
Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է հեռացնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Ուկրաինայի «վերացման» մասին գրառումը։
Մասկը պատասխանել է օգտատերերից մեկի թվիթին, ով Ռուսաստանի նախկին նախագահի գրառումը համարել է «ցեղասպանության կոչ»: «Բոլոր նորությունները այս կամ այն չափով քարոզչություն են։ Թող մարդիկ իրենք որոշեն»,- ասել է Մասկը։
I’m told Putin called me a war criminal for helping Ukraine, so he’s not exactly my best friend.
— Elon Musk (@elonmusk) April 9, 2023
All news is to some degree propaganda. Let people decide for themselves.
Մասկի խոսքով` իրեն ասել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն «ռազմական հանցագործ» է անվանել Ուկրաինային օգնելու համար: «Այնպես որ, նա հաստատ իմ լավագույն ընկերը չէ», ասել է գործարարը:
Մեկ այլ պատասխանում Մասկը գրել է, որ Թվիթերը «ոչ խթանելու, ոչ էլ սահմանափակելու է» Ռուսաստանի պետական կառույցների օգտահաշիվները։ «Բայց մենք արագ կկասեցնենք համակարգը խաբեության համար օգտագործելու փորձերը։ Գրաքննությունը միայն այն պատճառով, որ դա անում են ուրիշները, թուլություն է: Թույլ տալ, որ մեր մամուլն ազատ լինի, երբ իրենցն ազատ չէ, ուժի ցուցադրություն է»,- ասել է սոցցանցի սեփականատերը։
This platform will neither promote nor limit their accounts, but we will rapidly address any attempts at gaming the system.
— Elon Musk (@elonmusk) April 9, 2023
It is a weak move to engage in censorship just because others do so. Letting our press be free when theirs is not demonstrates strength.
Նշենք, որ վերջերս իր ավելի քան տարորինակ գրառումներով հայտնի դարձած Մեդվեդևի անգլերեն օգտահաշվում ապրիլի 8-ին հայտնվել է Ուկրաինայի «վերացման» մասին գրառում։ Նմանատիպ գրառում ռուսերենով հրապարակվել է նաև «ВКонтакте» սոցցանցում։ Գրաառման մեջ ՌԴ նախկին նախագահը գրում է, որ Ուկրաինայի գոյությամբ շահագրգռված չեն բոլոր մայրցամաքներում, իսկ երկրի բնակչության վերաբերմունքը դրսևորվում է նրանով, որ «45 միլիոնից մնացել է 20-ից մի փոքր ավելի» և հետևաբար այն [Ուկրաինան] «կվերանա»:
WHY WILL UKRAINE DISAPPEAR? BECAUSE NOBODY NEEDS IT
— Dmitry Medvedev (@MedvedevRussiaE) April 8, 2023
1. Europe doesn’t need Ukraine. The forced support of the Nazi regime, by the American mentor’s order, has put Europeans into a financial and political inferno. All for the sake of bandera’s unterukraine, that even the snobby,…
Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո Թվիթերը հայտարարեց, որ սոցցանցը չի խթանի կամ առաջարկի օգտատերերին այն պետական օգտահաշիվները, որոնք «պատկանում են պետություններին, որոնք սահմանափակում են ազատ տեղեկատվության հասանելիությունը և ներգրավվում են զինված միջպետական հակամարտությունների մեջ»: Բայց 2023 թվականի ապրիլին շատերը նկատեցին, որ սոցցանցը վերացրել է Ռուսաստանի պետական մարմինների օգտահաշիվների սահմանափակումները, դրանք նորից սկսեցին հայտնվել առաջարկությունների և որոնման հարցումների վերին տողերում։ Ավելին, Թվիթերը սկսեց խթանել և առաջարկել Կրեմլի, ՌԴ ԱԳՆ-ի, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան, ՌԴ պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների օգտահաշիվները։
