ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն և նույն դեպարտամենտի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսնակ Մեթյու Միլլերին ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինկենը նշանակել է որպես Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ: Այս մասին հայտնել է անձամբ ԱՄՆ պետքարտուղարը տարածված մամուլի հաղորդագրության և իր թվիթերյան գրառման մեջ:
«Այսօր ես Մեթյու Միլլերին նշանակում եմ Պետդեպարտամենտի հաջորդ մամուլի խոսնակ։ Ես մեծ օգուտներ եմ ստացել Մեթյուի խոհեմությունից, կառավարությունում նրա փորձառությունից և արտաքին քաղաքականության մասին նրա խորը ըմբռնումից, երբ նրան առաջարկվել էր ղեկավարել իմ թեկնածության առաջադրումը»,-ասվում է Բլինկենի հաղորդագրության մեջ:
«Մեթը ակտիվորեն աշխատել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին ամիսներին, երբ նա, հրաժարվելով զբաղեցրած պաշտոնից, միացավ Ազգային անվտանգության խորհրդին՝ կառավարական ողջ հաղորդակցությունը և իրազեկումը ղեկավարելու համար, որպես Ուկրաինայի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը աջակցության մաս»,-նոր խոսնակին ներկայացնելիս՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինկենի խոսքերով՝ Միլլերի ունեցած փորձը նրան օգնում է կողմնորոշվել և հաղորդակցվել այնպիսի բարդ, գլոբալ մարտահրավերների վերաբերյալ, ինչպիսին այսօր առկա է միջազգային ասպարեզում։
Բլինկենը նաև շնորհակալական խոսքեր է ուղղել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելին և ավելացրել, որ Միլլերը Պատելի և «Մամուլի խոսնակի գրասենյակի մնացած անդամների հետ միասին, կշարունակի կյանքի կոչել վարչության հանձնառությունը հասանելիությունը և թափանցիկությունը ապահովելու համար»:
«Ես երախտապարտ եմ Մեթին, որ ևս մեկ անգամ նա համաձայնեց ծառայել իր երկրին, և այժմ անհամբերությամբ սպասում եմ ևս մեկ անգամ նրա խորհրդից և փորձից օգուտներ քաղելուն»,-իր հայտարարության եզրափակիչ մասում ասել է Բլինկենը:
Իր թվիթերյան էջում իր նոր նշանակմանը անդրադարձել էր նաև Միլլերը:
«Մեծ պատիվ և երջանկություն է վարչակազմին կրկին միանալը և հատկապես Պետական քարտուղարության անհավանակն թիմի հետ աշխատելու հնարավորություն ունենալը»,-գրել էր Մեթյու Միլլերը:
