ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը որոնումներ է սկսել ուկրաինական բանակի սպասվելիք հակահարձակման շրջանակներում Ուկրաինային տրամադրվող օժանադակության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի աղբյուրին հայտնաբերելու համար: Նման տեղեկությունները վերջին օրերին հայտնվել են թվիթերում և թելեգրամում, այս մասին հայտնում է ամերիկյան New York Times պարբերականը՝ հղում կատարելով նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից ստացված տեղեկություններին:





Այդ նյութերը տեղեկություններ են պարունակում հարձակման նախապատրաստվող ուկրաինական ստորաբաժանումներից առնվազն մի քանիսի կազմի և սպառազինությունների մասին, տեղեկություններ կան զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարման ժամանակացույցի վերաբերյալ։
Փաստաթղթերում նշված ուկրաինական բանակի 12 բրիգադներից 9-ը վերապատրասվում են Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների օգնությամբ։ Դրանք ամբողջականորեն վերազինելու համար, ըստ փաստաթղթերի, կպահանջվի 250 տանկ և 350 հետևակի մարտական մեքենա։
Ամերիկյան պարբերականին զրուցակիցները նշել են, որ փաստաթղթերում, այնուամենայնիվ չեն ներկայացվում Ուկրաինայի Գլխավոր շտաբի կողմից ծրագրված հարձակման պլաններ։ Նրանց խոսքով ներկայացված տեղեկությունների մի մասը, որտեղ օրինակ նշվում է ռուսական և ուկրաինական բանակների կորուստների մասին կեղծված տեսք ունի:
Փաստաթղթում ներկայացված աղյուսակներից մեկում ռուսական կողմի կորուստները գնահատվում են 17,5 հազար սպանված, ուկրաինականը՝ 71,5 հազար, ինչը հակասում է Պենտագոնի ավելի վաղ ներկայացված տվյալներին. գրեթե 200 հազար սպանված և վիրավոր ռուս զինվորականների և ավելի քան 100 հազար սպանված ու վիրավոր ուկրաինացի զինվորականների շրջանում։
The New York Times-ը այս փաստաթղթերի արտահոսքն անվանում է ռուսական հետախուզության ամենամեծ տեղեկատվական հաջողությունը ուկրաինական տարածք ռուսական բանակի ներխուժման սկզբից ի վեր:
Պարբերականի զրուցակիցներն ընդգծում են, որ այդ տվյալներից շատերն արդեն հնացած են, քանի որ դրանցում իրավիճակը նկարագրվում է մարտի սկզբի դրությամբ։ Այնուամենայնիվ, Մոսկվան կկարողանա շատ օգտակար տեղեկություններ քաղել այդ տվյալներից։ Օրինակ, դրանցում ներկայացվում է HIMARS հրթիռային համակարգերի համար անհրաժեշտ զինամթերքի սպառման մակարդակը, որից կարելի է եզրակացություններ անել ուկրաինական բանակի կողմից դրանց կիրառման վերաբերյալ։
Հայտնի է, որ պատերազմի սկզբում Կիևը հրաժարվել էր իր հակահարձակման ծրագրերը Վաշինգտոնի հետ կիսվելուց՝ դրանց արտահոսքի հետ կապված մտահոգությունների պատճառով։ Այնուամենայնիվ, վերջին ամիսներին ռազմական պլանավորման համագործակցությունը երկու երկրների միջև ընդլայնվել է։ Նման արտահոսքը, անշուշտ, բացասական ազդեցություն կունենա այս գործընթացի վրա։