Սակայն, Մասկը, որը հայտնի է երբեմն, անկեղծ ասած, տարօրինակ հայտարարություններով ու արարքներով, ավելի հեռուն գնաց։ Ի լրումն Ռուսաստանի պետական կառույցների օգտահաշիվների սահմանափակումների վերացման և որոնման հարցումների և առաջարկությունների վերին տողերում դրանց հայտնվելուն, Թվիթերը սկսեց մակնշել բրիտանական BBC կորպորացիայի և ամերիկյան ազգային հանրային ռադիոյի NPR-ի հաշիվները որպես «կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներ»: Նախկինում նման մակնշում էին ստացել ռուսական և չինական քարոզչական լրատվամիջոցները։
BBC-ն անմիջապես դեմ արտահայտվեց իր օգտահաշվի նման մակնշմանը և հայտնեց, որ դիմել է սոցիալական ցանցին՝ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար: Հայտարարության մեջ ընկերությունն ընդգծել է, որ այն «միշտ անկախ է եղել» և ֆինանսավորվում է «բրիտանական հանրության կողմից լիցենզիայի վճարների միջոցով»: Նշված օգտահաշիվն ունի 2,2 միլիոն հետևորդ։ Հիմնականում այն հրապարակում է BBC-ի այլ նախագծերի ռեթվիթեր, հիմնականում՝ ժամանցային: Միևնույն ժամանակ, կորպորացիայի մյուս օգտահաշիվները, օրինակ՝ BBC News (World) կամ BBC Breaking News-ը, որոնք ունեն մի քանի տասնյակ միլիոն բաժանորդներ, չեն նշվում որպես «պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց»։
BBC-ն նշել է, որ 2022 թվականին ստացել է 3,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ լիցենզիայի վճար, որը կազմում է ընկերության 5,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ ընդհանուր եկամուտի մոտ 71%: Մնացած միջոցները գոյանում են առևտրային և այլ գործունեությունից, ներառյալ դրամաշնորհները և ռոյալթիները: BBC-ն նաև հայտարարել է, որ կառավարությունից ստանում է տարեկան ընդամենը 90 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ աջակցելու BBC-ի համաշխարհային ծառայությանը, «որը հիմնականում սպասարկում է Մեծ Բրիտանիայից դուրս գտնվող լսարաններին»:
Իլոն Մասկը, ի պատասխան թվիթերից մեկին, գրել է, որ ինքը հետևում է BBC-ին, քանի որ նրանք «հիանալի նյութեր ունեն»։ Իսկ ի պատասխան BBC-ի հարցման՝ Մասկն ասել է, որ Թվիթերը հավատարիմ է «առավելագույն թափանցիկությանը և ճշգրտությանը»:
«Ես իրականում չեմ կարծում, որ BBC-ն այնքան կողմնակալ է, որքան կառավարության կողմից ֆինանսավորվող որոշ այլ լրատվամիջոցներ, բայց BBC-ի կողմից հիմարություն է [կառավարության] զրոյական ազդեցության մասին պնդելը», — գրել է Մասկը:
Ամերիկայի ազգային հանրային ռադիոյի (NPR) օգտահաշիվն ապրիլի 5-ին նույնպես մակնշվել որպես «պետության կողմից ֆինանսավորվող»: Օգտահաշիվն ունի 8,8 միլիոն հետևորդ։ Ընկերության շատ ավելի քաղաքականացված NPR Politics օգտահաշիվը, սակայն, չունի այս պիտակը: NPR-ի ներկայացուցիչ Իզաբել Լարան նշել է, որ ընկերությունը սկզբում ենթադրում էր, որ նշանը սխալմամբ է հայտնվել։
Ըստ NPR-ի՝ ի պատասխան իրենց նամակին, որով խնդրում էին մեկնաբանել այս ավելի քան տարօրինակ մակնշումը, Թվիթերի մամուլի էջը ավտոմատ պատասխան է ուղարկել «քխիկների» էմոջիով: Ավելի ուշ Մասկը, պատասխանելով NPR-ի պիտակավորման մասին թվիթին, գրել է. «Դա ճիշտ է թվում»:
«NPR-ը հանդես է գալիս խոսքի ազատության և իշխանություններին պատասխանատվության ենթարկելու դիրքերից: Մեզ վրա նման պիտակ դնելն անընդունելի է»,- ասել է NPR-ի գործադիր տնօրեն Ջոն Լենսինգը:
«Պետության կողմից ֆինանսավորվող» պիտակավորում ստանալուց հետո NPR-ը դադարեցրել է հրապարակումներն իր օգտահաշվում: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ իր եկամուտների մեծ մասը ստացվում է երկու աղբյուրից՝ նվիրատվություններից և NPR-ում ընդգրկված հարյուրավոր ռադիոկայաններից ստացված գումարներից: Ընկերությունում նշել են, որ NPR-ի բյուջեի «շատ սահմանափակ» մասը ստացվում է «ուղղակի դաշնային աղբյուրներից». «Միջին հաշվով, NPR-ի տարեկան գործառնական բյուջեի 1%-ից պակասը տրվում է Հանրային հեռարձակման կորպորացիայի և դաշնային գործակալությունների և գերատեսչությունների դրամաշնորհների տեսքով»:
Ուշագրավ է, որ 2020 թվականին Թվիթերը սկսեց մակնշել լրատվամիջոցների և լրագրողների օգտահաշիվները, որոնք, ըստ սոցցանցի, կապված են որոշակի երկրների ղեկավարության հետ։ Ռուսական օգտահաշիվների շարքում նման պիտակներ են ստացել, մասնավորապես, RT հեռուստաալիքը, նրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ՏԱՍՍ և ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Սոցիալական ցանցի «Օգնության կենտրոնի» ռուսալեզու տարբերակում նշվում է, որ այն լրատվամիջոցներն են համարվում իշխանամետ, «որոնց խմբագրական նյութերի վրա պետությունն ազդում է ֆինանսավորման, ուղղակի կամ անուղղակի քաղաքական ճնշման և (կամ) արտադրության և տարածման նկատմամբ վերահսկողության միջոցով»:
«Պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները, որոնք ունեն անկախ խմբագրություններ (օրինակ՝ BBC-ն Մեծ Բրիտանիայում կամ NPR-ը ԱՄՆ-ում) այս քաղաքականության համաձայն չեն համարվում կառավարամետ», — նշվում է «Օգնության կենտրոնի» ռուսալեզու տարբերակում։ Սակայն, «Օգնության կենտրոնի» արդեն անգլերեն տարբերակում այլևս չի նշվում այն մասին, որ BBC-ն և NPR-ը չեն համարվում կառավարամետ:
2022 թվականի գարնանը, երբ Իլոն Մասկը ձեռք բերեց Թվիթերի 9,2% բաժնետոմսերը և դարձավ ընկերության ամենամեծ բաժնետերը, ընկերության ավագ տեխնիկական տնօրեն Լյուկ Սայմոնն ասել էր, որ Մասկը «նման է Միդասին». բոլոր նախագծերը, որոնց վրա նա աշխատում է, վերածվում են ոսկու: Սայմոնին հաղորդագրությունը տեղադրվեց Slack կորպորատիվ մեսենջերում, բայց գրեթե անմիջապես Սայմոնին մատնանշեցին մեկ նրբերանգ. հին հունական դիցաբանության մեջ Միդաս թագավորը հեռու է օրինակելի լինելուց: Ագահության պատճառով էշի ականջների տերը ոչ միայն իրերն էր ոսկի դարձնում, այլև ուտելիքը ու իր հարազատներին։ Բայց արի ու տես, որ այդ մեկնաբանությունները մարգարեական դարձան. Մասկի մուտքը ընկերություն ավելի շատ վնասեց, քան օգուտ բերեց:
Մասկի գալուց հետո Թվիթերի ֆինանսական վիճակը վատթարացավ։ Մասկի կառավարման ընթացքում ընկերությունը կորցրեց մի շարք գովազդատուների: Իրեն խոսքի ազատության ջատագով հռչակած Մասկը աշխատանքից ազատեց աշխատակիցների առնվազն կեսին, այդ թվում՝ նոր սեփականատիրոջը քննադատելու համար, ինչպես նաև արգելեց ծրագրավորողներին ստեղծել և մշակել պաշտոնական հավելվածի այլընտրանքներ։ Մասկին մեղադրում են ղեկավարության և ենթակաների միջև վստահությունը քայքայելու, ոչ կոմպետենտություն դրսևորելու և իրականում սոցցանցը ջարդելու մեջ։
Բացի ֆինանսականից, Թվիթերն ունի նաև շատ տեխնիկական դժվարություններ։ Բացի այդ, ըստ լրագրողների, Մասկը փչացրել է կորպորատիվ մշակույթը, որն ընկերությունը կառուցում էր 16 տարի։ Դրան զուգահեռ խաթարվեց նաև օգտատերերի վստահության վրա հիմնված սոցցանցի իմիջը։
Երբեմն Մասկը հարթակին վերաբերվում է ինչպես երեխան իր խաղալիքին: Մեկ շաբաթ առաջ Թվիթերի օգտատերերը հանկարծակի նկատեցին, որ սոցցանցի էջի վերևի ձախ անկյունում գտնվող կապույտ թռչնի ձևով կոճակը փոխվել է Շիբա ինու ցեղատեսակի Դոգե շան պատկերով, որի անունով էլ կոչվում է Dogecoin կրիպտոարժույթը:
Իլոն Մասկը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հրապարակեց սոցցանցի մեկ այլ օգտատիրոջ հետ նամակագրության սքրինշոթը: Օգտատերը Մասկին առաջարկել է գնել Թվիթերը և փոխել սոցցանցի լոգոն Դոգե շան պատկերով։ «Ինչպես խոստացել էի», — մակագրել էր Մասկն այդ սքրինշոթը։
Փոփոխություններից հետո Dogecoin կրիպտոարժույթի արժեքը Binance բորսայում աճեց 30%-ով: Սոցցանցի հավելվածում Թվիթերի տարբերանշանը մնացել է նույնը։ Հարթակի պաշտոնական էջերը նույնպես պահպանել են կապույտ թռչնի տեսքով տարբերանշանը։
Մասկը նախկինում մի քանի անգամ նշել էր Dogecoin կրիպտոարժույթն Թվիթերի իր օգտահաշվում, որն ունի ավելի քան 133 միլիոն հետևորդ: 2021 թվականի փետրվարին, Մասկի կողմից այս կրիպտոարժույթի մասին մի քանի թվիթերի շարքից հետո, Dogecoin-ի գինը բարձրացավ ավելի քան 50%-ով:
Այժմ Իլոն Մասկին 258 միլիարդ դոլարի ռեկետ իրականացնելու հայց է սպառնում այն բանից հետո, երբ մի խումբ կրիպտո ներդրողներ նրան մեղադրեցին Dogecoin-ի գինը միտումնավոր ուռճացնելու մեջ: Հայցվորները պնդում են, որ Մասկը օգտագործել է իր ներկայությունը սոցիալական ցանցերում և երեկոյան շոուներից մեկում, որպեսզի բարձրացնի Dogecoin-ի գինը «ավելի քան 36,000 տոկոսով երկու տարում, այնուհետև տապալի այն»:
Հայցադիմումում ասվում է, որ Մասկը «օգտագործել է իր պատվանդանը որպես աշխարհի ամենահարուստ մարդ՝ Dogecoin-ի բուրգի սխեման կառավարելու և շահարկելու համար»:
