ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովին մեղադրել է ապրիլի 2-ին ռազմական բլոգեր Վլադլեն Թատարսկու սպանության մեջ։ Ծառայության տվյալներով՝ ձերբակալված Դարիա Տրեպովան, ով պայթուցիկով կիսանդրին է հանձնել Թաթարսկուն, օգնել է Դենիսովին Ալեքսեյ Նավալնիի «Հակակոռուպցիոն հիմնադրամի» ղեկավարներ Իվան Ժդանովի և Լեոնիդ Վոլկովի «դիվերսիոն գործունեության» կոչերի պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչությանը։
Ըստ ԱԴԾ-ի՝ փետրվարին Դենիսովը Ուկրաինայից Լատվիայով եկել է Ռուսաստան և սկսել է տեղեկություններ հավաքել Թաթարսկու մասին։ Դրա համար նա անգամ մեքենա է գնել և բնակարան վարձել Տատարսկու բնակության վայրի մոտ։ Դենիսովը միջնորդների միջոցով Դարիա Տրեպովային է հանձնել պայթուցիկով լցոնված կիսանդրի արձանիկ։ Այնուհետև, Դենիսովը Հայաստանով թռել է Թուրքիա։
«Դարիա Տրեպովան Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է իրականացրել՝ «Հակակոռուպցիոն հիմնադրամի» ղեկավարներ Վոլկովի և Ժդանովի բազմիցս դիվերսիոն գործողություններին մասնակցելու կոչերի արդյունքում»,- նշվում է ԱԴԾ-ի վարկածում:

Նշենք, որ դեռ ապրիլի 7-ին «112» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Տրեպովային պայթուցիկով կիսանդրին հանձնել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դ.-ն։ Նա, ըստ գրառման հեղինակների, ապրիլի 3-ի երեկոյան Դոմոդեդովոյից թռել է Երևան, այնտեղից էլ՝ Թուրքիա։
Այսօր ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ուկրաինական անձնագրով տղամարդը օդանավակայանում անցնում անձնագրային անցակետը։

Արտաքնապես նա նման է այն մարդուն, ով պատկերված է Յուրի Դենիսով անունով ուկրաինացու վարորդական իրավունքի վկայականում։ ԱԴԾ-ն տեղադրել է նաև փաստաթղթի նկարը, որի համաձայն՝ տղամարդը ծնվել է 1987 թվականին Դոնեցկի մարզում։
Ըստ ռուսամետ Readovka տելեգրամյան ալիքի, Դենիսովը վերջերս ապրել է Մարիուպոլում, որը հիմնովին ավերվեց անցյալ տարի ռուսական բանակի կողմից և որտեղ զոհվեցին հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։ Մարիուպոլում էր ապրում նաև Դարիա Դուգինայի սպանության մեջ կասկածվող Նատալյա Վովկը։
Վլադլեն Տատարսկին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների և ուկրաինացի խաղաղ բնակիչների սպանության ակտիվ կողմնակիցներից էր։ Նրա ամենահայտնի ելույթներից մեկը Կրեմլում էր՝ Դաշնային ժողովին ուղղբած Պուտինի ուղերձից հետո։ Թաթարսկին տեսախցիկի առաջ՝ ոգեշնչված Պուտինի ելույթից ասել էր. «Մենք կհաղթենք բոլորին, կսպանենք բոլորին, կթալանենք բոլորին, ում պետք է։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք սիրում ենք» («Всех победим, всех убьем, всех, кого надо, ограбим. Всё будет, как мы любим»):https://www.youtube.com/embed/KVTxoFLYI5A?feature=oembed
Տատարսկին նախկինում մասնակցել էր Դոնբասում ընթացող ռազմական գործողություններին՝ ռուսամետ ուժերի կազմում։ Ուկրաինական լրատվամիջոցները նրան անվանում են Կրեմլի քարոզիչ։
Տատարսկին զոհվեց ապրիլի 2-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող և «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Պրիգոժինին պատկանող սրճարանում հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունից։ Մինչ պայթյունը նա նվեր էր ստացել մի կիսանդրի, որի ներսում, փաստացի, ռումբ էր եղել։ Հաջորդ օրը Ռուսաստանի իրավապահները ձերբակալեցին արձանիկը հանձնելու մեջ կասկածվող պետերբուրգցի Դարիա Տրեպովային։ Դատարանը ձերբակալել է աղջկան, նա մեղադրվում է ահաբեկչության մեջ։
