Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 10-ին պաշտոնապես ներկայացրեց թուրքական ռազմածովային ուժերին պատկանող TCG Anadolu մեծ նավը, որը ունակ է ուղղաթիռներ և զինված անօդաչու սարքեր տեղափոխել:
Հասկանալի է, որ Anadolu-ն կարևոր նշանակություն ունի թուրք զինվորականների համար: «Երկկենցաղ» (amphibious) գրոհային նավը կկարողանա տեղափոխել առնվազն մեկ գումարտակի չափ ուժ և իր վրա կրի 8 մոտորանավակ և ուղղահայաց վայրէջք կատարող թռչող սարքեր, ինչպիսիք են օրինակ Baykar TB-3 ԱԹՍ-ները:
Սակայն պատահական չէ, որ Էրդողանը նման ռազմական կարևոր նշանակություն ունեցող նավը, որը կառուցվում էր հինգ տարի շարունակ ներկայացնում է մայիսի 14-ին սպասվող համընդհանուր ընտրություններից ուղիղ 34 օր առաջ։
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ մրցավազքը լարված է լինելու, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է: Վերլուծաբաններն կարծում են, որ Էրդողանի կողմից հանրությանը ներկայացված նման նոր տեխնոլոգիաները կարող են էական դերակատարում ունենալ գործող նախագահի կողմից ավելի շատ ձայներ հավաքելու հարցում, ում 20 տարի իշխանության ղեկին լինելուց հետո տնտեսական ճգնաժամի և հասարակության հոգնածության պատճառով դժվարին պայքար է սպասվում:
Նախորդ ամսվա սկզբին Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցություններ՝ ձախ կենտրոնամետ Ժողովրդական հանրապետական կուսակցության (ԺՀԿ) գլխավորությամբ, ամիսներ շարունակ տևած բանակցություններից հետո Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրեցին որպես Էրդողանի դեմ համատեղ մրցակից։
Սակայն ներկայումս ակնհայտ է, որ ընդդիմությունը ողջ ներուժով պայքարում է միասնությունը պահպանելու համար: Իսկ ահա այս ամենի ֆոնին Քըլըչդարօղլուի նախկին գործընկեր Մուհարեմ Ինջեն, առաջադրվել է սեփական նախաձեռնությամբ: Տարբեր հարցումներ ցույց են տվել, որ Ինջեն կարող է հավաքել հասարակության այն շերտերի ձայների 5-ից 10 տոկոսը, որոնք չեն սիրում և՛ Քըլըչդարօղլուին, և՛ Էրդողանին՝ ինչը կարող է պառակտել ընդդիմությանը։ Ավելին, Ինջեի ժողովրդականությունը կարող է հանգեցնել ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը, քանի որ ոչ Քըլըչդարօղլուն, ոչ էլ Էրդողանը չեն կարողանա հավաքել անհրաժեշտ 50 տոկոսը նախագահական մրցավազքում հաղթելու համար:
Yon Eylem Research-ի կողմից մարտի 27-ից 29-ը անցկացված հարցումը, որին մասնակցել է 2,655 հարցված, ցույց է տվել, որ նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցնեն երկրորդ փուլ: Հարցման համաձայն՝ Քըլըչդարօղլուն կարող է հավաքել ձայների 46,4 տոկոսը, Էրդողանը շուրջ՝ 41,6 տոկոս, իսկ Ինջեն՝ 9,1 տոկոս։ Հետևաբար, յուրաքանչյուր ձայն կարող է վճռական լինել, և նման պարագայում իշխանությունը պատրաստ է գործադրել յուրաքանչյուր լծակ։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) բարձրաստիճան պաշտոնյան Breaking Defense լրատվականին ասել էր, որ պաշտպանական արդյունաբերության արտադրանքը ներկայացնելը ընտրություններում կիրառվող ռազմավարության մի մասն է, որի նպատակն է ներկայացնել Էրդողանի փորձը որպես առաջնորդ, որը կարող է կոնկրետ արդյունքներ ապահովել: «Մենք առաջարկում ենք բաներ, որոնց արդեն հասել ենք, մինչդեռ ընդդիմությունը դեռ փորձում է միավորվել», — Breaking Defence-ին ասել է պաշտոնյան, ում անունը չի նշվում: Հաջորդիվ լրատվականի զրուցակիցը ավելացրել էր. «Մենք կշարունակենք դրանցից ավելին ներկայացնել, քանի որ արդյունաբերությունը նպատակաուղղված է 2023-ին, որպես հոբելյանական տարի, երբ մենք նշում ենք մեր հանրապետության հարյուրամյակը: Ահա թե ինչու շատ արտադրանքներ առաջընթաց ունեն»:
Վերջին ամսվա ընթացքում Էրդողանի կառավարությունը հրապարակայնորեն ներկայացրել է մի շարք նախագծերում արձանագրած առաջընթացը, որոնք ժամանակին անհնարին էին թվում:
Անկարայի հինգերորդ սերնդի TFX կործանիչը հաջողությամբ ավարտել է իր առաջին փորձարկումը, որին հաջորդել է թեթև մարտական և ուսումնական ինքնաթիռ Hurjet-ի հաջող փորձարկումը: Իսկ ահա թուրքական Aerospace Industries (TAI) պետական ընկերությունը հրապարակել է Anka-3 անօդաչու թռչող սարքի առաջին նկարը, որն ունի գաղտնի հնարավորություններ։
Էրդողանի փեսա Սելջուկ Բայրակթարին պատկանող «Baykar» թուրքական պաշտպանական ընկերությունը, որը հայտնի է իր «Bayraktar» հարվածային անօդաչու սարքերով, հայտարարել է նոր «Kizilema» միջին բարձրության թռիչքների համար նախատեսնված ամռային փորձարկումների ավարտի մասին: Սպասվում է նաև, որ ներկա ամսվա վերջին սպասվող TeknoFest ցուցհանդեսի ժամանակ ընկերությունը կներկայացնի իր վերջին ձեռքբերումները:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնադրման օրը ՝ ապրլի 23-ին, այսինքն ընտրություններից 21 օր առաջ Էրդողանը հանրությանը կներկայացնի նաև Altay կոչվող թուրքական արտադրության տանկը: Հայտնի է, որ BMC ընկերությունը, որը տանկի նախագծողն է համարվում պատրաստվում է սերիական արտադրություն սկսել 2025 թվականից:
Այսպիսով կարելի է ասել, որ Թուրքիայի պաշտանական արդյունաբերության ցուցադրումը Էրդողանի կողմից ընտրողներին ներկայացվող ընդհանուր փաթեթի առանցքային մասն է, որը գերտրությունների կողմից ներկայիս սուր աշխարհաքաղաքական մարցակցության պայմաններում հավանաբար կներկայացվի որպես «հզոր ու ծաղկող Թուրքիա, որը հնարավոր է դարձել Էրդողանի գործունեության շնորհիվ»:
Սակայն հասկանալի է, որ Էրդողանի կառավարությունը միայն ռազմատեխնիկական ոլորտում տեխնոլոգիական առաջընթացով չէ, որ փորձելու է գրավել ընտրողների սրտերը: Միանշանակ է, որ նրանք ձգետլու են նաև Թուրքիան ներկայացնել ոպես առաջատար աշխարհաքաղաքական խաղացող և համաթուրանական ընտանիքի առաջնորդ երկիր, ինչին նպաստել է նաև թուրքական ռազմարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացը: Ավելին, այդ առաջընթացը կապվում է նաև 44-օրյա պատերազմում թուրքերի կրտսեր եղբայր Ադրբեջանին հաղթանակի հետ: Եվ դրա մասին բարձրաձայնվում է, նշելով, որ Ադրբեջանի հաղթանակը տեղի է ունեցել Թուրքիայի անթաքույց աջակցության շնորհիվ:
Վերոնշյալի մասին է օրինակ վկայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ապրիլի 10-ին կատարած հայտարարությունները Արցախյան 44 օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած ռազմատեխնիկական աջակցության մասին: «Եթե մենք չհասնեինք այս մակարդակին, եթե Թուրքիան չարտադրեր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), և եթե մենք չբացահայտեինք մեր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, հարձակողական զենքերը և անօդաչու թռչող սարքերը, Ադրբեջանը դժվարությունների կբախվեր Ղարաբաղը օկուպացիայից ազատելու հարցում»,-ասել էր Չավուշօղլուն։
Հատկանշական է, որ Ադրբեջանին աջակցելու և 44-օրյա պատերազմում հաղթելու թեման, ամենայն հավանականությամբ, ակտիվորեն կօգտագործվի Էրդողանի նախընտրական քարոզարշավում։ Այս թեման օգտագործվելու է նաև ընդդիմության դեմ, որն իբր դեմ է եղել Ադրբեջանին տրամադրվող օգնությանը։ Մասնավորապես, Չավուշօղլուն իր նույն ելույթում հայտարարել է, որ Թուրքիայի ներսում որոշ ուժեր ասում են, որ Անկարան օգնել է Ադրբեջանին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ. «Կա՞ն նման կարծիքներ։ Այո՛։ Արդյո՞ք այդ մարդիկ ներկայացված են ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար կազմում։ Այո, ներկայացված են»:
Նշված ելույթի ընթացքում նախարարը նշել է նաև, որ 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը իրենց աջակցությամբ ցուցաբերել է «թուրքական ուժը»: Նա նաև ասել է, որ Թուրքիան արդեն մի երկիր է, որն ինքն է խաղ ստեղծում և կանխում Թուրքիայի դեմ խաղերը. «Մենք ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քաղաքական դերակատար ենք։ Թուրքիան և թուրք ազգը միշտ եղել են նրանց հետ, ովքեր դժվարությունների մեջ են հայտնվել և օգնության կարիք են ունեցել։ Նրանք, ում շնորհակալություն ենք հայտնում իրենց աջակցության համար, նույնն են ասում։ Ասում են, որ Թուրքիան միշտ գալու է, իսկ հիմա մենք եկել ենք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցող երկրներին»:
