Պենտագոնի հարյուրավոր գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար պատասխանատու է ռասիստական հայացքների և զենքի սիրահար մի երիտասարդ, ով աշխատում էր ԱՄՆ ռազմաբազայում: Հրապարակելով գաղտնի փաստաթղթերը՝ երիտասարդը ընդամենը փորձել է տպավորել համակարգչային խաղերի սիրահարների համացանցային չաթի խմբի երկու տասնյակ ընկերներին:
The Washington Post-ը հարցազրույց է վերցրել այդ համացանցային խմբի դեռահաս մի անդամից, ով նկարագրել է արտահոսքի հեղինակ և իրենց առցանց նամակագրության մեջ «OG» սկզբնատառերով ներկայացող երիտասարդին, որը կիսվել է լուսանկարներով և տեսանյութերով:
WP-ն դիտել է նաև տեսահոլովակ, որտեղ «OG» անունով երիտասարդ տղան պատկերված է հրաձգարանում ձեռքին մեծ հրացանով:
«Նա մի շարք ռասիստական և հակասեմիտական հայհոյանքներ է հնչեցնում տեսախցիկի առջև, այնուհետև մի քանի կրակոց է արձակում հրաձգարանում», — պատմում է WP-ն:
«OG»-ն համացանցային խմբի անդամներին ասել է, որ աշխատում է ռազմաբազայում, որի անունը չի նշվում, որտեղ ինքն աշխատում է մեծ քանակությամբ գաղտնի տեղեկատվության հետ:
Ինչպես արդեն ներկայացրել էինք, ամերիկյան հետախուզության արտահոսած հույժ գաղտնի փաստաթղթերը գաղտնիքներ են պարունակում Ուկրաինայի գարնանային հակահարձակման նախապատրաստության, ինչպես է ԱՄՆ-ն լրտեսում իր դաշնակիցներին, ինչպիսիք են Ուկրաինան, Հարավային Կորեան և Իսրայելը և այլ պետություններ, և ինչպիսի լարվածություն գոյություն ունի Վաշինգտոնի և դաշնակից մայրաքաղաքների միջև Կիևին սպառազինություն մատակարարելու հարցում:
Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ արտահոսքը որևիցե պետության հատուկ ծառայությունների գործողություն չէ, որի նպատակն էր վարկաբեկել ԱՄՆ-ին, այլ, ամենայն հավանականությամբ, հետևանք է Պենտագոնի քաղաքականության՝ հսկայական թվով զինծառայողների, քաղաքացիական անձանց և կապալառուների անվտանգության խիստ գաղտնի թույլտվություններ տրամադրելու: ԱՄՆ-ի ողջ կառավարական ապարատում հույժ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունեցող աշխատողների և կապալառուների թիվը կազմում է մոտ 1,25 միլիոն մարդ:
«OG» անունով երիտասարդը, ըստ երևույթին, հանդես է եկել որպես այդ համացանցային խմբի առաջատար, որն ի սկզբանե ստեղծվել է 2020 թվականին Discord հաղորդագրությունների հարթակում զենքի և համակարգչային խաղերի սիրահարների փոքր խմբի կողմից: Խումբը կրում էր մի քանի անուններ, բայց ամենից հաճախ այն հայտնի էր որպես «Thug Shaker Central»: Հաղորդվում է, որ անցյալ տարվանից սկսած «OG»-ն փաստաթղթերը տեղադրել է սերվերի վրա, որը նա անվանել է «Արջն ընդդեմ խոզի», հղում անելով ինչպես ուկրաինական պատերազմին, այնպես էլ վիրուսային դարձած մի տեսանյութի, որտեղ երևում է, թե ինչպես են խոզերը կռվում սև արջի դեմ:
Համաձայն WP-ին հարցազրույց տված խմբի դեռահաս անդամի, «OG»-ն «բացասական հայացք ուներ կառավարության մասին»՝ ներկայացնելով կառավարությունը, և հատկապես իրավապահ և հետախուզական մարմինները, որպես ճնշող ուժ: Նա հաճախ բարձրաձայնում էր «պետական չարաշահումների» մասին։
WP-ն նշում է, որ դեռահասի կողմից նշված մանրամասները անանուն կերպով հաստատվել են խմբի մյուս անդամների կողմից: Թերթը դիտել է արտահոսած գաղտնի փաստաթղթերի ընդհանուր 300 լուսանկար, ինչը երեք անգամ ավելի է, քան նախկինում ենթադրվում էր, որ շրջանառվել է:
Այն, որ արտահոսքի ծագումը կապված է «Thug Shaker Central» խմբի հետ առաջին անգամ հայտնել է կիրակի օրը Bellingcat հետաքննող լրագրողական խումբը, որը նաև հարցազրույց էր վերցրել խմբի այդ նույն դեռահաս անդամից, ով դեռ 18 տարեկան էլ չկա:
Այնուամենայնիվ, Washington Post-ը ասում է, որ դեռահաս տղան, ով փաստացի կապի մեջ է եղել «OG»-ի հետ «վերջին մի քանի օրերի ընթացքում», չորեքշաբթի երեկոյան հրապարակման պահին դեռևս չէր հարցաքնվել ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինների կողմից, չնայած որ արդարադատության դեպարտամենտը արդեն քրեական հետաքննություն է սկսել, իսկ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետախուզում է արտահոսքի հեղիննակին դեռ շաբաթվա սկզբից: Նշենք, որ ԱՄն պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստացել էր « ժայռեր շրջել»՝ իր ղեկավարած գերատեսչության գաղտնի փաստաղթերի բացահայտողին գտնելու համար:
«OG»-ի ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ: Խմբի դեռահաս անդամը WP-ին ասել է, որ վերջին օրերին «OG»-ն «թվում էր, թե շատ շփոթված է և իրեն կորցրած, չգիտեր թե ինչ անել»:
«Նա լիովին տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում, և ինչ հետևանքներ կարող են լինել», — ասել է դեռահասը: «Նա պարզապես վստահ չէ, թե ինչպես պետք է լուծի այս իրավիճակը… Նա, կարծես, բավականին խառնված է»:
Խմբի իր ընկերներին ուղղված իր վերջին հաղորդագրության մեջ «OG»-ն նրանց ասել է, որ «շատ չերևան և ջնջեն ցանկացած տեղեկություն, որը կարող է վերաբերել իրեն», ներառյալ գաղտնի փաստաթղթերի ցանկացած պատճեն:
Ինչ վերաբերում է արտահոսքի արձագանքներին, ապա դրանք տարբեր են: Ռուսաստանը մինչ այժմ բավականին զուսպ է արձագանքել այդ ամենին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի ասել է, որ արտահոսքը կարող է լինել ԱՄՆ-ի ապատեղեկատվական հնարք։
«Քանի որ ԱՄՆ-ը հակամարտության կողմ է և ըստ էության հիբրիդային պատերազմ է մղում մեր դեմ, հնարավոր է, որ նման տեխնիկան օգտագործվում է ԱՄՆ հակառակորդին՝ Ռուսաստանին մոլորեցնելու համար», — ասել է Ռյաբկովը ռուսական լրատվական գործակալություններին։
Ուկրաինայի կառավարությունը իր հերթին գնահատում է բացահայտումների հնարավոր վնասը։ Գաղտնի փաստաթղթերը մանրամասնում են ուկրաինական 12 նորաստեղծ բրիգադների մասին, որոնք հագեցած են արևմտյան մարտական տանկերով և զրահատեխնիկայով: Այդ բրիգադները հավանաբար, կառաջնորդեն գրոհը ռուսական դիրքերի վրա։ «Իհարկե, մարդիկ երջանիկ չեն», — չորեքշաբթի օրը խոստովանել է ուկրաինական մի պաշտոնյա: «Անցյալ տարի Ուկրաինային քննադատում էին վստահելի գործընկեր չլինելու համար: Ներխուժման սկզբում մեզ զենք չտրամադրեցին այս անվստահության պատճառով։ Մենք արդյունքում շատ տարածքներ ու մարդիկ կորցրինք։ Բայց այս ընկալումը սխալ էր։ Եվ հիմա այս արտահոսքը տեղի է ունենում հենց ԱՄՆ-ից», — ասել է ուկրաինական անանուն պաշտոնյան։
Դեռ վաղ է ասել, թե արդյոք արտահոսքը կազդի Ուկրաինայի հակահարձակման պլանավորման վրա, նշել է պաշտոնյան: Սպասվում է, որ հակահարձակումը տեղի կունենա երկրի հարավում և, հնարավոր է, նաև արևելքում: Ըստ վերլուծաբանների՝ Ուկրաինայի նպատակն է կոտրել Ղրիմը Դոնեցկի մարզի հետ կապող ցամաքային միջանցքը և ռուսներին վտարել օկուպացված Մելիտոպոլ քաղաքից և Բերդիանսկի նավահանգստից։
