Չնայած, երեկ պաշտպանական գերատեսչությունը հերքում է, թե Ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի ուղղությամբ՝ այնուամենայնիվ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի պնդմամբ Սոթքում կրակոցները տևել են մոտ 15-20 րոպե:
«Ես տեղեկացա, որ Սոթքի հանքում աշխատակիցներին անմիջապես տարհանել են, որ հնարավոր վտանգները չեզոքացնեն, քանի որ եղել են անկանոն կրակոցներ», -ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Պատգամավորը հայտնեց, որ այսօր հարաբերական անդորր է:
Անդրադառնալով Տեղ համայնքում տեղի ունեցածին՝ նա նշեց, թե լավ ազդակ չէ, երբ թշնամուն տեսնելուց հայ զինծառայողները նրանց չեն ոչնչացնում: Թովմասյանի կարծիքով՝ մեր ՀՀ զինված ուժերն ունեն մեկ քայլ անելու անհրաժեշտություն ու պարտականություն՝ երեկվանից ավելի հզոր լինել ու երեկվանից ավելի լավ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:
«Ոչ ոք, մեզնից բացի, մեր հողը չի պաշտպանելու: Մենք չենք կարող խաղաղություն գոռալով պաշտպանել մեր հողը. մենք գոռում ենք խաղաղություն, իրենք նվաճում են մեր հողը», — ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած սադրանքին զուգահեռ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, ըստ որի՝ Ադրբեջանը կրակում է նաև Սոթի ուղղությամբ: Լուրը ՊՆ-ն և Սոթի համայնքապետարանը հերքել էին՝ մինչդեռ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունից տեղեկացրել էին, որ սահմանային կրակոցների պատճառով հանքավայրի աշատակիցները տարհանվել են:
