12.1 C
Yerevan
15 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման հեղինակավոր ինստիտուտը Ադրբեջանից պահանջում է կատարել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը
Այլ Լուրեր

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման հեղինակավոր ինստիտուտը Ադրբեջանից պահանջում է կատարել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը

«Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը» վրդովված է Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Ադրբեջանին ապահովել պարտավորեցնող 2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի  ընդունած ժամանակավոր միջոցների վերաբերյալ վճռի նկատմամաբ Ադրբեջանի ցուցաբերած արհամարհանքից: Այս մասին ասվում է ինստիտուտի պաշտոնական կայքէջում հրապարակաված հայտարարության տեքստում:

Հայտարարության համաձայն Ադրբեջանը չի կատարում փետրվարի 23-ի վճիռը, չնայած այն հանգամանքին, որ ընդունել է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային դատարանի 2021 թվականի գործով իրավասությունը և համարվում է 1996 թվականի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի մասնակից կողմ:

«Լեմկինի ինստիտուտը հավասարապես մտահոգված է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կենսունակ մեխանիզմներով կիրառելու հարցում միջազգային հանրության կողմից աջակցության բացակայությամբ»,-ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ և ավելացվում. «Միջազգային իրավունքի կամավոր բնույթն այն դարձնում է անգործունակ, երբ պետությունը որոշում է չկատարել միջազգային տրիբունալների որոշումները»:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Լեմկինի ինստիտուտը վճռականորեն հանդես է գալիս այդ որոշումների իրականացման համար ավելի ուժեղ մեխանիզմների օգտին և կարծում է, որ դա բխում է բոլոր պետությունների շահերից»:

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային  դատարանը որոշում էր ընդունել, որում ասվում էր, որ Ադրբեջանը «ձեռնարկելու է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը ապահովելու համար»:

Լեմկինի ինստիտուտի հայտարարության տեքստում նշվում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարել Միջազգային դատարանի վերոնշյալ վճիռը, այլ նաև արհամարհելով 2021 թվականի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին վճիռը նոր ռազմական ագրեսիաների է դիմում:

Լեմկինի ինստիտուտը կրկնում է, որ Միջազգային դատարանի  վճիռները տվյալ գործով պարտադիր են կողմերի համար, ինչը նշանակում է, որ Միջազգային դատարանի ցանկացած վճիռ՝ վերաբերվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործին պարտադիր նշանակություն ունի կողմերից յուրաքանչյուրի համար:

«Սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պետք է կատարեն Միջազգային դատարանի հրամանները՝ հաշվի առնելով պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնց երկու կողմերը միացել են միջազգային իրավունքի համաձայն: Այսպիսով, Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի ժամանակավոր միջոցները չկատարելը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և Ադրբեջանի միջազգային պարտավորությունների բացահայտ արհամարհանք»,-ասվում է հայտարարության մեջ։

Ինստիտուտի գնահատմամբ Միջազգային դատարանի որոշումից հետո միջազգային հանրության կողմից շատ քիչ ջանքեր են գործադրվում Ադրբեջանին մեկ ամսվա ընթացքում շրջափակումը վերացնել ստիպելու հարցում։

Լեմկինի ինսիտուտը կարծում է, որ շրջափակման վերաբերյալ կարևոր հայտարարություններ նախորդ ամիս կատարել էր ՆԱՏՕ-ի նախորդ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով իր անհանգստությունն էր արտահայտել շարունակվող շրջափակման կապակցությամբ և նախազգուշացրել «մարդասիրական աղետի» մասին, այնուամենայնիվ որևէ հստակ բան չէր առաջարկել: Նույնը, ինսիտուտի գնահատմամբ վերաբերվում է նաև Լաչինի միջանցքի մոնիտորինգի համար պատասխանատու ԵՄ միջազգային առաքելությանը, (որի դեմ բողոքներ է հնչեցրել Ադրբեջանը), որը արդեն ապացուցել է, որ անկարող է արդյունավետ կերպով փոխել իրավիճակը. ԵՄ առաքելությունը մինչ այժմ միայն հայտարարություններ է հրապարակել՝ նշելով, որ իրենք իրենց եզրակացությունները կզեկուցեն Բրյուսել։

Ավելին, ինսիտուտը իր հայտարարության տեքստում բացասական գնահատական հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գործունեությանը այն անվանում է «խնդրի երկու կողմերի կողմից խաղալու ամոթալի ջանքեր»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապը ապահովող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել էր իրենց որպես էկոակտիվիստներ ներկայացնող մի խումբ ադրբեջանցիների կողմից, ովքեր իբր իրենց բողոքն են ներկայացնում Արցախում օգտակար հանածոների հանքերը չարաշահելու դեմ: Իրականում շրջափակմանը մասնակցող անձանցից շատերը կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ, ինչը նշանակում է, որ Լաչինի միջանցքի փակումը քաղաքական նպատակներ է հետապնդում և նախապես ծրագրված է եղել:

«Լեմկինի ինստիտուտը ցանկանում է միջազգային գործիչների  ուշադրությունը հրավիրել ապագա գործերի համար սպասվող այն հետևանքների վրա, որոնց կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից միջազգային տրիբունալի պահանջների արհամարհումը: Ցանկացած պետություն, որը չի ենթարկվում Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին կամ որևէ այլ միջազգային դատական մարմնի կողմից սահմանված որոշմանը, որին երկրները փոխանցել են իրենց հակամարտությունները, խարխլում և վնասում է միջազգային հանրության նպատակներին ու հիմնական սկզբունքներին: Եթե Ադրբեջանը հաջողությամբ խուսափի Միջազգային դատարանի վճիռները չկատարելուց, դա սարսափելի նախադեպ կստեղծի և միջազգային մարմիններին անօգուտ կդարձնի հետագա գործընթացներում: Ավելին, Ադրբեջանի խախտումների անտեսումը միայն ավելի մեծ բռնությունների կհանգեցնի։ Միջազգային հանրությունը կարող է կորցնել վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ, եթե շարունակի աչք փակել Ադրբեջանի կողմից իր պարտականությունները չկատարելու վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Տեքստի եզրափակիչ մասում ինստիտուտը միջազգային հանրությունից պահանջում է ձեռնարկել բովանդակալից գործողություններ՝ Ադրբեջանին իր ստանձնած պարտականությունները իրագործելու համար՝ և՛ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի ժամանակավոր միջոցների, և՛ 2023 թվականի փետրվարի 22-ի Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու մասին Միջազգային դատարանի որոշումները։

Ինսիտուտը որպես մեխանիզմ առաջարկում է, որպեսզի Ադրբեջանի  նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն «իր հանցավոր գործողությունների համար», որպեսզի «միջազգային հանրությունը հարգանք դրսևորի այն սկզբունքների նկատմամբ, որոնք որդեգրել է՝ վերջ դնելու վայրագություններին և անվերջ պատերազմներին ամբողջ աշխարհում»:

Բեռնում.....