16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Ռուսական հատուկ նշանակության ուժերում կորուստները հասել են 90-95%-ի, իսկ Ուկրաինան պնդում է, որ հակահարձակումը լինելու է՝ չնայած ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքին
Այլ Լուրեր

Ռուսական հատուկ նշանակության ուժերում կորուստները հասել են 90-95%-ի, իսկ Ուկրաինան պնդում է, որ հակահարձակումը լինելու է՝ չնայած ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքին

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ ռուսական հատուկ նշանակության ուժերի երեք բրիգադներ Ուկրաինայի հետ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ սպանվածների և վիրավորների տեսքով կորցրել են իրենց անձնակազմի մինչև 90-95%-ը։ Այս մասին հայտնի է դարձել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերից, որոնք վերջերս հայտնվել էին համացանցում։

Ամերիկյան հետախուզության զեկույցում նշվում է նաև, որ, ըստ գաղտնալսումների, միայն ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) հատուկ նշանակության ուժերի 346-րդ բրիգադում 900 մարդուց միայն 125-ն է մնացել շարքում։

Փաստաթղթերում խոսվում է ռազմական տեխնիկայի մեծ կորուստների մասին։ Ամերիկյան հետախուզությունը, ուսումնասիրելով արբանյակային պատկերները, եկել է այն եզրակացության, որ ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության 22-րդ հատուկ նշանակության բրիգադը պատերազմի սկզբից կորցրել է Тигр տեսակի զրահապատ մեքենաների մոտ կեսը։

Իր հերթին, The Washington Post-ը նշում է, որ էլիտար զորքերի շրջանում մեծ կորուստները կարող են պայմանավորված լինել նրանով, որ բարդ գործողությունների համար նախատեսված ստորաբաժանումները օգտագործվել են մարտական ուղիղ ​​բախումների ժամանակ՝ հետևակը ուժեղացնելու համար։ ԱՄՆ հետախուզության զեկույցում ասվում է, որ Ռուսաստանին կարող են տարիներ պահանջել այդ կորուստները լրացնելու համար:

Ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումների շրջանում մեծ կորուստները հաստատել են նաև «Медиазона» կայքը և BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրանց խոսքով՝ պատերազմի առաջին վեց ամիսներին ամենամեծ կորուստները կրել են հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ռազմական գործողությունների ողջ ընթացքում լրագրողները կարողացել են պարզել 438 զոհված հատուկջոկատայինների անունները։

Ռուսական ուժերի ահռելի կորուստների ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ամերիկյան հետախուզության և Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը չի ազդի ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունների վրա։

«Եթե կա խնդիր, այն կլուծվի։ Եթե ​​խնդիրներ չկան, ապա ավելի լավ: Դա չի կարող ազդել հարձակողական գործողությունների իրական արդյունքների վրա»,- ասել է Բուդանովը։

Նրա խոսքով՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը չի ազդի Ուկրաինայի եւ նրա դաշնակիցների հարաբերությունների վրա։ Նույն հարցազրույցում Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ կողմն է, որ շահել է գաղտնի փաստաթղթերի այդ արտահոսքից։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում համացանցում հրապարակվել են ԱՄՆ հետախուզության և պաշտպանության նախարարության մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր, որոնցում, ի թիվս այլ հարցերի, խոսվում է Ուկրաինայի և Ռուսաստանի զորքերի իրական վիճակի մասին։ Ապրիլի 13-ին ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ ազգային գվարդիայի օդուժի 21-ամյա աշխատակից Ջեք Թեյշեյրային, ով կասկածվում է փաստաթղթերի արտահոսքի մեջ։ Ձերբակալվածի ընկերները պատմել են, որ նա գաղտնի փաստաթղթեր է տարածել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից, այսինքն՝ մի ամբողջ տարի։

Փաստաթղթերի արտահոսքից հետո հաղորդվում էր, որ Ուկրաինան հետաձգել է գարնանը նախատեսված հակահարձակումը եղանակային պայմանների, սարքավորումների դանդաղ մատակարարման, զինամթերքի պակասի, ինչպես նաև փաստաթղթերի արտահոսքի պատճառով: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը մինչ այդ հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումը կարող է սկսվել ամռանը։

Բեռնում.....