ԱՄՆ պետդեպը և ֆինանսների դեպարտամենտը պատժամիջոցներ են սահմանել ավելի քան 120 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ շուրջ 20 երկրներում և իրավասություններում՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա ներխուժման հետ: Այս մասին նշվում է ապրիլի 12-ին Պետդեպարտամանետի և Ֆինանսների դեպարտամենտի տարածած հաղորդագրութայնունների մեջ:
ԱՄՆ նոր պատժամիջոցները ներառում են նաև այն անձանց, ովքեր աջակցում են սահմանված պատժամիջոցները շրջանցելուն:
«Ուկրաինա Ռուսաստանի չհրահրված ներխուժումից ավելի քան մեկ տարի անց, մեր գլոբալ և համակարգված պատժամիջոցների հետևանքները Ռուսաստանի Դաշնությանը ստիպել են փնտրել այլընտրանքային ուղիներ՝ սեփական ռազմական մեքենան ֆինանսավորելու և վերալիցքավորելու համար»,-ասվում է հայտարարության տեքստում:
Պետդեպարտամենտը ընդգծում է, որ Վաշինգտոնը պատժամիջոցները շրջանցողների ցանցը թիրախավորելու հարցում իր գործունեությունը համակարգում է Մեծ Բրիտանայի հետ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման ցանցը մեծ աջակցություն է ցույց տալիս Ռուսաստանի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին, ում նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել դեռևս նախորդ տարի:
Ուսմանովի հետ կապված ցանցից զատ Վաշինգտոնը նաև թիրախավորում է USM Holding ընկերությունը, որի միջոցով ռուս միլիարդատերը տիրապետում և վերահսկում է իր ձեռնարկությունների մեծ մասը:
Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները տարածվում են նաև Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմի» հետ կապ ունեցող որոշ անձանց նկատմամբ:
«Ռուսաստանն օգտագործում է էներգոռեսուրսների արտահանումը, այդ թվում և միջուկային ոլորտում՝ ողջ աշխարհով սեփական հաճախորդների վրա քաղաքական և տնտեսական ճնշում գործադրելու համար»,-ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ է սահմանվում նաև երկու ռուսական կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու Ռուսաստանի ջանքերին՝ դպրոցականների միլիտարիզացման և գաղափարական վերադաստիարակաման միջոցով: Խոսքը այս դեպքում վերաբերվում է «Համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական հասարակական շարժմում հանդիսացող «Երիտասարդական բանակին» և «Ղրիմի Հանրապետության լրացուցիչ ուսուցման պետական բյուջետային ուսումնական հաստատություն Ղրիմի հայրենասիրական կենտրոնին»:
Բացի վերոնշյալից նոր պատժամիջոցները ներառում են նաև Ռուսաստանի տնտեսության պաշտպանական ոլորտում գործող մի քանի կազմակերպություններ և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցող որոշ կազմակերպություններին, այդ թվում՝ ռուսական նոր մասնավոր ռազմական ընկերությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) տարածքում գործող ընկերությանը, որը մասնավոր ռազմական «Վագներ» կազմակերպության հետ կապ ունեցող կազմակերպություններին տրամադրել է ուկրաինական հակամարտության գոտու արբանյակային լուսանկարները:
«Միացյալ Նահանգները կշարունակի գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի և Ուկրաինայում նրա պատերազմին աջակցողների դեմ՝ ներառյալ ծանր հետևանքներ ստեղծելու G7-ի (Մեծ յոթնյակի երկրների) պարտավորությունների հետագա իրականացումը երրորդ երկրների այն դերակատարների համար, որոնք աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ նախօրեին՝ ապրիլի 13-ին էլ, պատժամիջոցների նոր փաթեթի մասին էր հայտարարել նաև Եվրոպական միությունը, որի մեջ կրկին ներառվել էր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը և Դաշնային լրատվական գործակալություն «РИА ФАН»-ը:
Ինչպես նշվում է «ԵՄ պետական ամսագրում», պատժամիջոցների ցանկում ընդգրկված երկու կառույցները պատասխանատու են այնպիսի գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Նշվում է, որ «Վագներ» ՄՌԿ-ն, որը հիմնադրվել է Կրեմլին մոտ գտնվող գործարար Եվգենի Պրիգոժինի կողմից, ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեջ և ներգրավվել է այս տարվա սկզբին Ուկրաինայի Սոլեդար և Բախմուտ քաղաքների վրա հարձակումների մեջ:
