Իրանի Իսլամական Հանրապետությունը գաղտնի բանակցություններ է վարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ՝ ամոնիումի պերքլորատ գնելու շուրջ, որն անհրաժեշտ է հրթիռային կոշտ վառելիք արտադրելու համար: Ըստ ՄԱԿ-ի պատժամիջոցների, նման նյութերի մատակարարումները խստորեն արգելված են: Գաղտնի բանակցությունների մասին գրում է ամերիկյան Politico ամսագիրը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություններին։
Ճշգրիտ հայտնի չէ, թե Իրանը ինչ քանակության նյութ է ցանկանում գնել, սակայն, ըստ որոշ գնահատականների, խոսքը գնում է հազարավոր հրթիռներ արտադրելու համար բավարար խմբաքանակի մասին, այդ թվում՝ մինչև 700 կմ հեռահարություն ունեցող «Զուլֆիկար» մարտավարական հրթիռներ արտադրելու համար: Այդ հրթիռների մի մասը կարող է մատակարարվել ռուսական զորքերին Ուկրաինայի հետ պատերազմը շարունակելու համար, վստահ են աղբյուրները։
Աղբյուրների համաձայն, Իրանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել ռուսական «Անոզիտ» պետական ընկերության հետ: Ընկերությունը գտնվում է Նովոսիբիրսկի մարզում։ Տարեսկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել այս ընկերության՝ «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ մտնելու մասին։
Այն մասին, թե Չինաստանից որ ընկերություններն են մասնակցում բանակցություններին, Politico-ի աղբյուրները չեն հստակեցնում։ Միաժամանակ, պարբերականի զրուցակիցները նշում են, որ եթե այդ հրթիռները հետագայում մատակարարվեն Ռուսաստան, ապա Չինաստանից Իրան ամոնիումի պերքլորատի հնարավոր մատակարարումները, ըստ էության, զգալի աջակցություն կլինեն Ռուսաստանի համար։
Նշենք, որ Պեկինը մերժում է Ռուսաստանին զենք մատակարարելու բոլոր մեղադրանքները և դրանք անտեղի է համարում։ Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ եթե նույնիսկ Պեկինը ուղղակիորեն զենք չտրամադրի Ռուսաստանին, նա կարող է դա անել անուղղակիորեն՝ երրորդ երկրների միջոցով, ինչպիսիք են Բելառուսը և Իրանը: Եվ Իրանին արգելված վառելիքի մատակարարումը, հավանաբար, նման դեպք է։ Ամեն դեպքում, եթե գործարքը կայանա, դա կլինի Թեհրանի հրթիռային ծրագրի դեմ միջազգային պատժամիջոցների կոպտագույն խախտում:
ՄԱԿ-ի 2015 թվականի բանաձևի համաձայն՝ երկրներին արգելվում է Իրանին ամոնիումի պերքլորատ վաճառել՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման, որի անդամ են նաև Ռուսաստանը և Չինաստանը։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, ով նախորդ ամիս այցելել էր Մոսկվա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բացահայտորեն չաջակցեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին և հանդես եկավ հակամարտության դիվանագիտական լուծման օգտին: Չնաստանն ավելի վաղ ներկայացրել էր ուկրաինական հակամարտության կարգավորման իր 12 կետանոց ծրագիրը, որը հիմնականում պարունակում է հայտարարություններ։
