16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Արցախցի կանայք խաղաղ ակցիա են իրականացրել՝ քայլերթով շարժվելով դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս
Այլ Լուրեր

Արցախցի կանայք խաղաղ ակցիա են իրականացրել՝ քայլերթով շարժվելով դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս

«Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին Ստեփանակերտում խաղաղ ակցիա է կազմակերպվել, որի շրջանակներում հարյուրավոր արցախցի մայրեր, կանայք և աղջիկներ Արցախը Հայաստանի կապող միջանցքը բացելու, արցախահայության ինքնորոշման ու հիմնարար իրավունքները հարգելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելու պահանջատիրական քայլերթով շարժվել են դեպի դեպի Շոշ և Շուշի ճամփաբաժան, որտեղից դեպի Շուշի շարունակվող ճանապարհը փակ է արդեն 117 օր:

Երթի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպանների հիշատակին, ապա երթով շարժվել նախանշված վայր: Արցախի մայրիկների ակումբ»-ի համակարգող, երեք երեխաների մայր Մարիամ Աբրահամյանը նշել է, որ արցախցի մայրերը, կանայք ու աղջիկներն ամեն օր արթնանում են պատերազմի և դրա հետևանքով այրիանալու, որդեկորույս դառնալու վախով:

«Գազի բացակայությունը, էլեկտրաէներգիայի անջատումները, սննդի դեֆիցիտը, որից արդեն տևական ժամանակ զրկված են մեր երեխաները, այդքան մտահոգիչ չեն, ինչքան այս անորոշ վիճակն ու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, որն օր օրի ահագնանում է: Մենք՝ Արցախի կանայք, չենք լռելու, պայքարելու ենք: Մենք պարտք ունենք մեր տղաների առաջ, թույլ չենք տալու հայաթափում հայկական հողում: Ցավոք, սա միակ տարբերակն է մեր ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար: Մենք աշխարհից իրավունք ունենք պահանջելու, եթե մենք ինքներս ենք պահանջատեր: Արցախում յուրաքանչյուր մարդ պետք է արթնանա այն գիտակցումով ու հարցով, թե ինչ է արել ինքն Արցախը հայկական պահելու համար: Մենք սկսել ենք մեր բաժին պայքարը, չենք հանձնվելու, և մեր կամքն անկոտրում է: Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1988 թվականին՝ կապերը խզելով ագրեսոր Ադրբեջանի հետ և ետդարձի ճանապարհ չկա: Քանի դեռ մենք այստեղ կանգնած ենք, խոսում ենք հայերեն ունենք մեր պետական կրոնն ու խորհրդանիշերը, Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»,-ասել է արցախցի երիտասարդ մայրը՝ հավելելով, որ ներկայում, երբ աշխարհի տարբեր երկրների կանայք ինքնակրթության, անձնական աճի, կարիերայի ու սեփական բարօրության մասին են մտածում, զուգահեռ իրականությունում ապրող Արցախի կանայք գոյության պայքար են մղում:

Բեռնում.....