«РИА ФАН»-ն էլ պատժամիջոցների տակ է հայտնվել այն պատճառով, որ այն մտնում է «Патриот» մեդիա խմբի մեջ, որի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Պրիգոժինը: ԵՄ պետական ամսագրի համաձայն «РИА ФАН»-ը ներգրավված է Ուկրաինայում ռուսական պատերազմի վերաբերյալ քարոզչության և ապատեղեկատվության մեջ, ինչպես նաև ներկայացնում է «Վագներ» ՄՌԿ-ի գործողությունները:
Նշենք, որ ապրիլի 10-11-ին Հայաստանում էր գտնվում ԱՄՆ առևտրի և գանձապետական դեպարտամենտների համատեղ պատվիրակությունը՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Քենդլերի գլխավորությամբ։ ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում փոխքարտուղար Քենդլերը և դեսպան Քվինը գնահատելի համարեցին ԱՄՆ պատժամիջոցների շարունակական ապահովման հարցում Հայաստանի հանձնառությունը։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը տարածել է տեղեկություն այն 28 օտարերկրյա ընկերությունների մասին, որոնք մեղադրվում են ռուսաստանյան պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն տալու մեջ (ոչ միայն ռուսական, այլև իրանական պատժամիջոցները ևս):
Դրանք 10 երկիր ներկայացնող ընկերություններ են՝ իսպանական, սիրիական և մալթայական ընկերությունները մեղադրվում են Իրանին աջակցելու մեջ, իսկ չինական, թուրքական, էմիրաթական, ուզբեկական և հայկական ընկերությունները մեղադրվում են Ռուսաստանին աջակցելու մեջ:
Հայկականը «Տակո» ՍՊԸ-ն է, որը գրանցված է Երևան, Գ. Նժդեհ փ. 17 շենք հասցեով: Մեղադրվում է նրանում, որ ռուսական ընկերություններին մատակարարում էր ապրանքներ, որոնք պատժամիջոցների ենթակա ցանկում էին, և ըստ էության, ընկերությունը գիտակցաբար էր դա անում:
Հայկական «Տակո» ընկերությունը» ռուսաստանյան «Ռադիոավտոմատիկա» ընկերության գործընկերն է, իսկ ռուսական այս ընկերությունը արտադրում է հատուկ սարքավորումներ՝ արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների համար, այդ թվում՝ ռազմական ոլորտի, տիեզերագնացության և ավիացիայի ոլորտի:
Իսկ ահա արդեն այս տարվա մարտին Միացյալ Նահանգների կառավարությունը հորդորել է ընկերություններին խոստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինա Մոսկվայի ներխուժումից հետո: Նահանգներն զգուշացնում է, որ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել հնարավոր հետապնդումների, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները նշել են, որ որոշ «դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով խուսափել արտահանման վերահսկողությունից», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ:
Հրապարակված ուղեցույցում նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք «օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքները անօրինական կերպով հասցնելու համար»: Ամերիկյան պետական գերատեսչությունները ներկայացրել էին նշված պետությունների կողմից կիրառվող հնարքները՝ դրանք ոչ միայն ծառայում են որպես տարանցման երկիր, այլև փոփոխում են որոշ ապրանքների մասեր, ծագման երկրի մասին տվյալներն ու նոր փաթեթավորմամբ ուղարկում Ռուսաստան։
ԱՄՆ-ը շեշտել էր, որ ձեռնարկատերերը պետք է տեղյակ լինեն Ռուսաստանի դեմ սահմանափակումներն ու պատժամիջոցները չեղարկելու համար կիրառվող մարտավարությունների մասին, և կոչ է արել պատասխանատու գտնվել՝ իրականացնելով համապատասխան խիստ հսկողություն:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանը չի հիշատակվում այն երկրների ցանկում, որոնք աջակցում են հակառուսական պատժամիջոցների շրջանցմանը, չնայած Մոսկվայի և Բաքվի միջև սրետ տնտեսական համագործակցությանը: Ավելին, ըստ համատարած պնդումների, Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազի ծավալները ներառում են նաև ռուսական գազը:
