Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել է, որ առաջիկայում կայանալիք ռեկտորի ընտրություններին ինքը չի մասնակցի և իր պաշտոնավարման ժամկետի ավարտին կթողնի ռեկտորի պաշտոնը։
Դարբինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Նա նշել է, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների ժամկետը:
Դարբինյանը հայտնել է, որ դիմել էր համալսարանի համահիմնադիրներին՝ ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իր պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը:
«Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»,- գրել է Դարբինյանը:
Նա հավելել է, որ առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից իրեն՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ինքը չի մասնակցելու:
Անդրադառնալով իր առաջիկա անելիքներին՝ Արմեն Դարբինյանը չի բացառել, որ մասնավոր համալսարան կստեղծի։
Արմեն Դարբինյանը Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2001 թվականից։
