Իրեն «Ռուս կամավորական կորպուս» անվանող խումբը, որը կռվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտարարել է, որ Ուկրաինայից կրկին ներթափանցել է Ռուսաստանի տարածք՝ Բրյանսկի մարզ։ Այս մասին խումբը հայտնել է իր տելեգրամյան ալիքում՝ հրապարակելով տեսանյութ։
Տեսանյութում զինվորական համազգեստով տղամարդը խոսում է տեղի բնակիչներից մեկի հետ, ով ասում է, որ իր բնակավայրը կոչվում է Սլուչևսկ (գյուղ Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանին): Այնուհետև համազգեստով մարդիկ կրակում են փողոցի երկայնքով: Թե ում վրա են կրակում, պարզ չէ։
Խումբը պնդում է, որ խոսել է տեղի բնակիչների հետ, նրանց թռուցիկներ է բաժանել և «մարտական առաջադրանքներ» կատարել։
Մինչդեռ Բրյանսկի մարզի ղեկավար Օլեքսանդր Բոգոմազն այսօր հայտնել էր, որ տարածաշրջանում կանխել են «ուկրաինացի դիվերսանտների 20 հոգանոց» խմբի ներթափանցման փորձ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նույնպես պնդում է, որ «15-ից ավելի ուկրաինացի դիվերսանտների» ներթափանցումը Բրյանսկի մարզ կասեցվել է, դիվերսանտները ոչնչացվել են։
«Մարտի ընթացքում Արևմտյան ռազմական օկրուգի հրետանային կրակից հակառակորդը ջախջախվել է։ Դիվերսիոն խումբը ցրվել է և, կորուստներ կրելով, նահանջել է Ուկրաինայի տարածք»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Նկատենք, որ ռուսական իշխանությունների կամ «Ռուսական կամավորական կորպուսի» խոսքերը հաստատող իրական բախումների տեսանյութ այս պահին չի հրապարակվել։
Հիշեցնենք, որ «Ռուսական կամավորական կորպուսը» առաջին անգամ Ռուսաստանի տարածք էր ներթափանցել ս.թ. մարտի 2-ին։ Այս խմբավորումը, որը կռվում է Ուկրաինայի կողմից, բաղկացած է հիմնականում ծայրահեղ աջ քաղաքակամն կողմնորոշում ունեցող ռուսներից։
