցէ, վերջերս սաուդցիները բախվեցին որոշ խնդիրների. նախ առանձնահատուկ դեր խաղաց, իհարկե, ուկրաինական գործոնը։ Ռուսաստանի հետ Իրանի սերտացող համագործակցությունը և իրանցիների կողմից ռազմական օգնությունը Ռուսաստանին բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Սաուդցիները, որոնք պաշտոնապես դեռևս ԱՄՆ-ի գլխավոր արաբ դաշնակիցներն են, փորձեցին հավասարակշռություն պահպանել՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելով՝ միաժամանակ պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան ուշադիր հետևում էր Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում ցանկացած փոփոխության, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
Հարկ է նաև նշել, որ չնայած որոշ ուրախությանը, որը Ռուսաստանը ստացավ Չինաստանի միջնորդությամբ սաուդցիների և իրանցիների հաշտեցումից հետո, և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգներն այս պատմության մեջ ավելի շուտ պարտվողներ են. Չինաստանը լրացրեց այն դատարկ տեղը, որն առաջացել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներգրավվածությունից ուկրաինական հակամարտությունում:
Չնայած ռուս-չինական մերձեցմանը, Ռուսաստանը հասկանում է, որ Չինաստանի հզորացումը Մերձավոր Արևելքում ամբողջությամբ ձեռնտու չէ և սկսում է փոխհատուցել կորցրած ժամանակը։
Չնայած ռուս-չինական մերձեցմանը, Ռուսաստանը հասկանում է, որ Չինաստանի հզորացումը Մերձավոր Արևելքում ամբողջությամբ ձեռնտու չէ ռուսական շահերին և սկսում է փոխհատուցել կորցրած ժամանակը: Ուստի ռուսական ռազմանավերի մուտքը Ջիդդա կարող է փոքրիկ քայլ լինել խաթարելու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի «հավերժ բարեկամ» Չինաստանի շահերը։ Այստեղ են ասում, վերափոխելով հայտնի ասացվածքը՝ հավերժականից ավելի ժամանակավոր բան չկա։
