18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Բացի ընդհանուր արժեքներից, պետք է ողջախոհություն դրսևորել և ընդհանուր շահեր գտնել. համաշխարհային քաղաքականությունը որպես ժողովրդավարության և ավտորիտարիզմի մրցակցություն ներկայացնելու Բայդենի ցանկությունը կործանարար է
Աշխարհ

Բացի ընդհանուր արժեքներից, պետք է ողջախոհություն դրսևորել և ընդհանուր շահեր գտնել. համաշխարհային քաղաքականությունը որպես ժողովրդավարության և ավտորիտարիզմի մրցակցություն ներկայացնելու Բայդենի ցանկությունը կործանարար է

Օրերս ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականում հրապարակվեց գլոբալ քաղաքականության և ռազմավարության հայտնի հետազոտող, արտաքին հարաբերությունների և հումանիտար գիտությունների պրոֆեսոր Ուոլթեր Ռասել Միդի «Բայդենի «ժողովրդավարության» ամրագրման արժեքը» վերտառությամբ հոդվածը: Դրանում հեղինակավոր գիտնականը փորձում է ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի կողմից «ժողովրդավարության» պաշտպան-առաջամարտիկի կերպարով տարածաշրջանային ոչ այնքան ժողովրդավարական դաշնակից երկրների հետ քաղաքականության անհամատեղելիությունը:

Ըստ քաղաքագետի Ռուսաստանի և Չինաստանի հետ ներկայիս աշխարհակարգի պահպանման համար տարվող կատաղի մրցակցության պայմաններում ամենուր ժողովրդավարական արժեքների առաջնայնության մասին թմբկահարումները ոչ միայն նոսրացնում են Վաշինգտոնի դաշնակիցների շարքերը, այլ նաև թուլացնում արտաքին քաղաքական ռազմավարության հարցում ներքին երկկուսակցական կոնսենսուսը:

Անշուշտ, Բայդենը՝ սկսած 2021 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթից մինչև նախորդ շաբաթ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի ընթացքում հնչեցրած ելույթը բավականին անկեղծ է եղել, կարծում է հեղինակը: Նա ցանկանում է համաշխարհային քաղաքականությունը ներկայացնել որպես ազատական ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ընթացող պայքար: Եվ չնայած նրան, որ այս մոտեցումը չի կարելի համարել ամբողջովին սխալ, այնուամենայնիվ այն խոչընդոտներ է հարուցում ամերիկյան դիվանագիտության համար:

Առաջին հայացքից Բայդենը սխալ չէ: Նա փորձում է վկայակոչել ամերիկյան ավանդույթը, որը գալիս է դեռ Վուդրո Վիլսոնի և Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակներից: Սառը պատերազմի ժամանակների ԱՄՆ նախագահները նույնպես նման հեռտորաբանություն էին օգտագործում, այդ թվում՝ Սառը պատերազմում հաղթած Ռոնալդ Ռեյգանը:

Իհարկե, եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պարտվեն ընթացիկ պայքարում, և այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Սի Ցզինպինը, Վլադիմիր Պուտինը և նրանցից կախյալ Հյուսիսային Կորեայի կամ Նիկարագուայի նման երկրները, դառնան աշխարհի ապագան որոշողները, ապա մեզ բոլորիս լավ բան չի սպասում, հավելում է հեղինակը:

Այդուհանդերձ, ընթացիկ մրցակցությունը որպես ժողովրդավարության և բռնապետության միջև մրցակցություն սահմանելը, հեղինակի կարծիքով, թերի ռազմավարություն է: Այս մոտեցումը թուլացնում է ԱՄՆ-ի կապերը կարևոր դաշնակիցների հետ և բերում է նրան, որ այդ նույն դաշնակիցները մեղադրում են ԱՄՆ-ին համակարգային կեղծավորության մեջ:

Երկրի ներսում և արտերկրում լայն տարածում է գտնում ընդարձակվող ժողովրդավարությունը, որը մեկնաբանվում է Բայդենի կողմից, ոչ հանրային լինելը, ինչը իր մեջ ներառում է հակադիր դիրքորոշումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է տրանսգենդերների իրավունքները: Սա բավականին շատ բևեռացնող և տարաձայանություններ հարուցող հարց է, որպեսզի աջակցություն ապահովի ԱՄՆ արտաքին քաղաքականության հաջողության համար անհրաժեշտ երկարաժամկետ փոխահամաձայնությանը:

Ավելին, Բայդենի կողմից առաջ մղվող ժողովրդավարության ընդլայնված և ոչ պոպուլյար տարբերակը, ներառյալ տրանսգենդերների իրավունքների վերաբերյալ վիճահարույց դիրքորոշումները, չափազանց բևեռացնող և պառակտող է ամերիկյան արտաքին քաղաքականության շուրջ երկարաժամկետ կոնսենսուսը պահպանելու համար թե՛ ԱՄՆ-ի ներսում, թե՛ դրսում:

Եթե ԱՄՆ-ն լրջորեն է վերաբերվում հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարությանը, ապա նա պետք է ստեղծի կոալիցիա՝ հավաքելով և զարգացնելով այնպիսի երկրներին, որոնք բացի ազատական և ժողովրդավարական լինելուց իրենց ձևով կարող են լինել ցանկացած կերպ: Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան կարող են ունենալ կատարյալ 100 միավոր Freedom House-ի լայնորեն օգտագործվող ազատության համաշխարհային ինդեքսում, իսկ Դանիան հաջորդելով նրանց զբաղեցնի 97-րդ հորիզոնականը:

Մենք Հայաստանում, հաճախ ուրախանում ենք Freedom House-ի մեր բարելավվող ինդեքսով, քանի որ կարծում ենք, որ դա կարևոր է Արևմուտքի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար։ Այնուամենայնիվ, արդյոք ճի՞շտ է, որ ԱՄՆ-ն ինքն իր արտաքին քաղաքականությունը հիմնի այս ցուցանիշի վրա։ Հեղինակի կարծիքով՝ ոչ: Այս համատեքստում հեղինակը բավականին խելամիտ հարցեր է բարձրացնում, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է ունենալ որևէ ռազմավարություն, օրինակ, Հարավարևելյան Ասիայի համար, ապա Վաշինգտոնը պետք է աշխատի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Վիետնամը, Թաիլանդը, Կամբոջան, Լաոսը և Մյանմարը, որոնք համարվում են. «ոչ ազատ» երկրներ Freedom House-ի սանդղակով: Հեղինակը իրավացի է, որ առանց այնպիսի «մասամբ ազատ» երկրների, ինչպիսիք են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Նեպալը, Ֆիջին, Պապուա Նոր Գվինեան և Շրի Լանկան, որոնք ԱՄՆ-ն կարող է ներառել իր ցանցում, Վաշինգտոնը ոչ մի հնարավորություն չունի հավասարակշռություն պահպանելու Չինաստանի դեմ:

«Կենտրոնական Ասիայում Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը գնահատվում են որպես «անազատ»: Եթե մենք ցանկանում ենք հետ պահել մերձավորարևելյան նավթ արդյունահանողներին մեր թշնամիներին միանալուց, մենք պետք է աշխատենք որոշ ոչ ժողովրդավարական կառավարությունների հետ: Եվ եթե մենք ցանկանում ենք դիմակայել Չինաստանին Աֆրիկայում, ապա մենք պետք է իմանանք, որ Անգլիայում, Նիգերիայում, Եթովպիայում և Սուդանում կան շատ անկատար կառավարություններ, որոնց մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել»,- պնդում է հեղինակը։

Իսկապես, ԱՄՆ շահերի տեսանկյունից հիմարություն կլինի օտարել այդ երկրներին ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի անկեղծության մասին դատարկ հայտարարություններով։ Այդ երկրների օգնությունից հրաժարվելը միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ին դուր չի գալիս մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում նրանց քաղաքականությունը, ինքնասպանություն կլինի, կարծում է հեղինակը:

Բայց, վերոնշյալ տարածաշրջաններին ավելացնենք նաև մեր տարածաշրջանը, որը հոդվածում բաց է թողնվել, և որտեղ Վաշինգտոնը գործում է ճիշտ հակառակ, ինչում մեղադրում է նրան հեղինակը։ Մեր տարածաշրջանի երկրներից մեկն աշխարհի ամենադաժան և ահաբեկչական բռնապետություններից է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների բոլոր հնարավոր և անհնար կանոններն ու նորմերը՝ անտեսելով անգամ միջազգային ամենաբարձր ատյանների որոշումները։ Բայց Վաշինգտոնի և ԵՄ-ի վերաբերմունքը դրանից որևէ կերպ չի փոխվում, և Բաքվի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու լուրջ քայլեր այդպես էլ չի ձեռնարկվում։ Չնայած Բաքվի բոլոր հանցագործություններին, այդ թվում նաև սեփական ժողովրդի դեմ, Արևմուտքի կողմից հնչում են միայն բանավոր դատապարտումներ։ Եթե ​​հեղինակը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարի մարդու իրավունքների անկեղծ պաշտպան ձևանալ և աշխատել մերձավորարևելյան ոչ ժողովրդավարական նավթարդյունահանողների հետ, ապա հարավկովկասյան միակ նավթարդյունահանողի դեպքում պաշտոնական Վաշինգտոնն այդպես էլ անում է՝ աչք է փակում Բաքվի ռեժիմի հանցագործությունների վրա:

Եթե ​​այլ տարածաշրջաններում Բայդենի վարչակազմը, ինչպես դրանում մեղադրում է նրան հեղինակը, գործում է բռնապետությունների դեմ դեմոկրատիաների պայքարի հայեցակարգի հիման վրա, ապա մեր տարածաշրջանում իրավիճակը մի փոքր այլ է։ Դրա համար կարող են լինել մի քանի պատճառ: Տնտեսական և էներգետիկ գործոնը, մեր կարծիքով, էական չէ, քանի որ Բաքվի ներուժն այդ հարցերում իրականում խիստ ուռճացված է։ Ավելի կարևոր է, հավանաբար, ռազմական և հետախուզական գործոնը, որը կարևոր է Իրանի հետ առճակատման համատեքստում։ Պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է և, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ հարմար հարթակ է Իրանի վրա հարձակվելու համար։ Բայց արդյո՞ք այս գործոնն այդքան կարևոր է հենց ԱՄՆ-ի համար: Կարծում ենք՝ ոչ։ Չենք կարծում նաև, որ Իրանը ԱՄՆ-ի համար հանդիսանում է ավելի մեծ գլխացավանք, քան Չինաստանը, որի հետ մերձենալու փոքր-ինչ նշաններն արդեն հարուցում են Վաշինգտոնի զայրույթը, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի դեպքում: Իսրայելի համար դա ավելի կարևոր է: Հնարավոր է, որ հենց Իսրայելն ու նրա այսօրվա կոռումպացված վեևնախավը, ինչպես նաև Վաշինգտոնի իսրայելական լոբբին թույլ չեն տալիս Ադրբեջանի հետ անել այն, ինչ կարելի է անել մերձավորարևելյան կամ այլ «ոչ ազատ» երկրների հետ, որոնք այնքան էլ բարեկամական չեն Իսրայելին։ Այնուամենայնիվ, թողնենք դա, ինչպես Ռուսաստանում են ասում, «վաշինգտոնյան շրջկոմի» խղճին։

Ի վերջո, հեղինակի շատ թեզեր իսկապես միանգամայն տրամաբանական են, այդ թվում՝ ռեալպոլիտիկի տեսանկյունից։ Օրինակ, նա կարծում է, որ ավելի հեշտ է ԱՄՆ-ի ներսում ցույց տալ մարդկանց, որ Չինաստանն իր ներկայիս քաղաքականությամբ ուղղակի վտանգ է ներկայացնում Ամերիկայի անվտանգության և բարգավաճման համար, քան ոգեշնչել մարդկանց խաչակրաց արշավանքի հանուն ժողովրդավարության Արևելյան Ասիայում:

Ազատական ​​ժողովրդավարության համար իր միջազգային պայքարը խառնելով ​​Հանրապետական ​​կուսակցության դեմ իր ներքին պայքարին, Բայդենի վարչակազմը խաթարում է ներքին արտաքին քաղաքականության կոնսենսուսը, որը ձգտում է կառուցել: Երբ վարչակազմի պաշտոնյաները հանրությանը ասում են, որ Վլադիմիր Պուտինի դեմ պայքարը Դոնալդ Թրամփի դեմ պատերազմի ևս մեկ ճակատ է, նրանք խաթարում են երկկուսակցական աջակցությունը, որն այսօր օդի պես պետք է Ուկրաինային:

Ավելին, ԱՄՆ հանրապետականների մեծամասնությունը չի ցանկանում տանը կառուցել մի «ժողովրդավարություն», որը երաշխավորում է տրանսգենդերային գաղափարախոսության ծայրահեղ տարբերակները: Եվ նրանք, անշուշտ, չեն ցանկանա օգնել Բայդենի վարչակազմին նման ժողովրդավարություն կառուցել արտերկրում:

Հեղինակը կարծում է, որ տանը և արտերկրում աջակցություն ստանալու համար ամերիկյան արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի քիչ գաղափարական: Համատեղ սպառնալիքների ընդհանուր ընկալումն ավելին կօգնի կառուցել միջազգային և ներքին կոալիցիա, որն անհրաժեշտ է ամերիկյան արտաքին քաղաքականությանը, քան պաթետիկ ժողովրդավարական ​​ելույթները: Եվ այս հարցում նա իրավացի է, որքան էլ դա մեզ վրդովեցուցիչ թվա, հատկապես ժողովրդավարության ոլորտում մեր ձեռքբերումների ֆոնին։

Սակայն, ժամանակն է, որ մենք էլ հասկանանք, որ լավ է, որ ժողովրդավարություն ենք կառուցում, բայց այն կառուցում ենք առաջին հերթին մեր համար, մեր ժողովրդի համար։ Եվ այդ ժողովրդավարությունը մեր անվտանգության երաշխիք համարելն առնվազն միամտություն է։ Բացի ընդհանուր արժեքներից, պետք է ողջախոհություն դրսևորել և ընդհանուր շահեր գտնել, հետաքրքրություններ, պետք է հետաքրքիր դառնալ: Եվ դա միանգամայն հնարավոր է: Հնդկաստանի հետ մեր վերջերս ձևավորվող հարաբերությունները դրա լավ օրինակն են։

Միգուցե ոչ մենք, բայց շատ երկրներ կիսում են Ամերիկայի մտահոգությունները չինական, ռուսական և իրանական էքսպանսիոնիզմի վերաբերյալ: Պետք է նաև ընդունել, որ ԱՄՆ-ի գլխավորած գլոբալ համակարգը, որը Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են ոչնչացնել, աննախադեպ բարգավաճում և անվտանգություն է բերել շատ երկրների։ Եվ դա, հավանաբար, վերաբերում է նաև մեզ։ Հեղինակի կարծիքով՝ այս փաստարկներն ավելի մեծ կշիռ ունեն, քան վերացական ժողովրդավարության մասին թեզերը։

Եզրափակելով՝ հեղինակը Բայդենին խորհուրդ է տալիս հիշել, որ «իր գլոբալ կոալիցիան ավելի շատ միավորված է ընդհանուր շահերով և ողջախոհությամբ, քան ընդհանուր արժեքներով: Եվ նա երբեք չպետք է թերագնահատի ժողովրդավարության մասին բարձրաձայնված հռետորաբանության ներքին և միջազգային արժեքը»: Ցավոք սրտի, մենք նույնպես պետք է հիշենք սա:

Բեռնում.....